Սեյրան Օհանյանը հեռանում է Ղարաբաղից

04/05/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ապրիլի 2-ի մամուլի ասուլիսում ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ՀՀ Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու առաջարկություն է ստացել, եւ արդեն տվել է իր համաձայնությունը:

Նա նշել է, որ այդ պաշտոնը նույնպես շատ պատասխանատու պաշտոն է, եւ նրա «խնդիրը կլինի ողջ հայ ժողովրդի անվտանգության պաշտպանությունը»: Այն հարցին, թե նախարարը ո՞ւմ է տեսնում իր պաշտոնում, նա պատասխանեց, որ քննարկումներ են ընթանում: «Կարող եմ ասել, որ փորձառու եւ համապատասխան կրթություն ունեցող արժանի գեներալներ ունենք, որոնք կարող են զբաղեցնել այդ պաշտոնը»,- ասել է Ս. Օհանյանը:

Պաշտպանության նախարարը խոսել է նաեւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող վիճակի մասին, նշելով, որ հրադադարից հետո պարբերաբար խախտումները կրակոցների տեսքով են լինում: Անդրադառնալով վերջին շրջանի խախտումներին, նա փաստեց, որ շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական կողմի դիպուկահարների գործողությունների արդյունքում ղարաբաղյան կողմը երկու սպայի կորուստ է ունեցել: «Բայց դա չի նշանակում, որ մենք հակառակորդից հետ ենք մնում: Շփման գծում մենք ներկայումս պարտադրողի դերում ենք»,- ասել է Ս. Օհանյանը:

Լրագրողների խնդրանքով նախարարը խոսել է նաեւ վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցում կատարված փոփոխությունների մասին, ըստ որոնց, Ղարաբաղը եւ հարակից տարածքները օկուպացված են Հայաստանի կողմից: Այս առնչությամբ նախարարը պատասխանել է, որ այդ հորինվածքները բխում են Ղարաբաղի դե յուրե չճանաչված լինելուց: Ս. Օհանյանի կարծիքով, դրանք «մեր պապական ազատագրված հողերն են, որտեղ ռազմական գործողությունների ժամանակ անվտանգության գոտի է ստեղծվել»:

Նախարարը, որը նաեւ մայիսի 9-ի տոնակատարությունների կառավարական հանձնաժողովի նախագահն է, տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Եռատոնին նվիրված զորահանդես է անցկացվելու Ստեփանակերտում, որը իր մասշտաբով կգերազանցի նախորդին, որն անց է կացվել ուղիղ 10 տարի առաջ: «Զորահանդեսի անցկացման համար ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումները»,- հայտարարել է նա եւ հավելել, որ զորահանդեսն էլ է պատրաստականության յուրօրինակ ցուցադրում:

Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ են անցկացվելու ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ բոլոր շրջկենտրոններում. մայիսի 6-ին տեղի կունենա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը, մայիսի 8-ին ԼՂՀ ԱԺ Նիստերի դահլիճում տեղի կունենա պարգեւատրման արարողություն, իսկ երեկոյան Ստեփանակերտի կայազորի Սպայի տանը տեղի կունենա հանդիսավոր ժողով, որից հետո՝ տոնական համերգ եւ ֆիլմի ցուցադրում։ Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա զորահանդես։ Այնուհետեւ երեկոյան 20-23-ը կկազմակերպվի տոնական համերգ։ Տոնական միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ ցերեկային ժամերին: Բացի այդ, «Շուշի. վերածնունդ» հիմնադրամի կողմից Շուշի քաղաքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ. մայիսի 7-ին Շուշիում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. տեղի կունենա փառատոնի եւ քաղաքային կինոթատրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Մայիսի 9-ին կկայանա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Մայիսի 7-10 Շուշիում մեծ թվով երիտասարդներ կհավաքվեն` Հայաստանից եւ Արցախից, որոնք հանդես կգան ոչ միայն շախմատի, նկարչության եւ քանդակագործության մրցույթներում, այլեւ կմասնակցեն «Հարսանիք` լեռներում» օպերացիային: Օպերացիան Շուշիի ազատագրումից ուղիղ 15 տարի անց արշավի տեսքով կիրականացնեն ծրագրին մասնակից երիտասարդները, որոնք ոտքով Շուշի կբարձրանան բոլոր այն ուղղություններով, որտեղով 15 տարի առաջ անցել են մեր զինվորները` ազատագրելով Շուշին: Ծրագիրը նախաձեռնում է Հայաստանում գործող Համահայկական երիտասարդական հիմնադրամը: Միջոցառմանը Հայաստանից կմասնակցեն թվով 60, իսկ Ղարաբաղից` շուրջ 100 երիտասարդներ, որոնք Շուշին «ազատագրելուց» հետո հանդիպումներ կունենան նաեւ պաշտոնատար անձանց, գոյամարտի մասնակիցների հետ: