Սեւ ու սպիտակ, թարս ու շիտակ

04/05/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վիճակագրական` հատկապես պետական վիճակագրական, տվյալների հրապարակման հարցում արդեն վաղուց դարձել ենք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը: Պետական բոլոր կառույցները, որպես կանոն, հրապարակում են գործունեության մասին օրենքով պարտադրված հաշվետվությունները: Բոլոր այդ հրապարակումները հիշեցնում են «երկու լուր ունեմ, մեկը՝ լավը, մյուսը՝ վատը» նախադասությամբ սկսվող անեկդոտները: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերջին հրապարակումն էլ այս շարքից էր: Պաշտոնապես հրապարակվել են 2007թ. առաջին եռամսյակի եկամուտներն ու ծախսերը: Վերջին տարիների նման այս անգամ էլ կառավարությանը հաջողվել է նախատեսվածից ավելի եկամուտ ապահովել: Եկամուտների աճը նորից երկնիշ է` մոտ 35 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Բյուջե է մուտքագրվել մոտ 111 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ եկամտահարկի գծով 858 մլն դրամ ավելի է հավաքվել: Եկամտահարկի բաժինը հարկային եկամուտներում կազմել է 9,4 տոկոս: Եկամտահարկի աճը տնտեսության միանշանակ դրական բնութագիր է: Սա լավ լուրի մասն էր:

Հիմա սկսենք վատ լուրի հատվածը: Հարկային եկամուտների հիմնական հատվածն ապահովվում է ոչ ուղղակի հարկատեսակների միջոցով: Դրանցից առաջինն ու հիմնականը շարունակում է մնալ Ավելացված արժեքի հարկը: ԱԱՀ-ն ապահովում է մուտքերի մոտ կեսը: Սովորաբար հարկահավաքման թույլ համակարգ ունեցող երկրներն են նման ցուցանիշ ունենում: Մեկ տարվա կտրվածքով ԱԱՀ-ի աճը սարսափեցնելու չափ ազդեցիկ է` մոտ 40 տոկոս: Մյուս անուղղակի` ակցիզային հարկի հետ կատարվածը միանշանակ դրական կամ բացասական չես համարի: Նախորդ տարվա համեմատ ակցիզային հարկի մուտքերը կրճատվել են 6 տոկոսով: Հետեւաբար՝ հարկային մուտքերի մեջ այս հարկատեսակի կշիռը շարունակում է նվազել: Մի կողմից՝ սա կարելի է մատուցել որպես դրական փաստ: Իբր երկրում տնտեսությունը, հարկային օրենսդրությունն ու վարչարարությունն այնքան են առաջադիմել, որ կրճատվում են անուղղակի հարկերը: Բայց անգամ իշխանությունները չեն գնում նման վարդագույն բացատրության: Պաշտոնական մեկնաբանությունը պրոզայիկ է` այն «հիմնականում պայմանավորված է ներքին արտադրության ալկոհոլային խմիչքների իրացումից մուտքերի նվազմամբ, ինչպես նաեւ ծխախոտի ներմուծման եւ արտադրության ծավալների անկմամբ»: Այս տխուր մեկնաբանության հետ կարելի է համաձայնել: Տեղ-տեղ համաձայնել: Տեղական արտադրության ալկոհոլը (հիմնականում՝ օղին) որակով շատ ավելի է զիջում ներմուծվող ուկրաինականին, բելոռուսականին, ռուսականին, քան գնով: Հետեւաբար ավելի ու ավելի քիչ է սպառվում: Բայց պաշտոնական հաջորդ պնդման հետ դժվար է համաձայնել: Նախ, իսկապես հնարավոր է, որ տեղական ծխախոտի արտադրության ծավալները կրճատվել են: Ըստ հարկային ծառայությունների հրապարակումների՝ ծխախոտի արտադրությունն այս տարի ավելի քիչ հարկեր է մուծել, քան նախորդ տարի: Բայց նշվում է, որ կրճատվել է նաեւ ներմուծումը: Այս փաստը դժվար թե ոգեւորի հակածխախոտային օրենսդրության առաջամարտիկին` ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանին: Ցավոք, ծխելու դեմ ձեռնարկվող միջոցառումներն այդքան նկատելի արդյունք չէին կարող ապահովել: Տեղական ու ներմուծվող ծխախոտի իրացման ծավալների կրճատումը տրամաբանական երկու պատճառ կարող է ունենալ: Կամ` արտագաղթի հերթական ալիքով պակասել է ծխողների թիվը: Կամ` այս ոլորտում մեծացել է չհարկվող` ստվերային հատվածը: Հասկանալի է, որ իշխանությունները երկու բացատրության հետ էլ չեն համաձայնի: Նրանք կգերադասեն խոսել երկնիշ աճ ապահովող հերթական ոլորտի մասին: Օրինակ, որ բնօգտագործման ու բնապահպանական վճարները նախորդ տարվա համեմատ «աճել են 10,5 տոկոսով, կամ 247,5 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է բնապահպանական վճարների աճով»: Այս երկնիշ աճն առանց չափազանցության կարելի է «համեստ» որակել: Իսկապես դժվար է այն համատեղել պաշտոնական վիճակագրության շատ տվյալների հետ: Երկրում, ուր շինարարությունը վերջին տարիներին ամենաքիչը 40 տոկոսանոց աճ է գրանցում, բնօգտագործման հարկերն այնքան դանդաղ են աճում, որ բոլորի համար ակնհայտ է դառնում ստվերային տնտեսության ծավալներն այս ոլորտում: Ակնհայտ՝ բոլորի, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքարող հայրենի իշխանությունների համար: Ծախսերի հատվածը Ֆիննախարարության հաշվետվության մեջ ավելի փոքր ծավալ է զբաղեցնում: Այստեղ արձանագրված է երկու հիմնական փաստ: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 16,4 տոկոսով, որը կազմում է ավելի քան 13,1 մլրդ դրամ»: Հաջորդ փաստն ավելի հետաքրքիր է: Եկամուտների գծով առաջին եռամսյակի ծրագիրը կատարվել է 107,5 տոկոսով: Փաստորեն, մեր կառավարությունը մեր տնտեսությունից ավելի համեստ է եւ միանիշ` 7 ու կես տոկոսանոց աճ է արձանագրում: Փոխարենը՝ ծախսերի գծով երկնիշ` 21,4 տոկոսանոց թերակատարում է արձանագրում: Այս փաստն էլ միանշանակ դրական կամ բացասական չես համարի: Վերջին տարիներին կառավարությունը բյուջետային պարտքեր չի կուտակում: Այսինքն՝ պետությունը աշխատավարձերը, թոշակ-նպաստներն ու մյուս վճարումները ժանմանակին է կատարում: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ թերակատարումը չվճարումների պատճառով չէ: Հետեւաբար՝ նախընտրական այս փուլում կարելի է եզրակացնել, որ կառավարությունը բյուջետային միջոցների արտահերթ կամ ավանսային վճարումների միջոցով պոպուլիզմի չգնաց: Այսինքն՝ պետբյուջեն նախընտրական թոհուբոհի մեջ չներքաշվեց: Ուստի ինձ թույլ կտամ կրկնել պետական վիճակագրական հրապարակումների մասին ասածս` բոլոր այդ հրապարակումները հիշեցնում են «երկու լուր ունեմ, մեկը՝ լավը, մյուսը՝ վատը» նախադասությամբ սկսվող անեկդոտները: