Թեպետ 2006թ. մայիսի 3-ին «Արմավիայի» «A-320» օդանավի վթարի պաշտոնական մեղավորները համարվեցին օդաչուները, սակայն հասարակությունը եւ հատկապես օդաչուների հարազատները մինչեւ հիմա էլ հակված չեն դրան հավատալ:
Վթարից անմիջապես հետո՝ առաջին իսկ ժամերից էլ շրջանառվում էին տարբեր վարկածներ, թե իրականում մեղավորը եղել է Ադլերի օդանավակայանի դիսպետչերն իր սխալ հրահանգներով, կամ ինքնաթիռը երկրորդ շրջապտույտի գնալու համար բավարար քանակությամբ վառելիք չի ունեցել, անսարքություն է ունեցել: Շրջանառվում էր նաեւ դրսից կամ ներսից պայթեցնելու վարկածները: Կարծիք կար, թե այդ օդանավում էին Ռուսաստանի հանցաշխարհի մի քանի հեղինակություններն: Նրանց միջեւ վիճաբանություն է ծագել, որը հետո վերածվել է փոխհրաձգության: Իսկ վթարի պատճառներն ուսումնասիրող Ավիացիոն միջպետական կոմիտեն ուսումնասիրության առաջին իսկ օրերից ընդունեց այն դիրքորոշումը, թե օդանավի վթարի մեղավորները օդաչուներն են: Եվ այս տարի մարտի 8-ին հրապարակած վերջնական եզրակացության մեջ ԱՄԿ-ն արձանագրել էր, թե ինքնաթիռն ընկել է օդաչուների «ոչ կոորդինացված գործողությունների» պատճառով:
Հայաստանի Քաղաքացիական ավիացիան անցյալ տարի աշնանն իր դիտողություններն էր ներկայացրել ԱՄԿ-ին, սակայն վերջինս դա ընդամենը կցել էր իր ուսումնասիրությունների փաթեթին եւ լուրջ չէր ընդունել: Քաղավիացիան սահմանափակվել է դրանով եւ չի պատրաստվում այլ անհամաձայնություն արտահայտել: Իսկ «Արմավիան» թերեւս այսօր կամ վաղն ինչ-որ հայտարարություն կանի: Ճիշտ է, վթարի համար ԱՄԿ-ն մեղադրել է օդաչուներին, սակայն դրանով անուղղակի կերպով մեղադրել է նաեւ «Արմավիային», չէ՞ որ օդաչուներն այդ ընկերությունում էին աշխատում: Եթե նրանք սխալ են գործել, ուրեմն հմուտ չեն եղել: Ուրեմն «Արմավիան» անլուրջ եւ ցածր սպասարկում առաջարկող ընկերություն է, որի ծառայություններից պետք չէ օգտվել:
Օդաչուների սխալ գործողությունների վարկածի հետ ընդհանրապես համաձայն չեն զոհված օդաչուների հարազատները, հատկապես՝ երկրորդ օդաչու Արման Դավթյանի ծնողները: Նրանք, մի քանի ամիս է, ինչ համագործակցում են ավիավթարների պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող հունական մի մասնագիտացված ընկերության հետ եւ հույս ունեն, որ այս ընկերությունը կբացահայտի «A-320»-ի վթարի իրական պատճառները: Մեր տեղեկություններով՝ անցած մի քանի ամիսների ընթացքում այդ ընկերության մասնագետները պետք է հավաքեին վթարի հետ կապված տվյալները, հետո գային Հայաստան, նորից հանդիպեին օդաչուների հարազատների հետ եւ սկսեին բուն հետաքննությունը: Հունական ընկերության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են եղել եւ մեկնել են մայիսի 1-ին: Նրանք հանդիպել են Ա.Դավթյանի հոր՝ Դավիթ Դավթյանի հետ: Մենք փորձեցինք Դ.Դավթյանից ճշտել, թե հունական ընկերության մասնագետներն ունե՞ն արդյոք նոր վարկածներ կամ տվյալներ, հանդիպման ժամանակ ի՞նչ տվյալներ են փոխանակվել, սակայն նա չցանկացավ այդ մասին զրուցել: «Ես հիմա ոչինչ չունեմ ասելու,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց պարոն Դավթյանը: -Երբ որ հեռուստատեսությունով հերքվի օդաչուների մեղավորության վարկածը, նոր ես ինչ-որ բան կասեմ»:
Պարոն Դավթյանը հույս ունի, որ այդ ընկերությունը մինչեւ այս տարեվերջ կբացահայտի վթարի իրական պատճառը, որն օդաչուների հետ ընդհանրապես կապ չունի: Նա որոշել է այս ընկերության հետ միասին ԱՄԿ-ի եզրակացությունը վիճարկել Ֆրանսիական դատարանում:
«Այս երկրում ես ոչինչ չեմ կարող անել,- ասաց պարոն Դավթյանը:- Բայց ես անպայման պետք է հաղթեմ Ռուսաստանին եւ ապացուցեմ, որ օդաչուները մեղավոր չեն»:
Արման Դավթյանի ծնողները հրաժարվել են ընդունել «Գրանդ» ապահովագրական ընկերության 20.000 դոլար ապահովագրավճարը: Հիշեցնենք, որ «Գրանդն» «Արմավիայի» հետ միասին պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին: Այս ընկերությունը գումարը վճարելիս զոհվածների հարազատներին մի պայմանագիր էր տալիս ստորագրել, որով նրանք պարտավորվում էին այլեւս չբողոքել եւ անհամաձայնություն չդրսեւորել: «Եթե ստանայի այդ գումարը, այլեւս դատարան դիմելու իրավունք չէի ունենա»,- ասաց Դ. Դավթյանը: Մեր տեղեկություններով՝ հունական ընկերությունը կասկածներ ունի, որ օդանավն ընկել է անսարքությունների պատճառով: Հունական այս ընկերությունը հիմնականում համագործակցում է զոհվածների ընտանիքների հետ: Քաղավիացիայից եւ «Արմավիայից» հայտնեցին, որ տեղեկություններ ստանալու կամ համագործակցելու համար հունական ընկերությունն իրենց չի դիմել: Իրենք նույնպես չեն փորձել կապ հաստատել:
Այսօր «Արմավիան» նորից Երեւան-Սոչի անվճար չվերթ է կատարում: Զոհվածների 120 հարազատներին փոխադրում է Սոչի՝ սգո արարողությունն այնտեղ կազմակերպելու համար: Այսօր, սակայն, Արման Դավթյանի ծնողները Սոչի չեն մեկնի: «Մենք կմեկնենք ամսի 6-ին,- ասաց Արմանի հայրը: -Արմանն այստեղ շատ ընկերներ եւ հարազատներ ուներ: Մենք ուզում ենք տարին այստեղ նշել: