Մարտի 8-ին՝ փշոտ կակտուս
Երբ Քնարիկ Հովհաննիսյանի մոտ կաթվածի նշաններ ի հայտ եկան, նրան տարան վերակենդանացման բաժին: 25 օր ապաքինվելուց հետո բժշկուհին նրան խորհուրդ տվեց բույսեր խնամել: Վերջինս շատ ծանրաբեռնված էր, որովհետեւ ընտանիքում հինգ տղամարդու խնամք էր տանում՝ չորս որդու եւ ամուսնու, հաշմանդամ, անկողնային հիվանդ տալի խնամակալությունը նույնպես իր վրա էր: Բժշկուհին պնդեց, որ նա բույսեր խնամի, քանի որ կանաչ գույնը նպաստում է ուղեղի բջիջների վերակենդանացմանը: Այդպես Քնարիկին ծանոթ մի աղջիկ նվիրեց երկու պայուսակ ծաղիկներ՝ կալանխո, բլյուշ, բեգոնյա, ամարիլիս, ֆուկսիա, շուշան, գլաքսինիա, մանուշակ, եւ այլն։ Տեսականին այսօր 110-ն է, ինչը վերածվել է թաղարային բույսերի բիզնեսի: Քնարիկն իր ծաղկատեսակների բիզնեսն իրականացնում է վերնիսաժում: Վերջինիս հավաստմամբ՝ հայ հասարակությունն այսօր ակտիվորեն գնում է բույսեր, բացի կակտուսից` այն գնում են միայն տղամարդիկ, ընդ որում` հատկապես մարտի 8-ին՝ կանանց նվիրելու համար: Կանայք հակված չեն փշոտ ծաղիկներ գնել, հաշվի են առնում ծաղկի վիզուալ տեսքը, այսինքն` այն ծաղիկները, որոնք ծաղկում են եւ գեղեցիկ են: Ծաղկի բիզնեսով զբաղվող տիկին Քնարիկը ոչ միայն ծաղիկներ է բազմացնում, այլեւ հաճախ ծաղիկներ է գնում «Բրաբիոն» ֆլորա սերվիսից` աճեցնելու եւ վերավաճառելու նպատակով: Ինչ վերաբերում է ծաղկի բիզնեսին, ապա, նրա կարծիքով, ծաղիկ բազմացնողն անպայման պետք է ունենա հարուստ գրականություն, որովհետեւ ինքնուրույն չես կարող խնամել բազմատեսակ ծաղիկներ: Հայաստանում ներկայումս տնային պայմաններում բույսեր, ծաղիկներ պահելու կուլտուրա կա, թեեւ շատ դեպքերում ծաղիկների առկայությունը դեկորացիա է: Տիկին Քնարիկի փորձը ցույց է տալիս, որ տնային տնտեսուհիները, որպես կանոն, ընտրում են ճոխ ծաղիկներ, որոնք կգեղեցկացնեն բնակարանը, իսկ գնորդների մյուս զանգվածը նրանք են, ովքեր այգիներ ունեն, եւ ծաղիկը նրանց նախասիրությունն է: Վերջիններս հիմնականում գնում են սոխուկներ, ծաղկող ծաղիկներ:
«Բդուղի ձառ»
Վերնիսաժում՝ տիկին Քնարիկի մոտ քլորոֆիտումն արժե 500 դրամ, կորդիլինն արժե 3000 դրամ, սպացիֆիլիումը՝ 2000դ., ալեանդրը՝ 1000դ., խորդենին՝ 1000դ., ստրոմանտեն՝ 3000դ.: Տիկին Քնարիկն ունի նաեւ Սոչիից բերված ծաղկատեսակներ, որոնք բավական լավ ծաղկում են Հայաստանի բնակլիմայական պայմաններում՝ սելիգինելան, օրինակ, հոլանդական բույս է, որը Հայաստանում դեռեւս միակն է: Նա ասում է, որ ցանկացած գնորդի ինքը խորհրդատվության միջոցով բացատրում է ծաղկի խնամքի պահանջները՝ սկսած բույսի հիվանդանալու հավանականությունից, վերջացրած` պահանջվող բնակարանային պայմաններից, անգամ` անձնական գրականությունն է տրամադրում հարկ եղած դեպքում: Վերնիսաժի թաղարային բույսերի սպառողները հիմնականում նախընտրում են բույսերի «ճուտիկները», պալարները, քանի որ դրանց գինն անհամեմատ մատչելի է: Ծաղիկների վաճառքը նաեւ եղանակից է կախված. առեւտուրն ամռանն է ակտիվանում եւ շաբաթ-կիրակի օրերին վերնիսաժում տիկին Քնարիկը վաճառում է օրական մոտ տասը ծաղիկ: Նա ասում է, որ օտարերկրացիները հիացած են մեր բույսերով, բայց չեն կարողանում գնել, որովհետեւ մաքսային խնդիրներ են ունենում: Հայաստանից բույսեր արտահանելն արգելված է, մինչդեռ թույլատրելու պարագայում մեծ վաճառք կլիներ: Արտասահմանցիները շատ են հրապուրվում մեր բույսերով, հատկապես` պարսիկները շատ գերադասում են ֆուկսիայի տեսակները. հնարավորության դեպքում` մեծ քանակությամբ կգնեին: Արտասահմանցիները հիացած են մեր նռենիով, նրանց համար, ամենայն հավանականությամբ, այն սիմվոլիկ է եւ համարում են հայկական ծառ: Նրանք հաճախ գաղտնի ճանապարհով արտահանում են նռենի: Տիկին Քնարիկն ասում է, որ թեեւ արգելված է Հայաստանից նռենի արտահանելն, այդուհանդերձ, օտարերկրյա շատ քաղաքացիներ նռենու փոքրիկ սոխուկները գաղտնի ճանապարհով կարողանում են անցկացնել մաքսակետը: Միայն նախորդ տարվա մեջ տիկին Քնարիկից չորս ֆրանսիացի եւ մեկ կանադացի նռենու սոխուկ են գնել եւ գաղտնի կերպով արտահանել: Նրանք նռենուն անվանում են «բդուղի ձառ»:
Թաղարային բույսերը զարդարում են առանձնատները
«Բրաբիոն» ֆլորա սերվիսից տեղեկացանք, որ ներկայումս շատ մոդայիկ է դեկորատիվ «յուկա» ծառը: Աշխարհում յուկան սիրո, երջանկության եւ հարստության սիմվոլն է: Մարդիկ յուկան գնում են այն դեպքում, երբ նոր աշխատավայր կամ բնակարան են բացում, այն համարվում է հաջողության ծառ: Կարիերայում համարվում է բարձրացող աստիճան, բիզնեսում` զարթոնք, նախաձեռնություններում՝ հաջողություն: Յուկայի առկայությունը դրական էներգիա է հաղորդում առողջությանը եւ ներդաշնակություն, հանգստություն է բերում կյանքում: Յուկայի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է: Հայ քաղաքացիները նույնպես տիրապետելով այդ խորհրդանիշին նոր գործ սկսելու կամ բնակարանամուտի համար գնում են յուկա: «Բրաբիոնի» ադմինիստրատոր Թաշչյան Հասմիկի հավաստմամբ՝ այսօր շատերի բնակարաններում կարող եք յուկա տեսնել: Վերջին տարիներին բավական մեծ է հողի բույսերի պահանջարկը, քանի որ առանձնատներն ու ամառանոցները մեծ մասսայականություն են վայելում եւ դրանք տանտերերը հիմնականում զարդարում են հողային ծաղիկներով: Ի դեպ, «Բրաբիոնում» գոյություն ունի շտապօգնության ծառայություն, որտեղ բերում են հիվանդ ծաղիկներն ու բույսերը բուժելու: Պատահում են նաեւ տնային պայմաններում բուժելու մասնագետների կանչեր: Հարցիս ի պատասխան, թե «Բրաբիոն» ֆլորա սերվիսից արդյո՞ք միայն էլիտար խավն է օգտվում, Հասմիկ Թաշչյանն ասաց. «Ո՛չ, դա թյուր կարծիք է, որը չգիտես ինչու ձեւավորվել է մեր հասարակության մեջ: Մենք ունենք ցանկացած հաճախորդի գրպանին համապատասխան սպասարկման հնարավորություն: Նույն յուկան, եթե մարդը հնարավորություն չունի գնելու, ապա կարող է գնել դրա փոքր տեսակը, որն անհամեմատ էժան է: Մեզ մոտ՝ նկուղային հարկում, կա նաեւ ծաղկի շուկա, որտեղից հաճախորդը կարող է մատչելի գնով մեկ հատ վարդ կամ ինչ-որ էկզոտիկ ծաղիկ գնել: Սկսած 900 դրամից` մենք ունենք կոմպոզիցիաներ, զամբյուղներ»: «Ինտերֆլորայի» անդամ դառնալուն պես` «Բրաբիոն» ֆլորա սերվիսը Հայաստանում, որպես պաշտոնական ներկայացուցիչ, սկսեց իր համագործակցությունը տարբեր երկրների հետ: Ընդ որում, Շվեյցարիայում գտնվող «Ինտերֆլորան» 140-ից ավելի երկրներ է առաքում ծաղիկներ ու թաղարային բույսեր: «Բրաբիոն» ֆլորա սերվիսն ունի նաեւ ուղիղ աշխատանքային համագործակցություն ԱՄՆ-ի եւ Մոսկվայի «Ֆլամինգո» կազմակերպության հետ: Աշխարհում սենյակային բույսեր մատակարարող հիմնական երկիրը համարվում է Հոլանդիան: Հատկապես գարնանը սպառողների պահանջարկը կենտրոնանում է ծաղկող թաղարային բույսերի վրա, մասնավորապես` մանուշակների` իրենց գունային բազմազանությամբ: Իսկ սոխուկավոր մանուշակներն ընդունված են որպես մարտի 8-ի տոնական նվերներ: Ներկրման պարբերականությունը պայմանավորված է պահանջարկով։ Տիկին Թաշչյանի կարծիքով` ներկայումս Հայաստանում ձեւավորվել է ծաղկի խնամքի կուլտուրա, ինչի արդյունքում ծաղիկների սպառումն ակտիվանում է: Ի դեպ, «Բրաբիոնում» գոյություն ունեն գիշատիչ թաղարային բույսեր, որոնք սնվում են միջատներով, այսինքն` միջատները, ճանճերը հավաքվում են բույսի վրա, որից հետո բույսը փակվում է, ինչը նշանակում է, որ բույսը սնվում է:
Բնության վերարտադրությունը՝ վտանգի տակ
Ըստ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի, Հայաստանում այսօր կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության եւ կայուն օգտագործման խնդիր կա: Մենք ունենք հսկայական, զգալի քանակությամբ ռեսուրս, որոնց ճիշտ կառավարման պայմաններում կարող ենք արդյունաբերական գործունեություն իրականացնել: Պրն Զիրոյանը փաստեց, որ Հայաստանում աճում են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, դրանցից 200 տեսակի վայրի բույսերն օգտագործվում են սննդի մեջ, մոտ 100-ն օգտագործվում է որպես դեղաբույս, սակայն անխնա օգտագործման հետեւանքով` ֆլորայի մոտ 10%-ը, այսինքն՝ շուրջ 275 տեսակ, գտնվում են Կարմիր գրքում: Այսինքն՝ նշված տեսակները համարվում են հազվագյուտ, անհետացող եւ անհետացման շեմին: «Դա հիմնականում մարդու կողմից ինտենսիվ օգտագործման արգասիք է, ուստի դրանց պահպանությունն այսօր հրատապ է,- ասում է պրն Զիրոյանը: -Մեր հիմնական խնդիրն է` բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանել, զարգացնել, հարստացնել այդ տեսակները եւ կատարել նրանց ռեինտրադուկցիա, այսինքն` նորից դրանք տեղափոխել բնություն: Ցավոք, այսօր գենետիկական այդ ռեսուրսների կառավարման ուղղությամբ համապատասխան օրենք չկա: Էկոհամակարգի արդյունավետ կառավարման խնդիրը հրատապ է, եւ մենք պետք է կառավարական մակարդակով հասարակական կազմակերպությունների հետ իրականացնենք պահպանությունը: Դեղաբույսերի մեծ քանակություն է արտահանվում Հայաստանից, դրանց պահպանությունն ու հսկողությունը շատ թույլ է: Մեր գործակալությունը կառավարության առջեւ հարց է բարձրացրել, որպեսզի արտահանումները լինեն բնությունից զատ, այսինքն` այն տեսակները, որոնք ունեն բժշկական կամ սննդային նշանակություն, դրանց համար կարողանանք ստեղծել ագրոբազմացման կետեր: Հայաստանից մեծ քանակությամբ ուրց, դաղձ, եղինջ է արտահանվում, նախանցյալ տարի հսկայական քանակությամբ ավելուկ արտահանվեց Լոս-Անջելես եւ այլ երկրներ: Մեծ քանակությամբ թեյաբույսեր են արտահանվում, եւ բիզնես են անում տարբեր երկրներում: Ագրոտեխնիկայի առկայության դեպքում` մենք հնարավորություն կունենանք կանխել բնության հանդեպ ոտնձգությունները»: Ինչեւէ, նման բույսեր արտահանելը համարվում է օրենքի խախտում, քանի որ բնական ռեսուրս է, իսկ պաշարն արտահանելու համար, ըստ պրն Զիրոյանի` լիցենզավորում է հարկավոր, բնավճար եւ սահմանափակ քանակությամբ արտահանում, որպեսզի բնության վերարտադրությունը վտանգի տակ չդրվի: