«ԱրմենՏելն» ու «Ղ-Տելեկոմը» փոշմանեցին

04/05/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ԱրմենՏել» ու «Ղ-Տելեկոմ» ընկերությունների դեմ հարուցած վարչական վարույթները: Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 26-ին «ԱրմենՏելը» բողոքով դիմել էր հանձնաժողով, որ «Ղ-Տելեկոմն» իր OPTIMA+ կորպորատիվ փաթեթով հակամրցակցային քայլ է անում՝ մեծ չափով իջեցնելով գները:

Իր կորպորատիվ հաճախորդներին եւ ֆիզիկական անձանց առաջարկում է բաժանորդային վարձերի եւ զանգերի այնպիսի սակագներ, որոնք դուրս են պաշտոնապես հրապարակած սակագնային փաթեթից: Ավելի ուշ՝ մարտի 5-ին ընդդեմ «ԱրմենՏելի» «Ղ-Տելեկոմն» էր դիմել հանձնաժողովին եւ բողոքել, թե «Ընտանիք եւ ընկերներ» սակագնային փաթեթով «ԱրմենՏելն» է չարաշահում իր գերիշխող դիրքը: Բաժանորդներին առաջարկում է զանգահարել իր բջջային եւ ֆիքսված ցանցեր՝ 1 րոպեն 27 դրամ սակագնով, որը խրախուսում չէ եւ ժամկետային սահմանափակում չունի: «Ղ-Տելեկոմի» ղեկավար Ռալֆ Երիկյանի կարծիքով` դա շուկայական գների դեմպինգ է, որով «ԱրմենՏելը» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը: Երկու ընկերությունները միմյանց մեղադրում էին դեմպինգային՝ ինքնարժեքից ցածր գին կիրառելու մեջ: Հանձնաժողովն այս բողոքների հիման վրա վարչական վարույթ էր հարուցել: Սակայն մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին երկու ընկերությունները միասին դիմել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ տեղեկացրել, որ իրենց կոմերցիոն եւ տեխնիկական բաժինների մասնագետները փոխադարձ ճշտումներ եւ ուսումնասիրություններ են արել ու պարզել են, որ ո՛չ «Ղ-Տելեկոմի», ո՛չ էլ «ԱրմենՏելի» առաջարկներում մրցակցային սահմանափակումներ չկան: Երեկ հանձնաժողովն այս երկու ընկերությունների բողոքների հիման վրա հարուցած վարչական վարույթները կարճեց: Սակայն հարուցած վարույթների շրջանակներում մրցակից ընկերությունները ներկայացրել են իրենց բողոքները հիմնավորող պարզաբանումներ, հիմնավորումներ, անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց վերլուծությամբ էլ զբաղվում են եւ կզբաղվեն հանձնաժողովի մասնագետները:

Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը չի բացառում, որ բջջային կապի երկու օպերատորներն այս երկու ամիսների ընթացքում իրար հետ պայմանավորվել են եւ նվազագույն գին սահմանելու համաձայնություն են ձեռք բերել, ինչը նրա ասելով՝ հակասում է մեր օրենսդրությանը: «Կողմ ենք՝ որքան կարող եք ցածր սակագին սահմանեք, բայց դա մի արեք իրար հետ պայմանավորվելով»,- հայտարարեց Պ. Ղալթախչյանը: Իսկ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ավելացրեց, որ թեեւ ընկերություններն իրար դեմ այլեւս չեն բողոքում, բայց հետ վերցված բողոքների ուսումնասիրություններից կարելի է եզրակացնել, որ «ԱրմենՏելը» թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Բացի այդ, հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ «Ընտանիք եւ ընկերներ» սակագնային փաթեթի գովազդը թյուրիմացության մեջ է գցում հաճախորդին: Գովազդում ասվում է, որ այս սակագնային փաթեթից օգտվողները մեկ րոպեի դիմաց կվճարեն 27 դրամ, սակայն 300 դրամ ամսական բաժանորդավարձի մասին ոչինչ չի ասվում: Այդ վարձի հետ միասին 1 րոպեի արժեքը դառնում է 39,8 դրամ: Հանձնաժողովը սա համարեց անբարեխիղճ մրցակցություն եւ «ԱրմենՏելին» տուգանեց 100.000 դրամի չափով: Պարզ է, որ ընկերության ղեկավարները գոնե արտաքուստ համաձայն չէին լինի հանձնաժողովի հետ:

«Եթե հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրություններ կատարեր, ապա կհասկանար, որ դա առանձին սակագին չէ,- ասաց «ԱրմենՏելի» տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: -Սակագնային փաթեթն առաջարկների մի ամբողջ համալիր է, իսկ գովազդում խոսվում է այդ ամբողջի միայն մեկ գնային բաղկացուցչի մասին: Ինչ վերաբերում է 300 դրամին, ապա գովազդում եւ գնացուցակում տրվում է հեռախոսային համար, որով կարելի է ծանոթանալ գնային առաջարկների բոլոր մանրամասներին»:

Այնուամենայնիվ, ընկերությունը 10 օր ժամանակ ունի տուգանքը վճարելու կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը դատարանում բողոքարկելու համար: Օ. Բլիզնյուկն ասաց, որ իրենք որոշումը կբողոքարկեն:

Ինչպես վերեւում նշեցինք՝ հարուցած վարույթների շրջանակներում մրցակից ընկերությունները ներկայացրել են իրենց բողոքները հիմնավորող պարզաբանումներ, հիմնավորումներ, անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությամբ հիմա զբաղվում են հանձնաժողովի մասնագետները: Սակայն ո՛չ «Ղ-Տելեկոմը», ո՛չ էլ «ԱրմենՏելը» հանձնաժողովին չէին ներկայացրել փոխադարձ ճշտումների եւ ուսումնասիրությունների այն արդյունքները, որոնցով պարզել էին, թե իրենց առաջարկներում մրցակցային սահմանափակումներ չկան: Ընկերությունները չէին էլ ուզում ներկայացնել: Հանձնաժողովը, այնուամենայնիվ, որոշեց ուսումնասիրել այդ ճշտումները եւ ընկերություններին 5 օր ժամանակ տվեց դրանք իրենց տրամադրելու համար: Եթե հաստատվի Ա. Շահնազարյանի նախնական եզրակացությունը, այն է, թե՝ «ԱրմենՏելը» թույլ է տվել նաեւ գերիշխող դիրքի չարաշահում, չի բացառվում, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ նոր վարչական վարույթ հարուցի: