Երեկ Նիկոլյա Սարկոզին ու Սեգոլեն Ռուայալը դեմ առ դեմ դուրս եկան իրենց վերջին հեռուստատեսային բանավեճի ընթացքում: Մինչ այդ վճռորոշ հեռուստաբանավեճը, Ֆրանսիայի նախագահի պաշտոնի երկու հավակնորդները կազմակերպեցին իրենց ամենախոշոր ու տպավորիչ հավաք-քարոզները:
Սարկոզին ելույթ ունեցավ Բերսի հսկայական դահլիճում, իսկ Ռուայալը` մարզադաշտում: Շարլիթի մարզադաշտը Ռուայալի ելույթի ընթացքում լեփ-լեցուն էր, 40 հազար մարդ էր եկել թմբուկներ լսելու, համերգային ծրագիրը տեսնելու եւ Սոցիալիստական կուսակցության առաջնորդի ելույթն ունկնդրելու: Ֆրանսիացիները վստահաբար ասում էին, որ այդքան մարդ մարզադաշտում չի եղել նույնիսկ ամենաթեժ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Սեգոլենը բեմահարթակին մոտեցավ, երբ արդեն մարդիկ ֆրանսիական ռեփի հնչյուններից բավականաչափ «տաքացել» էին ու նախագահի թեկնածուին որպես «աստղի» էին նայում: Նրա մեկժամյա ելույթը շատ տպավորիչ էր, հիմնական շեշտադրումները դրված էին կնոջ կերպարի ու ազատ Ֆրանսիայի գաղափարի վրա: Մինչ վերջնական ընտրությունները` մայիսի 6-ը մի քանի օր է մնացել, սակայն հարցումների համաձայն՝ Ֆրանսիայի ընտրազանգվածի մեկ երրորդը դեռ չի կողմնորոշվել` թե ո՞ւմ է տալու իր ձայնը: Իսկ կոնսերվատոր Սարկոզին ու սոցիալիստ Ռուայալը վերջին քայլերն են նախապատրաստում` օգտագործելով «սեւ պիառի» սկզբունքներն, ու նույնիսկ հայհոյում իրար: Սարկոզին իր մրցակցին «սուտասան ինքնակոչ» է անվանում ու մեղադրում կասկածելի ֆինանսական հոսքերը քարոզարշավի ընթացքում օգտագործելու մեջ, իսկ Սեգոլենը նրան` «կոպիտ ու ինքնասիրահարված դենդի» է համարում, ով ցանկանում է իշխանության գալ, քանի որ իշխանության մեծ տենչանք ունի: Նա համարում է, որ այդ իշխանատենչությունը կարող է կործանել Ֆրանսիան: Սարկոզին մեծ նշանակություն է տալիս մամուլին ու հեռուստատեսությանը. հայտնի է, որ անցյալ տարի նա թերթի սեփականատերերից պահանջեց աշխատանքից ազատել իր կնոջ` Սեսիլիայի ու նրա սիրեկանի լուսանկարը թերթում տպագրած լրագրողին ու խմբագրին: Իսկ օրեր առաջ նա փորձում էր թույլ չտալ Սեգոլենի ու նախագահի մյուս թեկնածու` Ֆրանսուա Բայրուի բանավեճի հեռուստահեռարձակումը: Սեգոլենը մեղադրեց Սարկոզիին հեռուստաընկերության վրա ճնշում գործադրելու մեջ եւ հասավ իր նպատակին` ստանալով ընտրությունների առաջին փուլում Բայրուի օգտին քվեարկողների ձայների մեծամասնությունը, քանի որ Բայրուն իր ընտրողներին կոչ արեց քվեարկել կին նախագահի օգտին: Իսկ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ չանցած Ժան-Մարի Լե Պենն այս օրերին քարոզում է ընդհանրապես բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլն ու ձայնը ոչ մեկին չտալ:
Երեկվա դրությամբ երկու թեկնածուների միջեւ տոկոսային տարբերությունը կրճատվել է, Սարկոզին վայելում է ընտրազանգվածի 52%-ի վստահությունը, իսկ Ռուայալին վստահում է ֆրանսիացիների 48%-ը: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այդ տարբերությունը շատ ավելի մեծ էր: Ֆրանսիացիները սիրում են կրկնել, որ եւ՛ պատերազմում, եւ՛ սիրո մեջ բոլոր միջոցներն էլ լավ են: Սա էլ քաղաքական պատերազմ է, որի մասնակիցները` կինն ու տղամարդը, ուզում եմ Ֆրանսիայի ղեկավար դառնալ:
Երկու թեկնածուների քարոզարշավի հետքերը Փարիզում նկատվում են ամեն քայլափոխի: Սեգոլենի ու Սարկոզիի դիմանկարները կամ «Սեգոլենը մեր պրեզիդենտն է» եւ «Մենք ընտրում ենք Սարկոյին» գրառումները հայտնվում են մարդկանց պայուսակների, շապիկների, ավտոմեքենաների ապակիներին, նույնիսկ հայտնի Պոմպիդու կենտրոնի զուգարանները մտնելով կարելի է հանդիպել այն նույն կոչին` գրված զուգարանի թղթի փաթեթի վրա: Այդպես ենթագիտակցաբար մարդկանց սովորեցնում են, որ ապագա նախագահը լինելու է այս կամ այն թեկնածուն: Օգտագործվում է եւ՛ հումորը, եւ՛ լրջությունը: Ամեն դեպքում, որքան շատ լինի հումորը, այնքան լավ կընկալվի քարոզչության առարկան կամ անձը:
Բովանդակությամբ տարբեր, ձեւով՝ գրեթե նույնը
Ամբողջ Ֆրանսիան ողողված է Սարկոզիի եւ Սեգոլենի նախընտրական պլակատներով ու քարոզչական թերթիկներով: Ի տարբերություն Հայաստանի, Փարիզում եւ հարակից քաղաքներում ամեն տեղ չէ, որ թույլատրվում է քարոզչական պլակատ կպցնել: Ֆրանսիայում էլ մրցակիցների կողմնակիցները հակառակորդի նկարը պատռում են, վրան հայհոյանքներ են գրում, բեղեր ու պոզեր նկարում: Ապրիլի 29-ին մասնակցեցինք Նիկոլյա Սարկոզիի՝ Բերսիի սպորտային հսկայական դահլիճում տեղի ունեցած հավաքին: 20.000 մարդու համար նախատեսված այդ դահլիճում (ուր սովորաբար նաեւ ելույթներ են ունենում պոպ-երգիչները՝ Մադոննան եւ այլք) նույնիսկ ոտքի վրա կանգնելու տեղ չկար՝ 25.000-ից ավելի մարդ կար: Մոտ 20.000 մարդ էլ դահլիճի շենքի մոտ տեղադրված էկրաններից էին հետեւում Սարկոզիի հավաքին: Ի դեպ, Ֆրանսիայում էլ են նման հավաքները կազմակերպվում՝ յուրաքանչյուր քաղաքապետի, գործարարի, կազմակերպության ղեկավարի վրա դրվում է հավաքին «մարդ բերելու» հարցը: Տվյալ թեկնածուի ցուցապաստառներով հատուկ ավտոբուսները փուչիկներով, հատուկ մայկաներով ու ցուցապաստառներով մարդկանց հասցնում են հավաքներին: Մինչ Սարկոզիի դահլիճ մտնելը, նրան սատարող ֆրանսիական կինոաստղերը, երգիչները, սպորտսմեններն ու հայտնի քաղաքական գործիչներն են դահլիճ մտնում: Դահլիճում տեղադրված հսկայական էկրաններով ցուցադրվում է նրանց մուտքը դահլիճ: Մարդիկ տեսնելով իրենց սիրելի աստղերին՝ ծափերով ու գոչյուններով են դիմավորում: Ի դեպ, մեր հայրենակից, «Ֆորմուլա 1»-ի աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Պրոստն էլ էր Սարկոզիին սատարողների շարքում:
Մինչ աստղերի ժամանումը հսկայական դահլիճը բեմահարթակում թմբուկներով վազող մարդկանց հրահանգներով բառացիորեն «պարապում էր», շարք-շարք ըստ հրահանգի կրկնում էին նույն խոսքերը՝ «Սարկոն՝ պրեզիդենտ», շարք-շարք ալիք էր կազմակերպվում, դահլիճը ծփում էր: Շոուն ավելի աշխուժացավ սիրված ու ճանաչված աստղերի, դերասանների ու սպորտսմենների մուտքով, որոնք տեղավորվում էին հատուկ իրենց եւ դեպուտատների, հյուրերի համար նախատեսված շարքերում: Այնուհետեւ շարքերի միջից ոտքի կանգնելով ելույթներ էին ունենում՝ ասելով, թե ինչու են որոշել ընտրել Սարկոզիին՝ կոչ անելով չսխալվել եւ ընտրել նրան: Հայտնի դերասաններից մեկը դիմելով Սարկոզիին, ասաց. «Սիրելի Նիկոլյա, ես քեզ կարող եմ այդպես դիմել, քանի որ շուտով կդառնամ 90 տարեկան» (իսկ Նիկոլյան դեռ դահլիճում չէր, դրսում կանգնած ժողովրդի հետ շփվելով՝ մոտենում էր դահլիճին, որը ժամանակ առ ժամանակ ցուցադրվում էր էկրաններին): Դերասանը Ֆրանսիան համեմատեց մեծ բիժուի՝ լավ քարի հետ եւ դիմեց Նիկոլյային. «Այն հանձնում ենք քեզ, լավ պահիր եւ փայլեցրու այդ քարը»: Քիչ անց մի քանի երգիչ-երգչուհիներ ելույթ ունեցան՝ կրկին կոչ անելով ընտրել Սարկոզիին: Հավաքին ներկա էր նաեւ Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը: Դահլիճը գրեթե պատրաստ էր Սարկոզիի դահլիճ մտնելուն. ամեն ինչ հաշվարկված էր: Դիսկոտեկների եւ շոուների կազմակերպիչներ են աշխատել հավաքի նախապատրաստման վրա: Հսկայական էկրանների վրա հայտնվեց Սարկոզիի նախընտրական տեսահոլովակը: Դալիճում հասկացան, որ շուտով դահլիճ կմտնի նախագահի թեկնածուն: Սարկոզին մտավ դահլիճ՝ բոլորը ոտքի վրա գոռում-գոչում էին «պարապմունքի տեքստը»՝ «Սարկոն՝ պրեզիդենտ»: Ի դեպ, Սարկոզիի մտերիմներից մեկն ասաց, որ քանի որ նրա հիմնական մրցակիցը կին է, նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտվում է կին հոգեբան- PR մասնագետի խորհուրդներից, որպեսզի կին ընտրազանգվածին կարողանա էլ ավելի շահել: Իսկ նրա նախընտրական ելույթները թեեւ պատրաստում են հատուկ մարդիկ, սակայն Սարկոզին անպայման դրանք աչքի է անցկացնում, իր դիտողությունները կատարում, իրեն հարմարեցնում: Երկար ծափերից հետո Սարկոզին սկսեց իր ելույթը, որը տեւեց մոտ 40 րոպե:
Հռետորական ճիշտ շեշտադրումներով, էմոցիոնալ նրա ելույթը բաղկացած էր ծրագրային մի քանի կետերից: «Ես ուզում եմ նախագահ դառնալ ոչ թե կարգավիճակի, այլ իրավիճակը փոխելու, Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների խնդիրները լուծելու համար: Ես ուզում եմ դուրս գալ բռնության դեմ: …Մեզ մնում է 8 օր` մեր երազանքներն իրականություն դարձնելու համար: 8 օր` կառուցելու այն վստահությունը, որի կարիքը Ֆրանսիան ունի, 8 օր` ասելու այն, ինչ ուզում ենք ասել մեր երեխաների համար: 8 օր` առաջիկա 5 տարիների ընթացքում կառուցելու աշխարհի ամենաառաջատար երկիրը»,- ասում էր նա, որի յուրաքանչյուր տասներորդ նախադասությունը նման էր կարգախոսի, եւ որին դահլիճը բուռն արձագանքում էր: Ելույթը նաեւ համեմված էր էմոցիոնալ փոքրիկ պատմություններով՝ stoty-ներով, որը տպավորիչ էր դարձնում խոսքը: Իհարկե, դահլիճում կային նաեւ Սեգոլեն Ռուայալի կողմնակիցներից. չորս տղաների՝ Սարկոզիի դեմ հնչեցրած կոչերի համար անվտանգության աշխատակիցները ձեռքերը ոլորելով լուռ հեռացրեցին դահլիճից: Ի դեպ, այդ օրն ամբողջ տարածքը լի էր անվտանգության աշխատակիցներով: Սարկոզիի ելույթից հետո բոլոր կինո-շոու աստղերը բեմ բարձրացան՝ ողջագուրվելու նրա հետ. հնչում էր նախընտրական մեղեդին: Այդպիսով ավարտվեց Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխավոր հավաքը՝ «Սարկոն՝ պրեզիդենտ» կոչերով: Հավաքն ավարտված էր, մարդիկ իրար հրելով դուրս էին գալիս դահլիճից, որի հատակը ողողված էր քիչ առաջ վեր պարզված պլակատներով, փուչիկներով ու թռուցիկներով: