2007թ. փետրվարի 22-ին ընդունվել եւ մայիսի 1-ին ուժի մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը, որի հիմնական դրույթները երեկ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը:
Այս նոր օրենսգիրքը բավականին հետաքրքիր փոփոխություններ է նախատեսում ոչ միայն դատախազությունում, այլեւ իրավական ողջ համակարգում, նույնիսկ՝ մաքսային եւ հարկային մարմիններում: Ճիշտ է, օրենքը դատախազությանն է վերաբերում, բայց այն փոփոխությունների շղթա է առաջացնելու նաեւ նշված մարմիններում: Բանն այն է, որ այսուհետ քննչական գործունեությունը առանձնացվելու է դատախազությունից: Այդ գործառույթի իրեն վերաբերող մասը կկատարի Հարկային պետական ծառայությունը, որոշ մասը՝ Մաքսային պետական կոմիտեն, նաեւ՝ Ռազմական ոստիկանությունը: Պարզ է, որ այս մարմիններում պետք է ստեղծվեն համապատասխան բաժիններ: Բայց դրան հակառակ՝ քրեական հետապնդում իրականացնելու, այսինքն՝ մեղադրանք առաջադրելու իրավունքը վերապահվել է միայն դատախազությանը: Կարելի է ասել, որ դատախազությունը լինելու է մեղադրանք առաջադրելու մոնոպոլիստը: Մինչեւ հիմա այդ լիազորությունն ունեին նաեւ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Այսպիսով դատախազությունը դառնում է մասնագիտացած կառույց: Քննչական մասը թեպետ առանձնացվելու է դատախազությունից, սակայն Գ.Դանիելյանը չի կարծում, թե այդպիսով սահմանափակում են դատախազության լիազորությունները: Իրականում նախաքննություն իրականացնելը բոլորովին էլ դատախազության լիազորությունների մեջ չէր մտնում: Տարիներ շարունակ դատախազությունը դա անում էր ապօրինի կերպով: Այս հարցը բազմիցս դարձել է քննարկումների առարկա: Դրա համար նույնիսկ մի դատապարտյալ՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանը (Մանախ)՝ մի քանի տարի առաջ Սահմանադրական դատարան հայց էր ներկայացրել «դատախազության ապօրինի գործունեությունը»՝ նախաքննություն իրականացնելը վիճարկելու համար: Դրանից հետո դատախազության լիազորությունները սահմանվեցին բարեփոխված Սահմանադրության դրույթներով, որին էլ հետեւեց դատախազության մասին նոր օրենքը եւ սահմանվեց, որ դատախազությունը նախաքննությամբ չի զբաղվելու: Իսկ թե դա որքանով է ճիշտ կամ սխալ՝ արդեն վիճելի հարց է: Այս դեպքում կարեւորն այն է, որ դատախազությունը այսուհետ չի գերազանցի իր լիազորությունները:
Գ. Դանիելյանի կարծիքով՝ պետք է առանձնացվի եւ իրավական ոչ մի կառույցի համակարգում չընդգրկվի կոռուպցիայի գործերով զբաղվող քննչական մի մարմին: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կոռուպցիան այնպիսի վիճակի է հասել, որ դրա համար պետք է անկախ մարմին ստեղծվի: Ի դեպ, այս փոփոխությունները թեեւ ուժի մեջ են մտել մայիսի 1-ին, սակայն կգործարկվեն միայն 2008թ. հունվարից: Պատճառը փոփոխությունների ծավալուն լինելն է, որին պետք է նախապատրաստվեն նաեւ վերը նշված մարմինները:
Բավականին հետաքրքիր փոփոխություններ են նախատեսվում նաեւ դատախազների նշանակման կարգում: Մինչեւ հիմա ՀՀ գլխավոր դատախազին նշանակում էր ՀՀ նախագահը: Այսուհետ, ճիշտ է, գլխավոր դատախազին նորից նախագահն է ներկայացնելու, բայց Ազգային ժողովը պետք է հաստատի: Իսկ մարզային դատախազներին նշանակելու է գլխավոր դատախազը, բայց նրանք էլ պետք է անցնեն Էթիկայի եւ Որակավորման հանձնաժողովների թրի տակով: Հանձնաժողովների նախագահները պետք է լինեն գլխավոր դատախազի տեղակալները: Էթիկայի հանձնաժողովը նախագահից բացի՝ ունենալու է 6 անդամ, որոնցից երեքին նշանակելու է ՀՀ նախագահը, երեքին էլ՝ գլխավոր դատախազը: Որակավորման հանձնաժողովն էլ առանց նախագահի ունենալու է ութ անդամ: Այստեղ նույնպես անդամներից չորսին նշանակելու է ՀՀ նախագահը, մյուս չորսին՝ գլխավոր դատախազը: Գ. Դանիելյանի ասելով՝ ամեն ինչ արվել է, որպեսզի ՀՀ դատախազության համակարգը հնարավորինս մոտ լինի եվրոպական մոդելին եւ հնարավորինս քիչ միջին որակի մասնագետներ թափանցեն դատախազություն: Իհարկե, կան նաեւ բազմաթիվ այլ փոփոխություններ, սակայն մեր ներկայացրածը փոփոխությունների ավելի ակնառու մասն էր: Եվ իսկապես, տեսականորեն կարծես թե ամեն ինչ արվել է, որ դատախազական համակարգն ունենա եվրոպական չափանիշներ եւ լինի հնարավորինս անկախ ու արդար կառույց: Որպեսզի Խորհրդային Միությունից ամեն ինչի իրավունք ժառանգած «բոբո» կառույցը դառնա ցիվիլ կառույց: Բայց դրան դժվար է հավատալ, թեկուզ՝ կասկածի տակ դնելով միայն բոլոր տիպի հանձնաժողովների արդար աշխատանքը: Մենք տնտեսության բոլոր ոլորտներում ունենք համակարգող հանձնաժողովներ՝ Հանրային ծառայությունները կարգավորող, Տնտեսական մրցակցությունը պաշտպանող եւ, վերջապես, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային տխրահռչակ հանձնաժողովը, որոնց նախագահներին ՀՀ նախագահն է նշանակում: Նրանք նույնպես տեսականորեն շատ անկախ կառույցներ են, սակայն նաեւ հայտնի է, որ նրանց անկախության վազքը մինչեւ նախագահի աշխատակազմն է: Գեւորգ Դանիելյանը գիտի, որ դատախազության նոր օրենքն իդեալական չէ, ունի խոցելի տեղեր, սակայն դա առայժմ իրենց իմացած լավագույն տարբերակն է: