Ամենախիստ, ամենահումորով, ամենաանհասանելի քաղաքապետերը

04/05/2007 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Զրուցակիցս Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գրասենյակի գլխավոր մասնագետ Ջուլիետա Գրիգորյանն է: Տիկին Ջուլիետան քաղաքապետարանի այն քիչ աշխատակիցներից է, որ աշխատել եւ այսօր էլ աշխատում է 11 ղեկավարների օրոք` սկսած քաղխորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանից, վերջացրած՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանով: Այդքան տարիներ քաղաքապետարանում աշխատած մարդու համար Մայիսի 1-ն իր ուրույն տեղն ունի: «Այդ օրը, համենայնդեպս մեր սերնդակիցների հիշողության մեջ, մնալու է իր շքերթներով, որին մասնակցում էին ուսանողներ ու դպրոցականներ, բանվորներ ու գիտնականներ: Այն ժամանակ մրցակցություն էր Երեւանի 7 շրջանների միջեւ, թե որ շրջանն առավել լավ կներկայացնի իր աշխատավորությանը: Ես պատկերացնում եմ, եթե այսօր լիներ այդպիսի մրցակցություն, հաստատ «Կենտրոնի» ու «Արաբկիրի» թաղապետարանները կհաղթեին»,- ասում է նա։

– Քաղսովետի աշխատանքը շա՞տ էր տարբերվում քաղաքապետարանի աշխատանքներից:

– Դե, բնականաբար տարբերվում է հենց միայն այն բանի համար, որ կարգեր են փոխվել:

– Այս երկար տարիների ընթացքում փաստորեն 11 ղեկավարների հետ եք աշխատել:

– Իսկապես երկար ու ձիգ տարիներ էին, որովհետեւ դեռ 2005թ. պարոն Երվանդ Զախարյանից ես ստացա շնորհակալագիր՝ ծննդյանս 55-ամյակի եւ աշխատանքային գործունեությանս 25-ամյակի կապակցությամբ: Լավ է, երբ աշխատանքդ գնահատվում է ղեկավարի կողմից: Հիշում եմ նույնիսկ, այդ առիթով մեր աշխատակիցներից մեկն ինձ մի անգամ ասաց. «Տիկին Ջուլիետա, դե Դուք այստեղ եք աշխատում դեռ Պետրոս 1-ինի ժամանակներից, չէ՞գ»: Մի անգամ էլ աշխատակիցներից մեկը նամակ էր գրում եւ որպեսզի դիմելաձեւը ճիշտ լինի՝ ինձ ասաց. «Տիկին Ջուլիետա, էս կնոջը ո՞նց դիմեմ, տիկին գրե՞մ, թե՞ օրիորդ, Դուք կիմանաք»: Աշխատել եմ 3 քաղսովետի նախագահի, երեք քաղխորհրդի նախագահի եւ 5 քաղաքապետերի հետ: Ու պիտի ասեմ, որ նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատանքը տարբեր էր: Աշխատանքի բերումով անմիջապես առնչվել եմ Մուրադ Մուրադյանի հետ` փոստը ես էի զեկուցում: Մինչեւ այսօր ականջներումս հնչում է նրա խստապահանջ ձայնը: Հետո փոխվեց աշխատանքային համակարգը, բայց հիմա էլ դա չի խանգարում, որպեսզի լավ ճանաչեմ իմ ղեկավարներին: Ես այսօր էլ պարոն Զախարյանի մակագրության ձեռագրից հասկանում եմ, թե նա ինչ հոգեվիճակում է մակագրել: Ի դեպ, պիտի ասեմ, որ Մուրադ Մուրադյանի եւ Երվանդ Զախարյանի գործելակերպի մեջ շատ նմանություններ կան: Մուրադ Մուրադյանից հետո մեկ էլ պարոն Զախարյանն է, որ կարող է իր աշխատակիցներին ընդունել եւ լսել:

– Իսկ մեր քաղաքապետերից ո՞վ էր ամենահումորովը:

– Երեւի ամենահումորով քաղաքապետը Սուրեն Աբրահամյանն էր: Նա շատ էր սիրում ոտքով զբոսնել քաղաքում: Մի անգամ էլ աշխատակիցներից մեկը, հարգանքից ելնելով, փորձում է ուղեկցել նրան, պարոն Աբրահամյանը շուռ է գալիս ու զարմացած ասում. «Կարող ես գնալ, ես քաղաքին լավ ծանոթ եմ»:

Մի անգամ էլ Մուրադ Օգանեսովիչի ժամանակ շատ ծիծաղելու բան ստացվեց, բայց քանի որ նա շատ խիստ մարդ էր, մենք դա հիշում ու ծիծաղում էինք տարիներ հետո: Այն ժամանակ յուրաքանչյուր շրջանի պատասխանատու ղեկավար խիստ պատասխանատվության էր ենթարկվում, եթե իր շրջանում մի բան այնպես չէր: Այդ անգամ էլ խորհրդակցության թեման հասարակական զուգարանների ոչ բարվոք վիճակն էր, իսկ էկրանին ցուցադրվում էին դրանցից մի քանիսը, որ նկարահանել էին Բարեկարգման տեսչության տեսուչները` ազգությամբ գերմանացի Էդուարդ Գուստինի ղեկավարությամբ: Նկարահանման ժամանակ այդ խցիկներից մեկում պատահաբար մարդ էր եղել, ու նրա ոտքերը եւս նկարել էին: Մինչդեռ բոլորը լարված էկրանին են նայում ու սպասում, թե ով պիտի նախատինքի արժանանա, Մուրադ Օգանեսովիչը լուրջ դեմքով ասում է. «Այ մարդ, էս մարդուն ինչի՞ եք կիսատ նկարել»:

– Իսկ մյուս քաղաքապետերի հետ կապված ի՞նչ կհիշեք:

– Հիշում եմ, քաղխորհրդի նախագահ Էդուարդ Ավագյանը քաղաքի արտաքին տեսքի գեղեցկությունը պահպանելու համար արգելել էր շենքերի դրսի կողմից լվացք չորացնելը, հակառակ դեպքում մարդիկ տուգանվում էին: Այդ ժամանակ ասում էին՝ «Հեն ա ասեք՝ լվացքը վճարովի է, էլի»: Իսկ գյումրեցիներն այս հրահանգի մասին իմանալով՝ ասում էին՝ «Երեւանում մի նախագահ են նշանակել, ընկել է կնանիքի ետեւից»:

Վանո Սիրադեղյանը շատ քիչ էր շփվում անձնակազմի հետ, նրան շատ քիչ էինք տեսնում: Նա մեր «ամենաանհասանելի» քաղաքապետն էր, քանի որ շատ քիչ էր լինում քաղաքապետարանում:

Ալբերտ Բազեյանը ամենախղճով քաղաքապետն էր: Իսկ «ամենաթիմային» քաղաքապետը Աշոտ Միրզոյանն էր, որ կարելի է ասել՝ «կադրային ջարդ» կազմակերպեց, ամբողջովին աշխատանքից ազատեց ղեկավար կազմին եւ նշանակեց իր մարդկանց: Դե, իսկ մենք պարտավոր էինք յուրաքանչյուրի հետ աշխատել իր ձեւով:

– Շատ քաղծառայողներ դժգոհում են ատեստացիաներից, իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

– Քաղաքացիական ծառայության ատեստացիան ճիշտ եւ լավ է այնքանով, որ պարբերաբար ծանոթանում ես երկրի օրենքներին ու սահմանադրությանը: Պարզապես ես գտնում եմ, որ քաղծառայողների հսկայական բանակը պետք է անպայման իր տոնական օրն ունենա: Ես նույնիսկ այդ առաջարկով դիմել եմ Քաղծառայության խորհուրդ: Քաղծառայողի օրը պետք է տոն լինի բոլորիս համար: