Ազգային փոքրամասնություններ. ուկրաինացիներ

04/05/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սիրո խոստովանություն` հայ ժողովրդին

Դեռեւս 19-րդ դարում Անդրկովկասի «փոքրամասնական ռուս կազակները» Վրաստանի Բորժոմի կիրճից տեղափոխվելով Հայաստանի ներկայիս Լոռու մարզի տարածք` Լոռու հինավուրց ամրոցի հանդիպակաց վայրում հիմնել են ուկրաինական Նիկոլաեւկո գյուղը, որի բնակիչներին նահանգապետն այսպես է բնութագրել. «նրանք աստվածավախ եւ աստվածապաշտ են, լռակյաց, նույնիսկ կարելի է ասել՝ մռայլ եւ խոժոռ, զգուշավոր, չշփվող, նրանք հարգում են ընտանեկան օջախը»: 1917թ. Նիկոլաեւկոյում ուկրաինացիների 59 ընտանիք է բնակվել: Դրանից հետո արդյունաբերության զարգացման արդյունքում նույնպես մեծ թվով ուկրաինացի ինժեներներ, գիտնականներ են եկել Հայաստան: Հայաստանում ուկրաինացիների ամենամեծ թիվը գրացվել է 1979թ.՝ 8900: Նրանց թվաքանակը մեզ մոտ ավելացել է նաեւ խառնամուսնությունների շնորհիվ. Խորհրդային տարիներին Ուկրաինայում ծառայող հայ երիտասարդները սիրահարվել են գեղեցիկ ուկրաինուհիներին, եւ նրանց հետ ամուսնացել: Սակայն 2001թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում մնացել է ընդամենը 1633 ուկրաինացի: Հայաստանի ուկրաինացիներից ոմանք էլ իրենց էթնիկ հայրենիքից հեռացել են բուհն ավարտելուց հետո` մասնագիտական բաշխման ժամանակ: Այս տարբերակով 1968թ.Հայաստան է եկել Հայաստանի Ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ռոմանյա Յավիռը: «2001թ. մարդահամարի արդյունքներն ուղղակի թյուրիմացություն են: Դա մենք բոլորին եւ միշտ ենք ասում: Շեշտակի նվազեցված է բնակչության թիվը: Ուկրաինացիների թիվը նվազեցված է մինչեւ 1040-ի: Այն դեպքում, երբ մեր համայնքում ներկայումս գրացված են 2 հազարից ավելի ուկրաինացիներ: Մենք նույնիսկ իշխանության ներկայացուցիչներին առաջարկել ենք ազգային փոքրամասնություններն անձամբ մարդահամար իրականացնեն` բնակչության թվաքանակը ստույգ պարզելու համար: Դրա համար, պարզապես, որոշակի գումար է պետք, եւ ոչ մեկը դրան առայժմ պատրաստ չէ»,- նկատում է տիկին Յավիռը, որն այս օրերին պատրաստվում է մեծ հանդիսությամբ տոնել Հայաստանի ուկրաինական համայնքի համար 1997թ. ապրիլից տպագրվող երկլեզվյա «Դնիպրո-Սլավուտիչ» ամսաթերթի 10-ամյա հոբելյանը: «Ուկրաինացիների շարքերը մեզ մոտ նոսրացել են այն պատճառով, որ տարեց ազգաբնակչության մի մասն արդեն մահացել է, շատերը զոհ են գնացել 1988թ. ավերիչ երկրաշարժին: Օրինակ, Գյումրիում մնացել է ուկրաինացիների 1/3-րդը: Եթե հայերն են լքելՀայաստանը, բնականաբար, ուկրաինացիները պետք է թողնեին երկիրը: Խորհրդային տարիներին անհրաժեշտ էր միայն ռուսերենի իմացություն, իսկ Հայաստանի անկախացումից հետո հայերենը դարձավ պետական լեզու, եւ մեր բոլոր մասնագետները` ուսուցիչները, գիտական աշխատողները, որոնք չգիտեին հայերեն, պարտադրված էին մեկնել Հայաստանից: Ամեն ինչ վերանայվեց ու դարձավ բացառապես հայերենով, ինչի համար ես այդքան շատ սիրում եմ հայերին: Որտեղ էլ դուք ապրեք, պահպանում եք ձեր հարազատ լեզուն: Նույնիսկ սովետական տարիներին, երբ եկա Հայաստան, այն ժամանակ էլ բոլորը խոսում էին հայերեն, ինչը չեմ կարող ասել իմ շատ սիրելի ուկրաինացիների մասին: Բոլոր հայերն ազգայնականներ են, ես դրա համար ձեզ շատ սիրում եմ, որ դուք կարողանում եք պահպանել ձեր մայրենի լեզուն: Իսկ եթե կա լեզու, ուրեմն կա ազգ, իսկ եթե կա ազգ, ուրեմն կա պետություն, ինչի մասին ես միշտ ասում եւ հորդորում եմ իմ ուկրաինացիներին: Երբ ես մեկնում եմ Կիեւ եւ տեսնում եմ, որ այնտեղ բոլոր ուկրաինացիները խոսում են ռուսերեն, ես նրանց հարցնում եմ, թե դուք ինչո՞ւ եք խոսում ռուսերեն, դուք ո՞ր պետությունում եք ապրում եւ ո՞վ եք դուք: Իմ ուկրաինացիները մոռացել են իրենց հարազատ ուկրաիներենը: Ես նրանց ասում եմ, դա նույնն է, որ դու մոռանաս քո հարազատ ծնողներին: Եվ որպեսզի այստեղ ապրող ուկրաինացիները չմոռանան իրենց հարազատ լեզուն, ես սկսեցի տպագրել ուկրաիներեն թերթ: Պետք է շատ լեզուներ սովորել, բաց չմոռանալ սեփական լեզուն: Բնականաբար, եթե չկա ազգություն, ուրեմն չկա եւ պետություն: Պատմությունից ես շատ լավ հիշում եմ, որ Եղեռնից փախչող հայուհիներն իրենց երեխաներին սովորեցրել են հայերեն սուրբ տառերով ավազի վրա նկարել: Իմ կարծիքով, ամբողջ ազգերի պատմության մեջ հայոց այբուբենն այն եզակիներից է, որ ունի բուժիչ հատկություն: Օրինակ, Ա- Աստված, Բ-բնություն, Ք-Քրիստոս. յուրաքանչյուր տառ ունի ինչ-որ նշանակություն, ամբողջ աշխարհում չկա նման այբուբեն: Երբ իմ տղան փոքր տարիքում բարձր ջերմությամբ տառապում էր, եւ ես ոչ մի կերպ չէի կարողանում այն իջեցնել, ես նրան թուղթ տվեցի եւ ասացի` նկարի գեղեցիկ հայերեն տառերը, ու նրա ջերմությունը 39-ից անմիջապես կտրուկ իջավ: Ձեր տառերը գեղարվեստական տեսանկյունից էլ շատ գեղեցիկ են»,- ասում է տիկին Յավիռը, ով Հայաստան է եկել Լվովի պոլիգրաֆիայի ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո, որտեղ ուսուցանել է նաեւ հայկական խումբ: «Ես ունեի կարմիր դիպլոմ, ունեի ընտրելու իրավունք եւ ցանկանում էի մեկնել Կիեւ: Դա 1968թ. էր, Տաշքենդի ավերիչ երկրաշարժի տարին, ռեկտորն ինձ ասաց՝ եթե դու Երեւան չգնաս, ես քեզ Տաշքենդ կուղարկեմ»,- պատմում է Յավիռը, որը չունենալով երկընտրանք, ճակատագրի բերումով հայտնվել է Հայաստանում եւ չի զղջում: Ապրելով Հայաստանում, նա սիրահարվել է Հայաստանին, որովհետեւ ասում է, որ հայերի հոգում ավելի շատ Աստված կա, որը հայի պատմության հետ է կապված:

Ուկրաինական համայնքը ամենաակտիվն է

Ռ. Յավիռի ներկայացմամբ, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների շարքում ուկրաինականն ամենաակտիվ գործող համայնքն է, ինչի վկայությունը 1997թ. «Դնիպրո-Սլավուտիչ» երկլեզվյա ամսաթերթի հրատարակումն է, որի մշտական խորագրի ներքո ուկրաիներենի քերականություն է ուսուցանվում համայնքի անդամներին: Նրանք ունեն նաեւ 4 գեղարվեստական համույթներ, օրինակ, մեծահասակների «Դնիպրո» եւ մանկական «Ձվինոչոկ» համույթները: Համայնքը հիմնականում տեղաբաշխված է Հայաստանի քաղաքային վայրերում (Երեւան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Ախուրյան եւ այլն): «Ոչ մի բան համայնքին անքան չի միավորում, որքան երգն ու մշակույթը»,- ասում է Յավիռը: «Դնիպրո-Սլավուտիչ» թերթը տպագրվում է ՀՀ կառավարության հովանավորությամբ, իսկ Ուկրաինայում տպագրվող տեղի հայկական համայնքի «Արագած» ամսաթերթը, փոխադարձաբար, ֆինանսավորվում է ուկրաինական կառավարության կողմից:

Ուկրաինական ազգային տոները

Տեղի ուկրաինացիներն իրենց տոնացույցով Հայաստանում նշում են բոլոր ազգային եւ կրոնական տոները` Սուրբ Ծննդյան տոնը, Զատիկը, Տարաս Շեւչենկոյի ծննդյան օրը, Ուկրաինայի անկախության օրը: «Բոլորս միասին նշում ենք Պասխան, Սուրբ հրաշագործ Նիկոլայի տոնը: Այսինքն՝ այն բոլոր տոները, որ տոնում են Ուկրաինայում, նշում ենք նաեւ այստեղ»,- ասում է Ռ. Յավիռը: Ուկրաինական ավանդույթի համաձայն, Սուրբ Ծննդյան տոնին սեղանին պետք է անպայման դրվի 12 ճաշատեսակ: «Եթե 12-ը չենք կարողանում, ապա գոնե 5-6 ճաշատեսակ պատրաստում ենք: Դրանցից մեկը «Կուտյան» է: Սեղանի բոլոր 4 ծայրերին դրվում է նաեւ սխտոր, իսկ սեղանի տակ դրվում է երկաթեղեն, կացին եւ գարեջուր` չար ուժերին վանելու համար: Ողջ աշխարհում տեղի ունեցող ասիմիլյացիայի ճնշման ներքո յուրաքանչյուր ավանդականն ու ազգայինը կամաց-կամաց մոռացվում է: Մեր երիտասարդությանը` առավելապես 15-17 տարեկաններին, մենք չենք կարողանում ներքաշել դեպի համայնք, որովհետեւ նրանք արդեն ուրիշ ձգտումներ ունեն, նրանց արդեն հետաքրքրական են հայկական սովորույթները, քան ուկրաինական»,- նկատում է ուկրաինական համայնքի ղեկավարը:

«Սալան»` ուկրաինական սնիկերս

Պոլտավայից արդեն 20-րդ տարին Հայաստան հարս եկած Սվետլանա Բաբիջն ասում է, որ ուկրաինական խոհանոցն առավել մոտ է ռուսականին: Սակայն, ուկրաինացիներն ունեն նախընտրած ուտեստներ եւ ճաշատեսակներ, որոնցից ամենահայտնին «սալան» է: Նույնիսկ ուկրաինացիներն այդ մասին հումոր ունեն: Երբ ուկրաինացուն մաքսատանը հարցնում են. «Քեզ մոտ թմրանյութ կա՞», նա պատասխանում է. «Այո»: Հետո հաջորդում է մաքսավորի մյուս հարցը. «Եվ դու այն քեզ հետ տանո՞ւմ ես»: «Այո, ես ինձ հետ տեղափոխում եմ 10 կգ «սալա»,- զարմանում է ուկրաինացին: «Հալուշկին» շատ նման է մեր հայերին լավ ծանոթ թաթար-բորակիին: Ուկրաինացիների սեղանին իր մշտական տեղն ունեն նաեւ յուրահատուկ բաղադրատոմսերով բորշչերը` սնկով, հատիկ լոբով եւ ձկան պահածոյով: Նրանց մոտ մեծ տարածում ունեն նաեւ տարբեր միջուկներով`կարտոֆիլով, կաթնաշոռով, հատապտուղներով, սնկով լցոնված «վարենիկները», որոնք ճաշակում են թթվասերով: Ս. Բաբիջն ասում էր, որ երկար տարիներ ապրելով Հայաստանում, ինքը շատ հեռացել է ուկրաինական ավանդույթներից, բայց շատ լավ հիշում էր, որ Ծննդյան տոներին ուկրաինացիները ծեսերգերով (կոլյադկի) միմյանց տներով ման են գալիս: Իսկ մեկ այլ ուկրաինական սովորույթի համաձայն, Նոր տարուն ցանկալի է, որ հյուր եկած անձնավորությունը տղամարդ լինի: Ուղղափառ ուկրաինացիները ցանկություն ունեն նաեւ Երեւանում հիմնել ուկրաինական եկեղեցի: Հայաստանում գործող եկեղեցի ուկրաինացիներն ունեցել են Նիկոլաեւկո գյուղում` սուրբ Նիկոլայ անվամբ, որը 1988թ. երկրաշարժից հետո գտնվում է վթարային վիճակում եւ չի գործում: Մայրաքաղաքում կառուցվելիք ուկրաինական եկեղեցին, թերեւս, մի փոքր ավելի ուշ իրականություն կդառնա, ամեն ինչ կախված է ֆինանսներից: Իսկ Երեւանի կենտրոնում արդեն տեղադրված է Տարաս Շեւչենկոյի հուշաքարը, որի տեղում կխոյանա մեծ բանաստեղծի հուշարձանը: