Հանրային հեռուստատեսությունը նախատեսում է հաջորդ տարի նկարահանել «Սարդարապատ» 10 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմը, որը կնվիրվի Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, այն կնկարահանվի խորհրդարանական ընտրություններում Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական կուսակցությունների վճարովի եթերից գոյացած 60-70 մլն դրամ գումարի շրջանակներում: Ա.Հարությունյանի խոսքերով, Հանրային հեռուստատեսությունը նախաձեռնել է նաեւ ֆիլմարտադրության միջազգային մի ծրագիր, որի շրջանակներում ֆրանս-գերմանա-հայկական համատեղ արտադրությամբ կնկարահանվի եւս մեկ գեղարվեստական կինոնկար: Ներգրավված կլինեն հայտնի դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից: Հայկական կողմից հանդես կգա նաեւ «Պարադիս» ընկերությունը: Հիմնական ֆինանսավորումը կիրականացնեն գերմանական եւ ֆրանսիական կողմերը: Ֆիլմը կնկարահանվի ծագումով հայ հայտնի մի ֆրանսիացի պրոդյուսերի աշխատանքի հիման վրա: Այժմ ընթանում է բանակցային գործընթացը: