Ես այնպիսին եմ, ինչպես բոլորը՝ ոչ լավ, ոչ վատ

04/05/2007 Զրույցեց Ֆլորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

2006թ.ամռանը Արմեն Ծատուրյանն ինքն իրեն նվեր արեց. հուլիսի 8-ին` իր 15-ամյակի օրը, նա դարձավ Լատինաամերիկյան պարերի պատանիների աշխարհի չեմպիոն: Այսօր Ծատուրյանը Ռուսաստանի պարային սպորտաձեւի ամենավառ եւ տաղանդավոր դեմքերից է: Բացի այդ, ինչպես հաստատում են գործին քաջատեղյակ մարդիկ, ոչ ոք չի կարողանում այդպես հստահ ու միանշանակ հաղթանակ տանել: Ահա մեր պատանի հայրենակցի ընդամենը մի քանի ձեռքբերումները` աշխարհի չեմպիոն (2006թ.), Ռուսաստանի չեմպիոն (2004, 2006թթ.), Գերմանիայի չեմպիոն (2006թ.), Ամերիկայի չեմպիոն (2005թ.), Հոլանդիայի չեմպիոն (2005թ.), Մոսկվայի չեմպիոն (2006թ.), եւն:

Շատերից էի լսել, որ Ծատուրյանն անթերի է պարում: «Այդ ի՞նչ ֆենոմենալ տղա է, որը 15 տարեկանում իրար հետեւից հաղթանակներ է տանում տարբեր մրցույթներում»,- մտածում էի ես: Արմենին հանդիպեցի պարապմունքների ժամանակ: Իր զուգընկերուհի Ալինա Ժարուլինայի հետ նա այնպիսի պարեր էր անում, որ ակամայից ուզում էիր միանալ նրանց պարին: Դե իհարկե, ո՞վ կդիմանա Ծատուրյանի կողմից կատարվող կրքոտ սամբային կամ ռումբային: Այդ տղան նույնիսկ պարապմունքների ժամանակ այնպես է պարում, որ զգացմունքները պարզապես դուրս են հորդում նրանից: Ամբողջովին տրվել պարին, լինի դա լուրջ մրցություն, թե ուղղակի պարապմունք. սա է Արմենի սկզբունքը: Մեր զրույցը երկար չտեւեց, քանի որ Արմենը չափազանց զբաղված էր:

– Դուք եւ Ալինան բոլորովին վերջերս եք անցել երիտասարդական կատեգորիա եւ արդեն հաղթել եք հերթական մրցույթում: Շնորհավորում եմ: Երեւի դժվար էր, չէ՞, որ առաջ ելույթ էիք ունենում պատանեկան մրցաշարերում, իսկ հիմա ձեր մրցակիցներից շատերը ձեզնից մեծ են եւ ավելի փորձառու:

– Այո, մենք շատ էինք հուզվում ելույթից առաջ, բայց մեր մարզիչը մեզ ասաց, որ եթե մտածենք, թե ինչ-որ մեկը մեզանից ուժեղ է՝ կպարտվենք, մենք պետք է հիշենք, որ չեմպիոն ենք, եւ ցույց տանք մեզ: Մենք էլ ցույց տվեցինք:

– Դուք մի՞շտ եք տրամադրված հաղթանակի, թե՞ լինում է այնպես, որ պարում եք ուղղակի հաճույքի համար:

– Մեք միշտ էլ հաճույքով ենք պարում, բայց մենք մարզիկներ ենք, իսկ լավ մարզիկը միշտ էլ պիտի տրամադրված լինի հաղթելու:

– Արմեն, դու այնպես ես պարում, որ քեզանից հսկայական էներգիա է ճառագում: Ի՞նչ է քեզ համար պարը` ավելի շատ սպո՞րտ է, թե՞ արվեստ:

– Կարծում եմ` եւ՛ մեկը, եւ՛ մյուսը: Եթե դու լավ մարզավիճակում ես, բայց առանց հուզականության ես պարում, ապա հաղթանակի հնարավորությունդ փոքր է: Եվ հակառակը, եթե պարում ես հոգով, բայց ֆիզիկապես վատ ես պատրաստված, դարձյալ դժվար թե հաղթես: Պարն ավելի շուտ արվեստ է հանդիսատեսի համար:

– Դու դարձել ես Լատինաամերիկյան պարերի աշխարհի չեմպիոն: Կարծում եմ` այստեղ քեզ հավասարը չկա ու չի լինի: Իսկ ինչո՞ւ հատկապես լատինաամերիկյան պարերն ընտրեցիր:

– Նախ` այդ պարերը շատ աշխույժ են ու գրավիչ, դրանք բարձրացնում են տրամադրությունը, երկրորդ` ավելի շատ են համապատասխանում իմ բնավորությանը, հատկապես սամբան` իմ ամենասիրած պարը:

– Ես կասեի` համապատասխանում են քո կովկասյան խառնվածքին, չէ՞ որ դու հայ ես: Ի դեպ, վաղուցվանի՞ց ես ապրում Ռուսաստանում եւ գիտե՞ս արդյոք հայերեն:

– Իհարկե գիտեմ: Մենք տանը հայերեն ենք խոսում: Մեր ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել 13 տարի առաջ, երբ ես դեռ շատ փոքր էի: Մի քանի տարի ապրել ենք Յարոսլավլում, այնտեղ էլ սկսեցի զբաղվել պարով: Երբ այնտեղ հաղթանակ տարա մի քանի մրցույթներում, դարձա Յարոսլավլի չեմպիոն, ինձ նկատեցին եւ Մոսկվա հրավիրեցին: Այդպես մեր ընտանիքը տեղափոխվեց մայրաքաղաք: Իսկ ես ծնվել եմ Երեւանում:

– Իսկ դու ի՞նքդ ես ցանկացել զբաղվել պարով:

– Չէ (ծիծաղում է. -Ֆ.Կ.), ես բացարձակապես չէի ուզում պարել: Մեզ` ինձ ու եղբորս, պարի է տարել մայրս: Նա ողջ կյանքում պաշտել է պարը: Ես 9 տարեկան էի, եղբայրս` 11: Սկզբում տհաճությամբ էինք գնում պարապմունքներին, իսկ երբ սկսեցինք լավ պարել, ինքներս սիրեցինք այս սպորտաձեւը:

– Իսկ ի՞նչ հաջողությունների է հասել եղբայրդ:

– Նա նույնպես տարբեր մրցանակներ է շահել, հիմա սովորում է ԱՄՆ-ում, շարունակում է պարել, դարձել է Ամերիկայի չեմպիոն:

– Դու առավոտից երեկո պարապմունքի ես, ելույթներ ես ունենում, իսկ ինչպե՞ս ես սովորում դպրոցում:

– Նորմալ, այնտեղ խնդիրներ չկան, լավ եմ սովորում, «4» ու «5»-ով: Նույնիսկ մետրոյում եմ հասցնում պարապել՝ պարի գնալու ճանապարհին:

– Ունե՞ս սիրած առարկաներ:

– Այո, դրանք շատ են, բայց ամենասիրածը ֆիզկուլտուրան է. չէ՞ որ ես սպորտսմեն եմ:

– Ինչպե՞ս ես անցկացնում ազատ ժամանակդ, հանդիպո՞ւմ ես ընկերներիդ:

– Մեկ-մեկ, ես ազատ ժամանակ համարյա չունեմ, օրը 6-7 ժամ պարապում եմ, տուն եմ հասնում գիշերն ու ընկնում մահճակալին:

– Մեծ հաջողությունների ես հասել պարի ասպարեզում: Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան, շարունակելու ես պարե՞լ, թե՞ մտադիր ես այլ մասնագիտություն ստանալ:

– Մասնագիտություն, իհարկե, կստանամ, բայց դեռ չեմ որոշել, թե ինչ: Իսկ պարելն անպայման կշարունակեմ: Ընդհանրապես հետագայում կուզեի մարզիչ աշխատել:

– Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում:

– 6 տարի առաջ, գնացել էի տատիկիս ու քեռուս այցի:

– Իսկ Ռուսաստանում քեզ դո՞ւր է գալիս:

– Չեմ ասի, թե շատ, բայց նորմալ է:

– Դու այստեղ քեզ երկրորդ կարգի մարդ զգո՞ւմ ես՝ որպես կովկասցի: Հասակակիցներիդ շրջանում վատ վերաբերմունք եղե՞լ է քո հանդեպ:

– Պատահում է: Իսկական ընկերներս այդպիսին չեն, իհարկե, բայց տղաներ կան, որոնք նախանձում են, ինձ այդպես է թվում: Այ, նրանք կարող են տհաճ բաներ ասել, բայց ես ուշադրություն չեմ դարձնում նման մարդկանց, քանի որ մեծամասնությունն ինձ շատ լավ է վերաբերվում: Ես շատ ընկերներ ունեմ:

– Դու փոխվե՞լ ես չեմպիոն դառնալուց հետո, աստղային հիվանդությունը ծանո՞թ է քեզ:

– Ծանոթ է, բայց ես դրանով չեմ տառապում:

– Իսկ ինչպե՞ս ես դա որոշում, շրջապատի մարդի՞կ են ասում, թե՞գ

– Չէ, ուղղակի ծնողներս ինձ այնպես են դաստիարակել, որ ես քիթս չեմ ցցում: Ես այնպիսին եմ, ինչպես բոլորը՝ ոչ լավ, ոչ վատ: Պարզապես շատ եմ աշխատում եւ չեմպիոն եմ դարձել, ընդամենն այդքանը: Բայց դա քիթը ցցելու պատճառ չէ:

– Երեւում է` ծնողներդ խիստ են եղել: Պատմիր, խնդրում եմ, ընտանիքիդ մասին:

– Կարծում եմ` ավելի լավ է մայրս պատմի, նա այսօր այստեղ է:

– Շատ լավ, ծանոթացրու մեզ: Իսկ վերջում ասա. երազանք ունե՞ս:

– Այո, դառնալ երիտասարդների աշխարհի չեմպիոն:

– Ես քեզ անկեղծորեն մաղթում եմ դա: Լավ, հերիք է, տեսնում եմ` շտապում ես:

– Շնորհակալություն, ներեցեք ինձ:

Մեր զրույցը շարունակում եմ Արմենի մոր` Մարինա Ծատուրյանի հետ:

– Մարինա, Դուք երջանիկ մայր եք, ձեզ ուղղակի կարելի է նախանձել: Դուք ունե՞ք հաջողակ մարդ դաստիարակելու ոսկե կանոն:

– Ես ոչ մի բան չեմ պլանավորել, պարզապես շատ եմ սիրում իմ երեխաներին, աշխատում եմ հասկանալ նրանց, ընտրության ավելի մեծ հնարավորություն տալ:

– Դուք ձեր երեխաներին բավականին խիստ եք դաստիարակել: Բայց թե՛ Ռուսաստանում, թե՛ Ամերիկայում երիտասարդությունը բավականին ազատ կյանք է վարում: Ի՞նչ եք կարծում, ձեր տղաները չե՞ն նեղվում, որ իրենց չի կարելի այն, ինչ մյուսներին կարելի է:

– Հույս ունեմ, որ ոչ: Մենք աշխատում ենք ոչ մի բան չարգելել. արգելված պտուղը քաղցր է: Նրանք խելացի տղաներ են ու գիտեն` ինչն է լավ եւ ինչն է վատ:

– Վերջին ժամանակներս Ռուսաստանում, հատկապես՝ Մոսկվայում, վտանգավոր է կովկասյան ազգության պատկանելը: Տղաներն այս առումով դժվարություններ ունենո՞ւմ են: Ինչպե՞ս է ձեր ընտանիքը լուծում այս խնդիրը:

– Իհարկե, որոշ խնդիրներ ծագում են, երբեմն վիրավորական արտահայտություններ ենք լսում, բայց աշխատում ենք երեխաներին չտրամադրել ողջ աշխարհի դեմ:

– Մարինա, որքան հասկանում եմ` դուք ձեր տղաներին հայկական ոգով եք դաստիարակել: Չե՞ք վախենում, որ նրանք ռուս կամ ամերիկացի կին կընտրեն:

– Բացարձակապես չեմ վախենում: Եթե նրանք սիրեն, ես կհարգեմ նրանց ընտրությունը: Ազգությունը նշանակություն չունի, կարեւորը սերն ու փոխադարձ հարգանքն է:

– Արմենն ասաց, որ կուզենար մարզիչ դառնալ: Դուք կո՞ղմ եք դրան:

– Այնքան էլ չէ: Կարծում եմ` տղամարդը պետք է լուրջ մասնագիտություն ունենա, որպեսզի կարողանա ընտանիք պահել: Կուզենայի, որ նա բժիշկ դառնար, նա շատ պատասխանատու եւ կարեկից մարդ է, ինչպիսին պետք է լինի իսկական բժիշկը:

– Իսկ ինչո՞ւ եք մեկնել Հայաստանից:

– Պատճառը նյութական դժվարություններն էին: Չէինք կարողանում բարեկեցիկ կյանք ապահովել մեր երեխաների համար: Պարային սպորտը շատ մեծ ծախսեր է պահանջում: Արմենի ամեն մի պարապմունքն արժե 60 եվրո, մենք ենք գնում բոլոր բեմական հագուստներըգ

– Իսկ Հայաստանից հետաքրքրվողներ եղե՞լ են, ֆինանսական աջակցության առաջարկներ չե՞ք ստացել:

– Ընդամենը հրավիրել են հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, իսկ հովանավորների մասին ոչ մի խոսք չի եղել: