Պատմությունը՝ վկա

03/05/2007

ՍԴՀԿ կենտրոնական վարչության մամլո դիվանը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը մի քանի օր առաջ «Ազատություն» ռ/կ-ով հայտարարել է, թե սփյուռքում, բացի դաշնակցականներից, ոչ հնչակյանները եւ ոչ էլ ռամկավարները գոյություն չունեն: «Հովհաննիսյանի եւ իր գլխավորած կուսակցության այս մոտեցումը չի զարմացնում մեզ: Նրանք վաղուց վարակվել են կուսակցությունն ամենքից ու ամեն ինչից վեր դասելու հիվանդությամբ: Նրանց համար սեփական կուսակցությունն առաջ է գալիս նույնիսկ ժողովրդից ու հայրենիքից: Վկա է պատմությունը: «Ձեր վաղեմի ընկեր դաշնակցությունը» կարգախոսով ընտրություններին ներկայացող այս կուսակցությունը մի անգամ չէ, որ խաբել է «ընկերներին», այսինքն՝ ժողովրդին, ու այժմ ժողովրդին հիմարի տեղ դրած, դարձյալ փորձում է խաբել նրան: 10 տարի լինելով իշխանության անբաժան մասնիկը, լինելով մեղսակից երկրում կատարված ամեն ինչին, նա չի ուզում ոչ մի պատասխանատվություն ստանձնել կատարվածի համար, նույնիսկ դավաճանելով կոալիցիայի իր գործընկերներին: Վահան Հովհաննիսյանին պետք է հիշեցնել, որ երբ հնչակյանները պայքարում էին հանուն Հայ Դատի լուծման, իր քաղաքական նախնիները նստած էին երիտթուրքերի կողքին»,- ասված է հայտարարությունում: