Հակասական ապրիլը

03/05/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2007թ. հունվար-ապրիլ ամիսների գնաճի նախնական ցուցանիշը։ Ապրիլին մարտի համեմատ գներն աճել են ընդամենը 0.1%-ով։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճի մակարդակը կազմել է 2.1%։

Նախորդ 6 տարիների համեմատ, սա ամենացածր ցուցանիշն է։

Ամեն անգամ ԱՎԾ տվյալներին անդրադառնալիս, դրանց հավատալ-չհավատալը թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։

Այս անգամ, սակայն, խոսենք ուրիշ բանի մասին։ Եթե ուշադրություն ենք դարձնում մյուս ցուցանիշներին, ապա առաջ են գալիս շատ հակասություններ։ Նախ՝ սկսենք նրանից, որ 2007թ. առաջին եռամսյակում մեր երկիրն արձանագրել է 11%-անոց տնտեսական աճ՝ նախատեսված 9%-ի փոխարեն։ Ընդ որում, նախատեսվածից այդ շեղումն իշխանություններն այնքան են կարեւորել, որ ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել բյուջեի ծրագրերը։

Իսկ բարձր տնտեսական աճի անբաժան ուղեկիցը բարձր գնաճն է։ Այս դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսական աճը գերազանցում է պլանավորված ցուցանիշը, իսկ գնաճը՝ ոչ։

Եվս մեկ հարց է առաջացնում դրամի փոխարժեքի եւ գնաճի փոխկապակցվածությունը։ ՀՀ Կենտրոնական բանկը միշտ հակասության մեջ է դրել փոխարժեքն ու գների մակարդակը։ Այսինքն, եթե դրամի արժեւորման դեմն առնեն, դա կհանգեցնի գնաճի։ ՀՀ տնտեսությունն այլընտրանք չունի՝ կա՛մ գնաճ, կա՛մ դրամի արժեքավորում, որից բողոքում են արտադրողները. այս միտքը մեխել են մարդկանց գիտակցության մեջ։ Սակայն ապրիլ ամիսը հետաքրքիր է նրանով, որ այդ ամսվա ընթացքում դրամը սկսեց արժեզրկվել։ Ապրիլի կեսերին կոնկրետ ԱՄՆ դոլարը 355-ից հասավ մինչեւ 370 դրամի։ Սակայն նույն այդ ժամանակաշրջանում գներն աճել են ընդամենը 0.1%-ով։ Բա ո՞ւր մնաց հակասությունը։ Առանձին հարց է նաեւ դրամի արժեզրկման պատճառը։ Եթե նախկինում ասում էին՝ դրսից շատ դոլարային տրանսֆերտներ են գալիս եւ գցում դոլարի գինը, ապա հիմա ի՞նչ՝ սկսել են քի՞չ ուղարկել։ Այս տարբերակն այնքան էլ հավանական չէ։ Շատ ավելի տրամաբանական էր թվում այն պատճառաբանումը, որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են. ցանկացած ընտրություն նշանակում է անորոշություն, հնարավոր ցնցումներ, իսկ այդպիսի պայմաններում ազգային արժույթը արժեզրկվում է։

Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ վերջին օրերի ընթացքում դրամը սկսեց վերստին արժեւորվել, եւ դոլարի միջին փոխարժեքն արդեն կազմում է 356 դրամ։ Միգուցե արդեն քարոզարշավի կեսից հստակ պայմանավորվե՞լ են՝ ով քանի տոկոս ձայն է ունենալու, եւ, հետեւաբար, անորոշությունը վերացել է։ Չենք կարող ասել։

Կարելի է, իհարկե, տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի նման այս անհասկանալի վայրիվերումները բացատրել «տղաներին փող է պետք» արտահայտությամբ։ Այսինքն, երբ դրամն արժեւորվում է՝ տղաներին փող է պետք, երբ արժեզրկվում է՝ առավել եւս փող է պետք, եւ այդպես շարունակ։

Փոխարժեքային երեւույթները կարելի է նաեւ պատճառաբանել ապրիլին տեղացած առատ ձյունով կամ էլ Եվրոպայի առաջնությունում մեր ծանրամարտիկների տարած փայլուն հաղթանակով։

Հասկանալի է, որ բոլորի «գլուխը» խառն է առաջիկա ընտրություններով՝ մեծից փոքր։ Սակայն հուսով ենք, Կենտրոնական բանկում ժամանակ կգտնեն եւ որեւէ կերպ կպատասխանեն այս հարցին՝ ինչո՞ւ դրամը մարտի վերջից սկսեց արժեզրկվել եւ ինչո՞ւ նորից սկսեց «վեր խոյանալ»։ Եթե դա բացատրվում է շուկայական գործոններով, առաջարկ-պահանջարկով եւ այլն, ապա խնդրում ենք՝ այդ դեպքում մեկնաբանել շուկայի վարքագիծը։