ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը մեկ-երկու ամիս առաջ Սահմանադրական դատարան հայց էր ներկայացրել վիճարկելու Ազգային ժողովի ընդունած «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ: Ընդ որում՝ հայցը ներկայացնելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն: Վ.Մկրտչյանի նախաձեռնությանը միացել էին 26 ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում՝ եւ նախկին ՀԺԿ-ական, այժմ անկախ համարվող Էմմա Խուդաբաշյանը: ՍԴ-ն պատգամավորների հայցը քննելու համար մայիսի 4-ին նիստ էր հրավիրել: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, վերջերս Է. Խուդաբաշյանն իր ստորագրությունը ետ է վերցրել: Սա նշանակում է, որ ՍԴ-ն մայիսի 4-ին այդ հայցը չի քննելու, որովհետեւ ներկայացնողների կազմից այդ մեկ ձայնը պակասում է: «Բայց դա չի նշանակում, որ ՍԴ-ն այդ հարցը այլեւս չի քննի,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վ.Մկրտչյանը: -Ինչքան էլ հետաձգեն, միեւնույն է, ես հետեւողական կլինեմ եւ ամեն ինչ կանեմ, որ գործը նորից մտնի ՍԴ: Սա մեր պետության համար խայտառակություն է, եւս մի անբարոյականության հետեւանք: Է.Խուդաբաշյանը դարձավ գործիք մեր իշխանությունների, նաեւ Սահմանադրական դատարանի ձեռքին: Ընդ որում՝ նույն Խուդաբաշյանը բավականին ամպագոռգոռ հայտարարություններ էր անում այս խնդրի շուրջ: Իսկ այսօր ձախողեց մեր նախաձեռնությունը եւ հարյուրավոր մարդկանց հույսերը: Ավելացնեմ, որ մենք երկու ամիս առաջ էինք հայցը ներկայացրել, իսկ ՍԴ-ն դիտմամբ բավականին ուշ էր նշանակել դատի օրը, որպեսզի ձախողի այն»: Վ.Մկրտչյանի ասելով՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն այդ քայլին հաստատ չէին գնա, որովհետեւ նախընտրական այս շրջանում այդ քայլով չէին վարկաբեկի իրենց կուսակցությանը: Փաստորեն նախաձեռնող խմբին դավաճանող միակ հարմար թեկնածուն տիկին Խուդաբաշյանն էր, որին էլ, չգիտես թե ինչով, գայթակղել են մեր իշխանությունները: «Այս օրերին քաղաքական դաշտը Արթուր Բաղդասարյանին քննադատում է դավաճանության մեջ, իսկ ինչո՞վ դավաճան չէ Էմմա Խուդաբաշյանը,- հարցնում է «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: -Խուդաբաշյանը դավաճանեց իր ժողովրդին»: Մենք փորձեցինք իր քայլի մասին մեկնաբանություն ստանալ նաեւ Է.Խուդաբաշյանից, սակայն նա կամ անհասանելի էր, կամ էլ իր փոխարեն ինչ-որ մեկն էր պատասխանում: