ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման ավարտին մնացել է մի քանի օր (առաջադրման գործընթացը կավարտվի մայիսի 5-ին):
Մինչեւ հիմա առաջադրվել է երեք թեկնածու` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը եւ ԼՂՀ Կոմկուսի նախագահ Հրանտ Մելքումյանը: Ինչպես արդեն նշել էինք, վերջերս ԼՂՀ խորհրդարանում ներկայացված կուսակցությունները համատեղ հայտարարություն էին ստորագրել` միասնական թեկնածու առաջադրելու նպատակով հիմնական սկզբունքների շուրջ: Ինչպես այդ ուժերից ոմանք են պնդում, միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ թեկնածուի շուրջ դեռ համաձայնության չեն եկել: Բանակցող կուսակցություններից մեկը` «Ազատ Հայրենիքը», վաղուց է հայտարարել «նախընտրած» թեկնածուի մասին (խոսքը Բակո Սահակյանի մասին է): Առայժմ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշում չեն արտահայտել մյուս երեք բանակցողները` Արցախի ժողովրդավարական, ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունները: Թե թեկնածուների շուրջ բանակցությունները ե՞րբ կավարտվեն` առայժմ պարզ չէ: Թերեւս պարզ է միայն այն, որ այդ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, չեն ձախողվում: Այսինքն, ինչ-որ մի թեկնածուի շուրջ համաձայնությունը կա (ամենայն հավանականությամբ, ելնելով նախընտրական զարգացումների տրամաբանությունից, այդ թեկնածուն Բակո Սահակյանն է): Եթե համաձայնություն չլիներ, ապա ՀՅԴ-ն, ինչպես նրանց ներկայացուցիչներն են միշտ շեշտում, իրենց սեփական թեկնածուի առաջադրմամբ կզբաղվեր: Կա նաեւ երրորդ տարբերակը. եթե բանակցությունները դեռ շարունակվում են, ապա ՀՅԴ-ին մնում է համաձայնել մյուս բանակցող ուժերի, մասնավորապես` «Ազատ Հայրենիքի» ներկայացրած թեկնածուի հետ, քանի որ սեփական թեկնածու առաջադրելու համար ժամանակ համարյա թե չի մնում: Նախընտրական զարգացումներում ինչ-որ տեղ «չեզոք» դեր է կատարում իշխող` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որը մինչեւ հիմա ոչ մի հայտարարություն չի արել: Ասենք, նույն Դաշնակցության նման, որը հայտարարել է, թե բանակցությունների ձախողման դեպքում կառաջադրեն իրենց սեփական թեկնածուին: Իսկ միասնական թեկնածուի գաղափարին թերեւս համաձայն չէ Կոմկուսը, որն արտահայտվել է սեփական թեկնածուի առաջադրմամբ: Ոչ խորհրդարանական կուսակցություններից միայն մեկն է դիրքորոշում արտահայտել: Դա «Սոցիալական արդարություն» կուսակցությունն է, որը հայտարարել է, որ պաշտպանելու է Բակո Սահակյանին: Օրերս միասնական թեկնածուի օգտին տարվելիք քարոզարշավին ակտիվ մասնակցության մասին հայտարարել է նաեւ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան: Իսկ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Արարատ Պետրոսյանը կտրուկ դեմ է արտահայտվել միասնական թեկնածուի «խորհրդային» գաղափարին: Թե այս վերջին մի քանի օրում էլ ով կառաջադրի իր թեկնածությունը` դեռ պարզ չէ: Սպասվում է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի առաջադրումը: Մեր տվյալներով, նա չի հրաժարվել այդ մտադրությունից, թեկուզ լուրեր են տարածվում, որ նա չի առաջադրվելու: Մնում է սպասել եւս մի քանի օր: