Հայաստան եւ Ադրբեջան. ֆուտբոլային հակամարտություն

03/05/2007

Թվում է, թե անլուծելի վիճաբանություն է ծավալվում կովկասյան երկու անհաշտ թշնամիների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2008թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ֆուտբոլային հանդիպումներն անցկացնելու վայրի շուրջ:

Ապրիլի 18-ին Կարդիֆում կայացած եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի` ՈՒԵՖԱ-ի գործկոմի նիստի ընթացքում չի հաջողվել որոշել, թե որտեղ պետք է անցկացվեն երկու կողմերի միջեւ այս տարվա աշնանը կայանալիք երկու հանդիպումները: Որոշվել է հուլիսի կեսին եւս մեկ հանդիպում գումարել այս խնդիրը լուծելու նպատակով: Ըստ «A» խմբի կանոնակարգի, երկու կողմերի միջեւ 2008թ. Եվրոպայի առաջնության որակավորման առաջին խաղը պետք է կայանար Բաքվում սեպտեմբերի 8-ին, որին պետք է հաջորդեր պատասխան խաղը Երեւանում` 4 օր անց:

Հայաստանը համաձայնել էր ընդունել ադրբեջանական թիմին, Ադրբեջանը դեռեւս պնդում է, որ թույլ չի տա հայ մարզիկներին խաղալ Բաքվում:

Մինչեւ որակավորման մրցաշարի վիճակահանությունը ՈՒԵՖԱ-ն նամակ էր հղել Եվրոպայի ֆուտբոլային պաշտոնյաներին` ներկայացնելով որակավորման հանդիպումների անցկացման կանոնակարգը: Նամակում ասված էր, որ բոլոր թիմերը պետք է ներքին խաղերն անցկացնեն սեփական երկրներում, իսկ իրենց պետությունը պետք է երաշխավորի այցելող թիմերի անվտանգությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պատրաստակամությունն է հայտնել մեկնել Բաքու, իսկ դրանից հետո հյուրընկալել ադրբեջանական թիմին Երեւանում: Սակայն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ), ինչպես նաեւ երկրի Սպորտի նախարարությունը հայտնել են, որ հայերին հնարավոր չէ ընդունել Բաքվում` փոխարենն առաջարկելով հանդիպումներն անցկացնել չեզոք դաշտում: Երկու երկրների միջեւ գրեթե երկու տասնամյակ շարունակվում է բացահայտ կամ կասեցված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների շուրջ: Հայերից շատերն ասում են, որ շփումների եւ համագործակցության կողմնակից են, մինչդեռ, բազմաթիվ ադրբեջանցիների կարծիքով, դա փորձ է՝ կարգավորել ստատուս-քվոն հայերի օգտին, եւ իրենք չեն կարող խրախուսել հայերի հետ որեւէ շփում` «քանի դեռ նրանք գրավում են մեր հողը»: Ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլեւ էթնիկ հայերին ընդհանրապես չի թույլատրվում այցելել Ադրբեջան` իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով: Երբեմն ադրբեջանցիները Հայաստան են գալիս, սակայն այդ այցերի ժամանակ նրանք կառավարութան անվտանգության ծառայության աշխատակիցների հսկողության տակ են գտնվում: Այս ամենը երկու միջազգային ֆուտբոլային հանդիպումների կազմակերպումը միջազգային մեծ գլխացավանք է դարձնում եւ՛ մարզիկների, եւ՛ ֆուտբոլասերների համար:

ԱՖՖ մամլո խոսնակ Տիգրան Իսրայելյանի խոսքերով, Հայաստանը հետեւում է ՈՒԵՖԱ-ի հանձնարարականներին եւ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Երեւանում ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար: «ՈՒԵՖԱ-ի կանոնադրության մեջ հստակ նշված է, որ ընդունող կողմը պարտավոր է ապահովել անվտանգության բոլոր միջոցները,- ասում է Իսրայելյանը,- Այժմ ՈՒԵՖԱ-ն պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ երկու կողմերն էլ արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումն այդ հանդիպումների վերաբերյալ»:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովն առաջարկել է երկու հանդիպումներն անցկացնել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում: «Մենք չենք կարող բարձրացնել այն երկրի դրոշը եւ կատարել օրհներգը, որը գրավել է մեր երկրի տարածքի զգալի մասը,- հայտնել է Ռահիմովը APA լրատվական գործակալությանը,- Առկա է նաեւ հարցի տեխնիկական կողմը` մենք չենք կարող երաշխավորել ամբողջ թիմի եւ ֆուտբոլասերների անվտանգությունը»: Ադրբեջանի ազգայնական՝ «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպության ներկայացուցիչ Ակիֆ Նագին ավելի կտրուկ է արտահայտվում. «Կարող եմ մի բան հաստատ ասել` քանի դեռ մենք թշնամիներ ենք, շփումների մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով պարբերաբար շփվում է ադրբեջանցիների հետ, ասում է, որ, իր կարծիքով, անվտանգության խնդիրը պարզապես պատրվակ էր: «Երկու երկրների իշխանությունները բավականաչափ ռեսուրսներ ունեն` եւ՛ ֆինանսական, եւ՛ քարոզչական, որպեսզի ապահովեն հանդիպումների նորմալ ընթացքը,- ասում է Նավասարդյանը,- Չեն ուզում այնպիսի տպավորություն ստեղծել, թե հայերը կառուցողական դիրքորոշում ունեն, իսկ ադրբեջանցիները` ոչ: Պարզապես ներկա իրավիճակում Հայաստանը մարտավարական քայլեր է ձեռնարկում, որպեսզի ցույց տա իր կառուցողական դիրքորոշումը եւ համաձայնությունը` Երեւանում խաղի կայացման հարցում, ֆուտբոլային մրցաշարում առավելություն շահելու համար»:

Ֆուտբոլը միակ սպորտաձեւը չէ, որում հայ եւ ադրբեջանցի մարզիկները պետք է մրցեն այս տարի: Աշնանը Բաքվում պետք է կայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, եւ յուրաքանչյուր քաշային կարգում առաջին ութ տեղերը զբաղեցրած մարզիկներն իրավունք կստանան մասնակցել մյուս տարի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը մինչ այսօր համոզված էր, որ հայ ըմբշամարտիկները կկարողանան մեկնել Բաքու: «Վերջերս ես հանդիպել եմ Աշխարհի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հետ, եւ նա ինձ վստահեցրել է, որ իրենք խոսել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ վերջինս խոստացել է ապահովել հայերի անվտանգությունը»,- ասում է նա:

Ադրբեջանի սպորտի նախարար Ռահիմովն ասաց, որ իր կառավարությունը կարող է ապահովել հայ ըմբշամարտիկների անվտանգությունը, ինչն ապացուցում է, որ ֆուտբոլային թիմին ներկայացված Բաքու ժամանելու արգելքը քաղաքական որոշում չէ:

IWPR-ի` «Կբարձրացնե՞ք արդյոք Հայաստանի դրոշը եւ կհնչեցնե՞ք հայկական օրհներգն այն դեպքում, եթե աշխարհի չեմպիոն դառնա հայ ըմբշամարտիկներից մեկը» հարցին Ադրբեջանի Սպորտի նախարարությունում ոչ ոք չպատասխանեց: Ադրբեջանցի մարզական մեկնաբան Էլնուր Ագաեւն ասում է, որ ոչ ոք Ադրբեջանում չի հավատում, որ հայ ըմբշամարտիկներից որեւէ մեկը կարող է առաջին տեղը գրավել, սակայն Հայաստանի ֆուտբոլային թիմն ավելի լուրջ հավակնություններ ուներ: Հայ ֆուտբոլիստներից ոմանք խաղում են Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբներում, եւ հայկական թիմն ադրբեջանցիներին պարտության մատնելու լավ հնարավորություն ունի. այդ դեպքում առկա է խաղից հետո բռնության ծավալման ռիսկը:

ԱՖՖԱ-ի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը հայտնել է IWPR-ին, որ չի կարող ընդունել հայկական թիմին Բաքվում, նույնիսկ ՈՒԵՖԱ-ից հեռացվելու սպառնալիքով: Նրա հավաստմամբ, այդ գաղափարն ինքնին «լուրջ չէր»: Թվում է, որ գոնե Երեւանում կայանալիք խաղը տեղի կունենա, քանի որ, ՀՖՖ-ի ներկայացուցչի խոսքերով, եթե այցելող թիմը հրաժարվի խաղից, ընդունող թիմին հաղթանակ կգրանցվի 3-0 հաշվով, իսկ բացակայող թիմը կարող է որակազրկվել հաջորդ առաջնության ժամանակ: Երկու երկրներում էլ ֆուտբոլասերների մեծամասնությունն անհամբեր սպասում է առաջիկա հանդիպումներին: Ադրբեջանցի երկրպագու 22-ամյա ուսանող Էմիլ Ջաֆարլին հույս ունի, որ Ադրբեջանի խաղը կկայանա Բաքվում, քանի որ նա միջոցներ չունի այլ երկիր մեկնելու համար: «Որտեղ էլ կայանա հանդիպումը, հույս ունեմ, որ մեր տղաները կհաղթեն,- ասում է նա։ -Բոլորովին նորմալ եմ ընդունում այն փաստը, որ ֆուտբոլը քաղաքականության է վերածվել` հաշվի առնելով, որ մենք Հայաստանի հետ թշնամիներ ենք»:

«Նույնիսկ խորհրդային տարիներին Երեւանի «Արարատի» եւ Բաքվի «Նեֆթչիի» հանդիպումները շատ լարված էին անցնում,- ասում է 36-ամյա Գեւորգը Հայաստանից,- Այն ժամանակ մենք նույն պետության կազմում էինք, ու, թեեւ մեր միջեւ լուրջ հակասություններ չեն եղել, սակայն երբեմն մարզադաշտերում իսկապես տհաճ միջադեպեր են եղել»:

Իրավապաշտպան Ավազ Հասանովը ցանկանում է, որ երկու հանդիպումներն էլ կայանան ընդունող կողմերի մայրաքաղաքներում: «Եթե մենք ընդունենք հայկական թիմին Բաքվում, ապա դա կնշանակի, որ մեր հարաբերությունների կարգավորման հարցում ինչ-որ դրական տեղաշարժ կլինի,- ասում է Հասանովը։ -Սպորտը հայրենիք կամ ազգություն չի ճանաչում: Իսկ Ադրբեջանի թիմն իր գեղեցիկ խաղով պարտության կմատնի հայկական թիմին»:

Վաֆա ՋԱՖԱՐՈՎԱ (Բաքու),
Արթուր ՆԱԶԱՐՅԱՆ
(Երեւան),
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
(Վանաձոր)

Հ.Գ. Հոդվածը պատրաստվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի շրջանակներում եւ արտատպվում է IWPR-ի Կովկասյան լրատուից: