Ազատության հրապարակում երեկ կայացել է «Իմպիչմենտ» դաշինքի հերթական հանրահավաքը, որին, տարբեր գնահատականներով մասնակցել է մոտ 10.000 մարդ: Հանրահավաքին ներկա է եղել նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Քիչ անց՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած հանրահավաքից հետո «Իմպիչմենտի» հանրահավաքին միացել է նաեւ «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի վերջում բոլոր ընդդիմադիր գործիչները բարձրացել են բեմ: Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները Թումանյան-Աբովյան փողոցներով երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Ճանապարհին մարդկանց բաժանվել են սուլիչներ, որոնցով նրանք «սուլում էին այս իշխանություններին» ու նաեւ այդպիսով պահանջում նրանց հեռացումը: Երկու փողոցներն էլ երթի ընթացքում փակվել են՝ փողոցով շարժվել են հանրահավաքի մասնակիցները՝ «Իմպիչմենտի» օրացույցները վեր պարզած, իսկ մայթերով՝ ոստիկանության աշխատակիցներն ու պատահական անցորդները: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 3-ին, դարձյալ Ազատության հրապարակում: