Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երրորդ անգամ հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելու իր ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։
Այս անգամ հարցման են ենթարկվել միայն երեւանցիները, եւ պարզվել է, որ ընտրություններին մասնակցելու է նրանց 56%-ը։
Ընտրությունների հնարավոր մասնակիցների 83%-ն արդեն որոշել է՝ ում է ձայն տալու մայիսի 12-ին կայանալիք ընտրություններին։ Սա Ա. Ադիբեկյանին հիմք է տվել եզրակացնելու, որ քաղաքական ուժերի քարոզարշավի թիրախը մնացած 17%-ը՝ «չկողմնորոշված ընտրողներն են», հետագա պայքարն այս ձայների համար է։
Ընդհանուր ասելիքը, սակայն, նախորդ հարցման արդյունքներից շատ չէր տարբերվում եւ լիովին կարող է տեղավորվել պրն Ադիբեկյանի ասած այս նախադասության մեջ՝ Երեւանի բնակչությունն ունի 2 շերտ՝ մի մասը Հայաստանի Հանրապետական կուսակցության համակիրներն են, մյուս մասը՝ «Բարգավաճ Հայաստանի»։ Ապրիլի 21-ին անցկացված հարցման արդյունքներն այսպիսին են՝ ամենից շատ ձայներ ունի ՀՀԿ-ն՝ 28.6%, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 26.4%, հետո հաջորդում են ՕԵԿ-ը՝ 11.8%, «Ժառանգությունը»՝ 8%, ՀՅԴ-ն՝ 6.4%, եւ «Ազգային Միաբանությունը»՝ 4.6%։ Հիշեցնենք, որ սա միայն Երեւանի արդյունքներն են. հանրապետության կտրվածքով անցկացված հարցման ժամանակ Արտաշես Գեղամյանի կուսակցությունն ուներ 7% ձայն։
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը», Ա. Ադիբեկյանի համոզմամբ, անպայման ներկայացված կլինեն խորհրդարանում։ Իսկ ՀՅԴ-ն, ԱՄ-ն ու Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը կհաղթահարեն 5%-ի արգելքը, եթե նրանց հաջողվի իրենց կողմը շեղել չկողմնորոշված ընտրողներին։
Ձայների բաշխվածությունն, ըստ ընտրողների սոցիալական դիրքի, այսպիսին է. 16% կազմող պետական ծառայողների 4.8-ը գերադասում են ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին վստահում են նաեւ մասնավոր սեկտորում աշխատողներն ու գործազուրկները։ Իսկ տնային տնտեսուհիներն ամենից շատ վստահում են ԲՀԿ-ին։
Հետաքրքիր պատկեր է նաեւ առանձին կուսակցությունների պոտենցիալ ընտրողների բաշխվածությունը՝ ըստ կրթական մակարդակի։ Այս առումով, ամենաինտելեկտուալը կարելի է համարել ՀՅԴ-ի ընտրազանգվածին. 58%-ն ունի բարձրագույն կրթություն, միջին մասնագիտական եւ միջնակարգ կրթություն ունեցողները կազմում են 21-ական տոկոս։
«Ժառանգության» բարձրագույնավարտ ընտրողները 42% են, իսկ ՀՀԿ-ի ցուցանիշը 40% է։ ԲՀԿ-ի ընտրազանգվածում գերակշռում են միջնակարգ կրթություն ունեցողները՝ 52%։ ՕԵԿ-ի, ԱՄ-ի եւ ԺԿ-ի մոտ միջնակարգ կրթությամբ ընտրողները հավասար տեսակարար կշիռներ ունեն՝ 44-ական տոկոս։
Երեւանցիների 42.9%-ի կարծիքով, ըստ Ադիբեկյանի, ընտրությունները կանցնեն լուրջ խախտումներով։ 20.6%-ը կարծում է, որ խախտումներ կլինեն, բայց թեթեւ, իսկ 22.1%-ը գտնում է, որ առաջիկա ընտրությունները կլինեն ավելի արդար, քան նախորդները, բայց ոչ այնքան՝ որ բավարար մակարդակ ունենան։
Մնացած փոքր կուսակցություններին Ա. Ադիբեկյանը չանդրադարձավ, քանի որ նրանց ունեցած ձայները քիչ են։ «Փոքր կուսակցությունները շատ են նեղանում»,- խոստովանեց սոցիոլոգը՝ բացատրելով, որ նրանք ընկնում են հարցման սխալի տակ, եւ 1-1.5%-ը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ԱԺ մտնելու համար, այդ իսկ պատճառով նա նպատակահարմար չգտավ նրանց անդրադառնալ։
Նախկին ասուլիսից կրկնություններ էլ եղան. սոցիոլոգը նորից խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի ձայնով (ճիշտ է, այս անգամ շատ ավելի կարճ, սակայն այսպես շարունակվելու դեպքում կարող է սովորություն դառնալ)։ Եվ, իհարկե, առանձին անդրադարձավ Տիգրան Կարապետիչին (կամ ինչպես ինքն ասաց՝ Տիգրանիչին), եւ նրա արած արտահայտությունների արդյունքում իր նկատմամբ սիրո քանակի ավելացմանը։
Հնչած նոր մտքերից մեկն այն էր, որ մարդու մարմնի չափերը կարող են դեր խաղալ նախընտրական պայքարում։ Օրինակ, «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ սկզբնական շրջանում համակրանքը մեծ էր, քանի որ՝ «ԲՀԿ-ի մոտ պոպուլիստական լոզունգները բավականին շատ են, խոստումները բավականին մեծ են: Երեւի համեմատում են պարոն Ծառուկյանի գաբարիտների հետ եւ ասում են` այդպես էլ կլինի: Փոքր գաբարիտների մարդը եթե ասեր, երեւի…»,- ասաց սոցիոլոգ Ադիբեկյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե նման տրամաբանության դեպքում՝ Սերժ Սարգսյանի «գաբարիտները» հաշվի առնելով, ՀՀԿ-ի վարկանիշը պետք է որ շատ ցածր լիներ, Ա. Ադիբեկյանը պատասխանեց, որ դա ոչ թե Սերժ Սարգսյանի վարկանիշն է, այլ Հանրապետական կուսակցության:
Նշենք նաեւ, որ Ահարոն Ադիբեկյանը բավական սրտնեղած էր, որ իրեն մեղադրում են ծախվածության, նկարչության եւ, ընդհանրապես, «սուտիբեկության» (հեղինակային իրավունքները պատկանում են Տ. Կարապետյանին) մեջ։ Պրն Ադիբեկյանը ներկաներին հիշեցրեց, որ ինքը երկար տարիներ է, ինչ զբաղվում է հարցումներով, «ամպից չի թռել», եւ, որ իր հետ համագործակցում են շատ լուրջ ընկերություններ։
Իսկ ամենից շատ նա նեղվել էր այն հանգամանքից, որ «Պոպուլուս» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքներին «մանկամիտ եւ տգիտությամբ տառապող քաղաքական գործիչները» չարձագանքեցին, մինչդեռ այնտեղ գրեթե նույն պատկերն էր՝ առաջատարները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին։ Այդպիսի վարքագիծը պրն Ադիբեկյանը բնորոշեց որպես «շիզոիլություն» եւ բացատրեց, որ այն որոշակի երանգներով տարբերվում է շիզոֆրենիկությունից։
Սակայն երեւի թե պետք չէ այդքան նեղվել, որ «Պոպուլուսին» բան չեն ասում, իսկ իրեն ինչ ասես ասում են։ Չէ՞ որ նման բուռն արձագանքը վկայում է պրն Ադիբեկյանի ճանաչվածության մասին։ Բացի այդ, «Պոպուլուս» անունը, ի տարբերություն նրա ազգանվան, այնքան էլ հարմար չէ արտահայտիչ բառախաղ ստանալու համար: