Կառավարությունը պետք է չափի մեջ լուսաբանի

29/04/2007

Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵՊՀ-ում հայտարարեց, թե համաձայն չէ բնորոշմանը, որ լրատվամիջոցները խախտում են նախընտրական հավասարակշռությունը՝ լուսաբանելով վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությունը, ով նաեւ ՀՀԿ ղեկավարն է եւ գլխավորում է այդ կուսակցության համամասնական ցուցակը: «Կառավարությունը շարունակում է աշխատել, Սահմանադրությունը չի ասում, որ քարոզարշավի ժամանակ կառավարությունը կարող է կիսով չափ աշխատել, կարող է նիստեր չհրավիրել, որոշումներ չկայացնել»,- ասաց նա՝ հավանաբար մոռանալով, որ այդ նույն Սահմանադրությունից բխող օրենքներն էլ պաշտոնյաներին արգելում են զբաղվել քարոզարշավով: Այդ ընթացքում նրանք կամ պետք է հրաժարական տան, կամ «արձակուրդ գնան»: Մինչդեռ այսօր ընտրվել է «ոչ աշխատանքային ժամերին» քարոզելու տարբերակը: Ըստ Ռ. Քոչարյանի, վարչապետի աշխատանքը ոչ թե նպաստում է քարոզչությանը, այլ նույնիսկ՝ խանգարում է: «Գործող իշխանությունն ունենալով որոշակի առավելություն, այսպես կոչված ադմինիստրատիվ ռեսուրսի տեսանկյունից, ունի նաեւ որոշակի խնդիրներ, որ չի կարողանում ամբողջությամբ նվիրվել քարոզարշավին: Ուղղակի հնարավոր չի: Ես այդ ճանապարհով անցել եմ եւ գիտեմ, որ ժամանակի ուղիղ կեսը դու ստիպված ես անել այն պարտականությունները, որոնք Սահմանադրությամբ եւ օրենքով դու պարտավոր ես անել, այլ ելք չկա: Եվ եթե, ըստ էության, վարչապետը կամ ՀՀԿ ղեկավարների այդ հատվածն ընդհանրապես չլուսաբանվի, ապա իրենք կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում, քան ուրիշները, որոնք կարող են առավոտից սկսել եւ մինչեւ գիշերվա 12-ը զբաղվել միայն քարոզարշավով»,- նշեց նա եւ առաջարկեց ԵԱՀԿ դիտորդներին, որ նրանք տարանջատեն, թե Ս. Սարգսյանի գործունեությունից որքանն է լուսաբանվել՝ որպես վարչապետ եւ որքանը՝ որպես ՀՀԿ քարոզարշավ: «Իհարկե, նաեւ կառավարությունը պետք է չափի մեջ լուսաբանի իր ընթացիկ գործունեությունը եւ չստեղծի մի վիճակ, երբ սովորական, այսպես, ռեժիմներից շատ ավելի է լուսաբանվում, հաշվի առնելով քարոզարշավը»,- թեման եզրափակեց Ռ. Քոչարյանը: