«Ինձ կուտեին»

29/04/2007

ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե իր եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը հավանաբար կկայանա հունիսի

10-ին՝ Սանկտ Պետերբուրգում, եւ հիմա համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Ըստ նրա, ընդհանրապես հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի դիմակայել Ադրբեջանին, անկախ նրանից, թե ինչպիսին է ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանային իրավիճակը: Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ Ռ. Քոչարյանը հայտարարեց, թե գործընթացն ակտիվ փուլում չէ: Ըստ նրա, Օսկանյան-Մամեդյարով վերջին հանդիպումն «ավելի մեղմ մթնոլորտում» է անցել, քան նախորդը: «Սա հիմք ծառայեց շատերի համար ավելի լավատեսություն ունենալու համար: Ես այդքան էլ այս պահին լավատես չեմ»,- հայտարարեց նա: Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանն օրերս հայտարարել էր, թե կողմերն առավել, քան երբեւէ մոտ են խնդրի կարգավորմանը: Ռ. Քոչարյանին երեկ հարց ուղղվեց նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւանքների մասին: Նրա խոսքերով՝ Ցեղասպանության ճանաչումը չի նշանակում, որ Թուրքիան պարտավոր է հետ վերադարձնել պատմական ՀՀ-ի տարածքները: «Իրականում, եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դա այսպես, իրավունքի ուժով կամ ընդունման տրամաբանությունից, այսպես չի նշանակելու, որ ինքը պարտավոր է անմիջապես վերադարձնել այդ հողերը: Այդպիսի իրավական ուղղակի հետեւանքներ չեն առաջանալու: Սա է իրականությունը,- հայտարարեց նա, սակայն այնուամենայնիվ չբացառեց հետագայում Թուրքիայից փոխհատուցում պահանջելը՝ ասելով,- Այլ հարց է, որ հայերը կարող են խոսել ընդհանրապես կոմպենսացիաների մասին, որ եթե այդպիսի դեպք եղել է, տուժածներ կան, կա 1,5 մլն զոհ, տեղահանվածներ եւ այլն, ապա պատրա՞ստ է Թուրքիան քննարկել կոմպենսացիայի հետ կապված ինչ-որ հարցեր: Թե ինչ կարգի կոմպենսացիա՝ դա կարող է լինել բանակցությունների առարկա: Թեկուզ դժվար է այսօր, նույնիսկ այս պարագայում, մտածել, որ Թուրքիան կարող է նման որեւէ քայլի գնալ: Բայց ուղղակի իրավական հետեւանք դժվար թե այստեղ առաջանա»: Միաժամանակ Ռ. Քոչարյանը երեկ նշեց, որ ՀՀ-ն կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, քանզի շահեկան է ավելի կանխատեսելի եւ ժողովրդավարական հարեւան ունենալը: Նա նշեց նաեւ, թե ՀՀ-ն պարզապես դեմ է արտահայտվում Թուրքիայի արտոնյալ անդամակցությանը, եթե այդ երկիրն անդամակցի ԵՄ-ին՝ պահանջների ոչ ամբողջական փաթեթը բավարարելով: Պատասխանելով Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին՝ Ռ. Քոչարյանը հայտարարեց. «Ոչ իրավական ճանապարհով իշխանափոխությունը հղի է նման հետեւանքներովգ Այն ժամանակ բոլոր որոշումները ոչ թե իրավական հողի վրա էին ընդունվում, այլ քաղաքական պահից էին թելադրվում: Ցավալի է, բայց սա ոնց որ մշակույթ է դառնում երկրի համար: Պատկերացնում եմ, եթե ես նման հիմնավորումներով ԱԺ-ն լուծարեի: Պատկերացնո՞ւմ եք, այն, որ մի քանի հոգի մի ֆրակցիայից գնացին մյուսը, հիմք ծառայի լուծարել ԱԺ-ն: Ինձ կուտեին»: Բարեբախտաբար, նախագահին չեն կերել, եւ նա երեկ խոսեց նաեւ Իրանի միջուկային ծրագրերի մասին: Ըստ նրա, ՀՀ-ի համար անցանկալի է, որ Իրանն ունենա միջուկային զենք: Մյուս կողմից էլ, նրա խոսքերով՝ Իրանը չունի նաեւ այդպիսի զենք ստեղծելու նպատակ: «Դա մեր հանդիպումների ժամանակ անձամբ ինձ փոխանցել է Իրանի նախագահ Ահմադինեջադը»,- տեղեկացրեց նա՝ ընդգծելով, որ ինքը չի հավատում որեւէ պատժամիջոցի: «Քանի տարի է Թուրքիան սահմանը փակ պահում ՀՀ-ի հետ, ինչի՞ են հասել՝ ոչ մի բանի: Եվ մտածել, որ եթե սահմանը շարունակեն փակ պահել, մենք կհրաժարվենք Ցեղասպանության ճանաչման մեր ջանքերից, իհարկե, չի լինելու»,- հայտարարեց Քոչարյանը: Նա երեկ նաեւ հայտարարեց, որ մեր երկիրն անցումային փուլի ամենաբարդ հատվածը հաղթահարել է. «Այն արմատական բարեփոխումները, որոնք պետք է երկրում իրականացվեին՝ ուժերի տարանջատման, սեփականաշնորհման, շուկայական տնտեսության ձեւավորման առումով, երկրում արված է, բայց դեռ անելիքները շատ-շատ են: Երկիրը դեռ գուցե մեկ 5-ամյակ լինելու է անցումային փուլում գտնվող երկիր»: Ի դեպ, նրա նշած արմատական բոլոր բարեփոխումների հիմնական մասն իրականացվել է իր նախորդի օրոք: