«Այսօր, երբ մարդիկ իրար հարցնում են՝ ո՞ւմ ես ընտրելու, պատասխանը լինում է՝ դեռ չեմ որոշել, չգիտեմ, կամ էլ՝ ոչ մեկին էլ չեմ ընտրելու, ընտրություններին չեմ գնալու,- նկատել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: -Այս տրամադրությունը շատ խորն է նստած հասարակության մեջ, տարիների կենսափորձի արդյունք է, եւ ես չեմ կարծում, թե առաջիկա ընտրություններին հասարակությունն ակտիվ կլինի»:
Մեր ժողովուրդն արդեն անցել է բազմաթիվ ընտրությունների միջով, եւ այդ ընտրություն կոչվածի, դրանից հետո եւ առաջ կատարվող գործընթացների մասին ունի բավականին կարծրացած պատկերացումներ: Մարդիկ արդեն գիտեն, թե ձայներ ակնկալելու նպատակով իրենց դուռը եկած պատգամավորական թեկնածուներն ի՞նչ խոստումներ են տալիս, եւ ընտրություններից հետո ինչպե՞ս են տեր կանգնում իրենց խոսքին: Նրանք նույն թեկնածուին լսել են անցած ընտրությունների ժամանակ, լսում են նաեւ հիմա եւ տեսել են նրա խոսքի ու գործի մեջ եղած ահռելի տարբերությունը: Տեսել են, որ սարեր խոստացող մարդ-թեկնածուն այս 3-4 տարիներին ոչ մի անգամ չի եկել ու իրենց հոգսերից չի հետաքրքրվել: Եվ հիմա նույն մարդը նորից եկել է եւ մեծ ոգեւորությամբ նույն խոստումներն է տալիս: Պարզ է, որ նման պայմաններում հասարակությունն անտարբեր կլինի թե՛ այդ մարդու, եւ թե՛ ընդհանրապես բոլոր ընտրվողների եւ ընտրությունների նկատմամբ: Տիկին Նալչաջյանի կարծիքով՝ այսօր հասարակության մեջ ընտրությունների մասին բավականին բացասական կենսափորձ կա կուտակված. մարդիկ հիասթափությունների մեծ շղթա են անցել, դրա համար էլ չեն ոգեւորվում: Նման անտարբերության պայմաններում այսօրվա մեր քաղաքական գործիչների համար դժվար է իրենց ետեւից զմայլված ամբոխ տանել: Թեպետ հոգեբանը չի բացառում, որ նման անտարբերությունը որոշակի առումներով ձեռնտու է շատ քաղաքական գործիչների, եւ դիտմամբ է ստեղծվել այդ վիճակը: Հասարակությունն ընտրությունների չի գնա, իսկ իշխանական լծակներ ունեցող գործիչները կօգտվեն առիթից եւ իրենց ուզած արդյունքները կնկարեն: Հոգեբանի կարծիքով, արդարության պահանջը կամ ապագայի մասին ծրագրերն այսօր ի զորու չեն մեր հասարակությանը պայքարի հանել: Մեր հասարակությունն այլեւս փողոց դուրս չի գա եւ արդար ընտրություններ, իշխանափոխություն չի պահանջի: Ժողովուրդը դարձել է եսակենտրոն եւ պատրաստ է իր ձայնը տալ նրան, ումից ինչ-որ բան կստանա, թեկուզ 5000 դրամ ընտրակաշառք: Չկա այլեւս նախկին հավատն ու ոգեւորվածությունը, որ մարդկանց համախմբի: «Վերջին անգամ մարդկանց ամենամեծ հավաքը եղել է Եղեռնի 90-ամյակի միջոցառմանը,- երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշում էր հոգեբանը: -Այսօր մեր հասարակությունն ավելի շատ խմբվում, միավորվում է ցավի, պատմական հիշողության համար, քան թե ինչ-որ մի գործչի կամ գաղափարի շուրջ»:
Այսօր հասարակությունը նոր առաջնորդի պահանջարկ ունի: Կ.Նալչաջյանի կարծիքով, հասարակությունն ունի նաեւ հերոսի, ռազմականացված մարտիկի պահանջարկ: Մյուս կողմից էլ՝ կա իմաստուն, բոլոր հարցերի պատասխանն ունեցող կամ էլ դրան հակառակ «հարուստ քեռու» կերպարով առաջնորդի պահանջարկ: Ինտելեկտուալ մարդիկ քաղաքականության մեջ քիչ են պատահում, դրա համար էլ քաղաքական դաշտը դարձել է «անտիինտելեկտուալ»: Մարդկանց վրա ազդելու համար ուրիշ՝ ավելի մակերեսային հատկանիշներ են պետք: Հոգեբանի կարծիքով, այսօր մեր հասարակությանը պետք են խարիզմատիկ կերպարներ: «Ուժեղ, խարիզմատիկ գործիչներ մենք չունենք»,- գտնում է տիկին Նալչաջյանը:
Հոգեբանն անդրադարձավ նաեւ կուսակցությունների թեմային եւ այն հարցին, թե այդ ինչպե՞ս է լինում, որ նորաստեղծ կուսակցությունն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քաղաքական առումով ավելի լավ վիճակում է հայտնվում, քան տարիների փորձ ունեցող եւ բազմաթիվ ընտրությունների բովով անցած կուսակցությունները: Պարզ է, որ նման համեմատությունն անում են՝ նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Հոգեբանի կարծիքով, այստեղ արդեն նշանակություն ունի առաջնորդի կերպարը: Եթե այդ կուսակցության լիդերն ուժեղ, հարուստ մարդու կերպար ունի, ապա նրան հեշտ է զանգվածներ հավաքել: Մարդիկ ուժեղի հետեւից են գնում, իսկ ֆինանսական միջոցներն ուժ են տալիս: «Նույնիսկ երազում է այդպես,- մեկնաբանում է բանախոսը: -Եթե մարդիկ երազում փող են տեսնում, ապա դա համարում են ուժի, հզորության սիմվոլ»: Մարդկանց հոգեբանության վրա որոշակի ազդեցություն է թողնում նաեւ գրասենյակների, պաստառների եւ գովազդային այլ միջոցների առատությունը, եւ հատկապես երաժշտության գործոնը, որն այնքան շատ է օգտագործվում քարոզչության ժամանակ: Գովազդային հոլովակներն ավելի շատ երաժշտական հոլովակներ են հիշեցնում, կուսակցությունները հանդիպումների ժամանակ երգիչներ են տանում իրենց հետ: Այսօրվա անտարբերության պայմաններում երգը ոգեւորում է մարդկանց, էմոցիաներ է առաջացնում նրանց մեջ, եւ չի բացառվում, որ հենց այդ հանդիպման տպավորությամբ էլ նրանք գնան ընտրության: Թեպետ կուսակցությունների այդ երաժշտական հանդիպումներն ավելի շուտ տխուր հավաքներ են դառնում: Տխուր մարդկանց անտարբեր հայացքների տակ մի քանի տատիկ-պապիկների պարը հակասական վիճակներ է ստեղծում:
Հոգեբան Կ.Նալչաջյանը զարմանում է, որ նման անտարբերության պայմաններում քաղաքական գործիչները չեն ուզում օգտվել հոգեբանների խորհուրդներից: Նրանց ավելի շուտ պետք է գովազդային մենեջերների ծառայությունը: Իսկ թե ինտելեկտուալ առումով ինչպիսի՞ն է լինելու եկող խորհրդարանը, տիկին Նալչաջյանը ոգեւորող սպասելիքներ չունի: «Լավ իմաստով եկող խորհրդարանը նախորդից ոչնչով չի տարբերվի, եթե, իհարկե, ավելի վատը չլինի»,- կանխատեսում է հոգեբանը: