Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Չինաստանի Առեւտրի նախարարության Եվրոպական վարչության պետ Սյու Տունկայն օրերս հայտարարել էր, որ այս տարվա վերջին «Նաիրիտ-Շանսի» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը սկսելու է սինթետիկ կաուչուկ արտադրել: Չինացիները հայերին «զարմացրել» են նրանով, որ համատեղ ձեռնարկությունում մոտ 26մլն դոլարի ներդրում են անելու: Գուցեեւ ուրախանայինք այս փաստից, եթե չլիներ այս գործարքի հետ կապված դառն անցյալը:
Պատմական անցյալի վերաբերյալ փաստաթղթերի մի տրցակ է մեզ տրամադրել «Նաիրիտի» գիտական կենտրոնի կաուչուկի տեխնոլոգիայի լաբորատորիայի նախկին վարիչ Ջիլբերտ Մուրադյանը, որոնց ուսումնասիրությունների արդյունքում էլ համառոտ ներկայացնում ենք գործի էությունը:
1999թ. Չինաստանը Հայաստանին առաջարկում է տարեկան 15.000 տոննա կաուչուկ գնել: Հայաստանի կառավարությունն այս առաջարկի նկատմամբ անտարբեր չի մնում, եւ 2000-ին Ալբերտ Սուքիասյանին գործուղում է Չինաստան, ով 1992-96թթ. աշխատել է որպես «Նաիրիտ» գործարանի տնօրեն: Այդ տարիներին նա Արդյունաբերության նախարարության քիմիայի բաժնի պետն էր, իսկ ներկայումս` «Նաիրիտ-2»-ի տնօրենը: Բանակցությունների արդյունքում հայկական կողմը չինացիներին առաջարկում է կաուչուկը գնել ոչ թե Հայաստանից, այլ Չինաստանում ստեղծել կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն: Հայաստանում այս հեռանկարը հայերը ձախողված են համարում` պատճառաբանելով էներգետիկ ռեսուրսների եւ ճանապարհների բացակայությամբ: Ըստ համատեղ ձեռնարկության պայմանագրի՝ հայկական կողմը պարտավոր էր ներդնել 14 մլն դոլար, որը կազմելու էր ձեռնարկության բաժնետոմսերի 40տոկոսը: Կառավարության համապատասխան որոշմամբ՝ այս գումարը պետք է փոխհատուցվեր «Նաիրիտ» գործարանի երրորդ հոսքագծից սարքեր հանելու եւ Չինաստան տեղափոխելու հաշվին: Երրորդ հոսքագիծ ասվածը գործարանը ձեռք է բերել 1976թ., որը վերջնականապես գործարկվել է 1986-ին: Ի տարբերություն «Նաիրիտ» գործարանում եղած երկու հոսքագծերի՝ այս հոսքագիծը ճապոնական «Դյուպոն» ֆիրմայի արտադրանքն էր, եւ եղել է բավականին թարմ վիճակում: Երրորդ հոսքագիծը «Նաիրիտին» թույլ էր տալիս տարեկան ունենալ 50 հազար տոննա արտադրողականություն (ներկայումս 8 հազար տոննա է), եւ մեր կառավարության հաշվարկներով՝ այս գծի առկայությունը լրիվ իմաստազրկված էր: Բացի սա էլ՝ մտայնություն կար, թե անհրաժեշտության դեպքում շատ ավելի էժան գներով կարելի է վերականգնել երրորդ հոսքագիծը: Այսօր արդեն իրողություն է, որ այս նախնական թվաբանությամբ տվածը հետ չես բերի: Այս գործարքում խիստ շահագրգիռ էր նաեւ չինական կողմը: Այս երկիրն ուներ կաուչուկի երկու հին արտադրություն եւ Հայաստանի կողմից առաջարկվող կաուչուկի արտադրության առաջատար արտադրությունը չինացիները ցանկանում էին օր առաջ տեղափոխել իրենց երկիր: Ասվածն ակնհայտ է քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսիի» ընկերության նամակից` ուղղված ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը, որում գրված է. «1998-ից ի վեր ՉԺՀ-ում եւ հարեւան երկրների քլորոպրենային կաուչուկի շուկայում պահանջարկը գերազանցում է առաջարկին: Չնայած կաուչուկ արտադրող չինական երկու կազմակերպություններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ, սակայն չեն բավարարում շուկայի պահանջարկը: Ներկայումս չինական շուկա ներխուժելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել «Նաիրիտ» ընկերության համար: Խնդրում ենք փոխանցել այն անձանց տվյալները, որոնց «Նաիրիտը» նախատեսում է գործուղել Չինաստան»: Թե ովքեր են հայկական կողմից գործուղվել եւ ինչ են բանակցել՝ այնքան էլ էական չէ: Էականն այն է, որ վերջում «Շանսիին» է հանձնվում «Նաիրիտ-1»-ի «Դյուպոն» ֆիրմային 3-րդ հոսքագծից որոշ սարքավորումներ եւ դյուպոնի տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության փաստաթղթերն ու լիցենզիոն կաուչուկների արտադրության ռեցեպտները: Միայն այս փաստաթղթերի համար «Նաիրիտը» ժամանակին «Դյուպոնին» վճարել է 23 մլն դոլար: Ի դեպ, կառավարության որոշման մեջ սարքավորումների մասին նշված է, որ դրանք չաշխատող են, իսկ «Նաիրիտի» բանվորական կոլեկտիվի կողմից ՀՀ նախագահին եւ բոլոր իրավասու ատյաններին գրված նամակում ասվում է, որ սարքավորումները հանվել են աշխատող հոսքագծի վրայից: Տնտեսապես շատ ավելի արդարացված էր հոսքագիծը վաճառել ամբողջությամբ, քան՝ սարքավորումներն առանձին-առանձին: Սրա պատճառով էլ այս սարքավորումների ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 5 մլն դոլար, որը չի համապատասխանում իրական հոսքագծի գնին: Նման նոր հոսքագիծ գնելու համար «Նաիրիտից» կպահանջվի մոտ 30 մլն դոլար: Ճապոնական «Կոբե Ստիլ» ֆիրմայի հետ բանակցությունների արդյունքում նման եզրահանգման են եկել մասնագետները: Իսկ ահա ժամանակին «Նաիրիտի» կառավարումը ստանձնած Արդյունաբերության արդեն նախկին փոխնախարար Աշոտ Շահնազարյանը նշել է, որ հետագայում անհրաժեշտության դեպքում նոր սարքավորումների ձեռքբերման համար կպահանջվի մոտ 1 մլն դոլար: Ինչպես տեսնում եք՝ Ա. Շահնազարյանն իր հաշվարկներում սխալվել է ընդամենը 30 անգամ: Իսկ, վաղ թե ուշ, արտադրության ծավալների աճի դեպքում՝ գործարանը ստիպված է լինելու գնալ այդ ծախսերին: Ըստ համատեղ ձեռնարկության պայմանագրի, չինական կողմը պարտավոր էր Հայաստանին տարեկան մոտ 4 մլն դոլար փոխանցել դեռ 2004-ից: Սակայն, ինչպես տեսնում եք, խոստումները ժամկետների առումով արդեն իսկ հետաձգվել են երեք տարով: Մի նամակից էլ տեղեկանում ենք, որ հայ-չինական համատեղ ձեռնարկության մասին պայմանագիրը կնքվել է 17 տարով: 17 տարով կնքված պայմանագրից արդեն անցել է 7 տարի: Մնացած 10 տարում Հայաստանը կստանա 40 մլն դոլարի շահույթ: Եթե հանենք ծախսերը՝ 23+5+30 (դյուպոնի տեխնոլոգիա, հոսքագծի սարքավորումներ եւ նոր հոսքագիծ), ապա ստացվում է 58 մլն դոլար, կամ վնաս`18 մլն դոլար: Հետաքրքիրն այն է, որ այս հոսքագծի հետ կապված Արդյունաբերության նախարարության հետ վեճեր են ունեցել «Նաիրիտի» բոլոր ժամանակի կառավարիչները, եւ գործարանում ներդրումներ չանելու ու կառավարումից հրաժարվելու տեղիք հենց այս հոսքագծի ապամոնտաժումն է տվել: Միայն 10 տարի հետո, թերեւս, Հայաստանի վերին օղակները կբարձրաձայնեն, թե ինչ է շահել Հայաստան պետությունն այս գործարքից ընդհանրապես: Իսկ որ անձերը շահելու են, այստեղ կասկած անգամ չկա: