«Դուք սիրո՞ւմ եք Բրամս»

29/04/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հերթական անգամ հայ էստրադայի երգիչ-երգչուհիները հայտարարեցին, որ սատարում են հանրապետականներին եւ պատրաստ են, ճիշտ է, հոնորարով, սակայն դեգերել գյուղից գյուղ եւ հայ գյուղացուն հակել դեպի Հանրապետական կուսակցություն: Ավելի երիտասարդ երգիչների մի խումբ էլ պատրաստվում է նույն բանն անել` արդեն հօգուտ «Բարգավաճ Հայաստանի»: Նրանցից առաջ Արտո Թունչբոյաջյանն արդեն հասցրել էր իր արվեստը համատեղությամբ ծառայեցնել թե՛ «Ժառանգություն» կուսակցությանը, թե՛ ՀՅԴ-ին: ՀՅԴ-ին հերթական երգն էր ձոնել նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը: Եվրոպական երկրներում ընտրություններին էստրադային աստղերի համերգները, երգուպարը վաղուց արդեն անցյալում են, քանի որ նման միջոցառումները, որպես կանոն, չեն ավելացնում կուսակցությունների համակիրների թիվը: Եվ հետո, հոնորարով ցանկացած իշխող կուսակցության քարոզն անելու պատրաստ երիտասարդ երգիչների խումբն իրո՞ք կարծում է, թե ունի այն կշիռը կամ հեղինակությունը, որ կարողանա ինչ-որ մեկին հակել դեպի այս կամ այն կուսակցություն: Այն, թե ինչու են Հայաստանում կիրառում նախընտրական ռետրո հնարքները եւ դրանց վրա մեծ գումարներ ծախսում, ունի մեկ պատասխան` այսպիսով լեգալացվում են ընտրությունների արդյունքները:

Քանի որ վերջին երկու տասնամյակում հայ քաղաքական դաշտում գործում են բացառապես նույն դեմքերը, Հայաստանում դժվար գտնվի մեկը, ով արդեն վաղուց չունենա իր քաղաքական նախապատվությունները: Հետեւաբար, այնքան էլ հեշտ չէ պատկերացնել, որ Քրիստինե Պեպելյանը կամ Արմինկան կարողանան որեւէ մեկին դարձնել մի կուսակցության համակիր միայն այն բանի համար, որ իրենք պատրաստ են երգել ու պարել այդ կուսակցության մատի մեկ շարժումով: Այդ իմաստով իրեն սպառել է նաեւ Ռուբեն Հախվերդյանը:

Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը եւս կարծում է, որ կուսակցությունների օգտին կազմակերպվող համերգներից տվյալ կուսակցության համակիրները չեն ավելանում. «Հայաստանում սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հատկապես մարզերում մարդկանց համար ամենամեծ հեղինակությունը հարեւան Օնիկն է. ինչպես կասի Օնիկն, այնպես էլ կանենք: Իսկ նման համերգները գուցե թե ազդեին այնպիսի մարդկանց վրա, որոնք առհասարակ տեղյակ չեն եւ չգիտեն դաշտում գտնվող քաղաքական ուժերին կամ դեմքերին, սակայն այդպիսիք այսօր կարծես չկան: Իմ կարծիքով, գյուղացիների վրա կարելի է ազդել գյուղապետերի, տեղական մասշտաբի հեղինակությունների միջոցով, եւ միայն»: Իհարկե, քաղաքացիական դիրքորոշում չունեցող, ոչ այնքան մտածող երգիչների համար ընտրություն անելը` ո՛ր կուսակցության օգտին երգել, երբեք բարդ չի եղել` բացառությամբ այս տարվա, երբ ծանր ընտրության առաջ էին երկու կուսակցությունների միջեւ: Սակայն այդ բարդ ընտրությունն էլ է արդեն հետեւում, եւ մնում է միայն ֆոնոգրամայի տակ բերանը ժամանակին բացուխուփ անել: Մեզ հետ զրույցի ժամանակ Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե ոչ մի վատ բան չկա, երբ երգիչները չորս տարին մեկ ուզում են փող աշխատել: «Իսկ թե ի՞նչը կարող է նրանց ստիպել երգել միանգամից երկու կուսակցությունների նախընտրական հոլովակներում, ունի մեկ եւ բոլորին հասկանալի պատասխան` փողը»:

Եթե մեր երկրում իրո՛ք գիտականորեն զբաղվեն քաղաքական գովազդով եւ դրա ազդեցությամբ, ենթադրում ենք, որ եզրակացությունը մեկը կլինի` քաղաքական գովազդի ազդեցությունն ընտրողներիս վրա չնչին է: Ժամանակին, երբ ՀՀ նախագահական ընտրություններից առաջ թեկնածու Ռոբերտ Քոչարյանին հարցրին, թե ինչո՞ւ են նրա նախընտրական գովազդային պաստառները չափերով համեստ, Քոչարյանը պատասխանեց, թե գործող նախագահի նախընտրական պաստառները պետք է տարբերվեն ծխախոտ գովազդող ընկերությունների պաստառներից: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում պաստառների չափերն ամենեւին էլ զուսպ ճաշակի կամ համեստության նշաններ չէին. պարզապես նա շատ լավ գիտակցում էր, որ եթե ընտրությունների արդյունքների վրա ինչ-որ բան ազդում էլ է, ապա ամենեւին էլ ոչ գովազդային պաստառի մեծությունը: Իսկ մի քանի մետրանոց լուսանկարները, շեշտադրումները, որ ամեն ինչ արվում է Հայաստանի համար, հին ընկերության մասին հավաստիացումներն ավելի շուտ դառը եզրահանգումների պատճառ են դառնում եւ ամենեւին չեն նպաստում լուսանկարից ժպտացող բալզակյան տարիքի տղամարդկանց հանդեպ պատկառանքի ձեւավորմանը: Մեր ազգային քաղաքականության նրբություններին ծանոթ յուրաքանչյուրը գիտի, որ հեռուստատեսությամբ մատուցված քաղաքական գովազդը (եթե այն կոնկրետ բացահայտումներ չի պարունակում, ինչպես, ասենք, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի ելույթները) ընտրազանգվածը լսում է զուտ սպորտային հետաքրքրությամբ: Իսկ Հայաստանում իրենց արդարացնում են ընտրական բացառապես երկու գործիք` ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը: Իսկ շախմատիստների, մկանուտ ծանրամարտիկների կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչների սիրո խոստովանություններն այս կամ այն կուսակցությանը պարզապես լիրիկական ֆոն են: