ԱՄՆ-ը հաշվի առավ Ադրբեջանի կոչերը

29/04/2007

ԱՄՆ Պետդեպարտամենտը «Մարդու իրավունքների պրակտիկա-2006» զեկույցում նորից ընդգրկեց «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակա յոթ շրջանների գրավման մասին» պարբերությունը: Այդ դրույթը սկզբում մտցված էր զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում: Սակայն հայկական կողմի բողոքներից եւ ճնշումներից հետո այն հանվեց: Այս անգամ դժգոհություն հայտնեց Բաքուն, որը ցուցադրաբար հրաժարվեց Վաշինգթոնի հետ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով խորհրդակցություններ վարել: Արդյունքում Պետդեպարտամենտը վերադարձավ սույն թվականի մարտի 6-ին հրապարակված զեկույցի սկզբնական տարբերակին:

«Այս փոփոխությունն ինձ համար շատ կարեւոր նորություն էր: Դա, իսկապես, շատ կարեւոր է, քանի որ, տրամաբանությունից ելնելով, արդեն հրապարակված զեկույցը փոխել չի կարելի»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ավելացնելով, թե «պատրաստի զեկույցի փոփոխումը կարող էր անցանկալի նախադեպ դառնալ»: Նրա խոսքերով, հիմա անվտանգության ոլորտում բանակցություններ անցկացնելու համար ադրբեջանական պատվիրակության ԱՄՆ այցելության նոր ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: Մամեդյարովը մեկնաբանել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին վերջին հայտարարությունը. «Բանակցությունները հասել են այն փուլին, երբ շատ պահեր եւ հարցեր արդեն որոշակիացված են, չնայած, որոշ լուրջ սկզբունքների առնչությամբ դեռեւս պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Բանակցությունները պետք է շարունակվեն, որովհետեւ թեկուզ մեկ սկզբունքի վերաբերյալ համաձայնության բացակայությունը նշանակում է մյուսների անհամաձայնություն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բանակցություններն անց են կացվում Պրահյան սկզբունքների շրջանակներում, ինչը նշանակում է՝ կարգավորման փուլային տարբերակ: Նախարարի խոսքերով, Ադրբեջանն առաջին հերթին հանդես է գալիս «գրավյալ տարածքներից հայկական զորքերի լրիվ դուրսբերման օգտին: Հասկանալի է, որ միանգամից դա հնարավոր չէ անել, եւ այդ պատճառով զորքերը դուրս կբերվեն փուլ առ փուլ: Դա պետք է կատարվի հիմնական սկզբունքների համաձայնեցումից հետո: Զորքերի դուրսբերմանը կհետեւի ենթակառույցի վերականգնման գործընթացը, ականազերծումը, խաղաղապահ զորքերի մուտքը, բռնի տեղահանվածների վերադարձը»:

«Հայկական զորքերը միանշանակ պետք է դուրս բերվեն Քելբաջարից եւ Լաչինից,- հայտարարել է Մամեդյարովը։ -Եթե Լեռնային Ղարաբաղը ստանում է ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ապա ադրբեջանական համայնքն էլ պետք է հետ վերադառնալու հնարավորություն ունենա: Համատեղ նորմալ համակեցության վերականգնումից հետո կճշտվի Ադրբեջանի կազմում ԼՂ-ի կարգավիճակի մասին հարցը: Կշարունակվեն նաեւ հանրաքվեի անցկացման հարցի քննարկումները»:

Ի դեպ, ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի արտահայտությանը, թե բանակցությունների հիմնական սկզբունքների մեջ է մտնում մոտ ապագայում ԼՂ-ի շուրջ 5 գրավյալ տարածքների անհապաղ ազատագրումը եւ դրանք Ադրբեջանին վերադարձնելը, այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայումը եւ տեղահանվածների վերադարձը, հինգշաբթի օրն Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Ադրբեջանը գրավյալ Լեռնային Ղարաբաղի եւ բոլոր հարակից շրջանների լիակատար ազատագրում է ցանկանում:

Ռ. ՄԻՐՔԱԴԻՐՈՎ, «Զերկալո» (Ադրբեջան)