Երեւանի մամուլի ակումբի եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնի կողմից ապրիլի 16-23-ը 18 ԶԼՄ-ներում անցկացրած մոնիտորինգի արդյունքներով` քաղաքական անցուդարձն ակտիվ լուսաբանում են «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն: Ինչպես երեկվա ասուլիսում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, դիտարկվել են «Հ1», «Հ2», «ԱԼՄ», «Արմենիա», «ԱՐ», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «TV 5», «Կենտրոն», «Շանթ» եւ Գյումրիի երեք հեռուստաընկերություններ, չորս տպագիր մամուլ եւ Հանրային ռադիոն: Տպագիր մամուլով քաղաքական անցուդարձը լուսաբանվել է անկողմնակալ: Վերոնշյալ օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցությանը բոլոր հեռուստաալիքներով տրամադրվել է 10-30 անգամ ավելի եթերաժամանակ, քան մի շարք կուսակցությունների: ՀՀԿ-ին հետեւում են ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Հիշատակումների թվով ՀՀԿ-ն գրեթե երկու անգամ գերազանցում է ՀՅԴ-ին: «Կենտրոն», «Երկիր Մեդիա» եւ «ԱԼՄ» հեռուստաալիքներով առավել շատ եթերաժամանակ է հատկացվել, համապատասխանաբար, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ Ժողովրդական կուսակցությանը: Բ. Նավասարդյանի խոսքերով` չնայած «Հ2»-ը շատ քաղաքական հաղորդումներ է եթեր հեռարձակում, սակայն, ինչպես այստեղ, այնպես էլ «Արմենիա» հեռուստաընկերությունում, բարձր գների պատճառով քաղաքական գովազդ գրեթե չկա: Դիտարկման հեղինակները մտահոգիչ են համարում այն, որ այս փուլում Երեւանի բնակիչներն իրազեկման առումով մեծ առավելություն ունեն մարզերի բանկիչների նկատմամբ: Դա պայմանավորված է նրանով, որ ընտրարշավն ակտիվ լուսաբանող մասնավոր հեռուստաընկերությունները չեն հեռարձակվում մարզերում: Տպագիր մամուլը նույնպես հասանելի չէ բոլոր մարզերում:
Մինչ որոշ կազմակերպություններ խոսում են նախընտրական քարոզարշավի լուսաբանման ընթացքի մասին, մյուսները ժողովրդին կոչ են անում` անպայման գնալ ընտրությունների: «Մասնակցեք ընտրություններին, իմացեք ձեր իրավունքները» ակցիայի շրջանակներում երեկ մի քանի տասնյակ կամավորներ Երեւանի տարբեր հատվածներում մարդկանց բաժանեցին ընտրությունների մասին տեղեկատվական թերթիկներ: Իրազեկման ակցիան կազմակերպել էր Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը (ՀԵԶԿ) գործընկեր «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնի, «Ժամանակակից սերունդ», «Ապագան քոնն է» հ/կ-ների հետ: ՀԵԶԿ տնօրեն Էլեոնորա Վարդանյանը նշեց, որ նման ակցիաներ անցկացվում են նաեւ Սյունիքում եւ Արմավիրում, որոնք այնուհետեւ կշարունակվեն մնացած մարզերում: Նրա խոսքերով, իրենց նպատակը թերթիկների միջոցով քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելն է, ինչպես նաեւ՝ կոչը` անպայման մասնակցելու ընտրություններին՝ կեղծիքներից խուսափելու համար: «Այս ակցիան մեկն է այն միջոցառումներից, որոնք միտված են Հայաստանում ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը»,- ասաց Է. Վարդանյանը: Մայրաքաղաքի տարբեր մասերում կամավորների կողմից փակցվել են նաեւ ընտրություններին մասնակցելու, կուսակցություններին ուղղված քաղաքական էթիկայի նորմերը չխախտելու կոչեր պարունակող պաստառներ: Իրազեկման քարոզարշավի միջոցառումների ցանկում ներառված են բազմաթիվ ինտերակտիվ միջոցառումներ, կանցկացվեն քաղաքական էթիկայի նորմերի խախտման դեպքերի մոնիտորինգ, անմիջական հանդիպումներ ընտրողների հետ: «Մեր կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումներն ապաքաղաքական են, որոնք կատարվում են միայն քաղաքակիրթ ընտրություններ կազմակերպելու նպատակով»,- նշեց Է.Վարդանյանը: