Երեկ Ռոբերտ Քոչարյանը Պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Միքայել Հարությունյանին: Նա ասել է, որ Մ. Հարությունյանը հայոց բանակի ձեւավորման սկզբնական փուլից մինչ օրս ակտիվորեն ներգրավված է բանակի կայացման ու ամրապնդման գործում: Ռ. Քոչարյանը նշել է, որ այդ տարիներին նրա ձեռք բերած փորձն ու 40-ամյա զինվորական կենսագրությունը վստահություն են տալիս, որ Մ. Հարությունյանի ղեկավարությամբ հաջողությամբ կշարունակվեն բանակի մարտունակության բարձրացման եւ բարեփոխումների գործընթացները: Նրա խոսքերով՝ հանգամանքը, որ երկրի նախագահը, վարչապետը եւ նորանշանակ նախարարը բանակի հետ սերտ եւ երկարատեւ առնչություն ունեցած անձինք են, համոզմունք է տալիս, որ բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ռ. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Սերժ Սարգսյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում բանակի ամրապնդման համար կատարած մեծածավալ եւ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել Մ. Հարությունյանին՝ իր հետագա գործունեության մեջ: