Երեկ հայկական էստրադայի մի խումբ հայտնի ներկայացուցիչներ ոչ անսպասելի մի հայտարարություն արեցին: Այսօրվանից Շուշան Պետրոսյանը, Արամոն, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Զարուհի Բաբայանը, Արամեն, Արսենը, Արսեն Գրիգորյանը, Արմինկան, Ալլա Լեւոնյանը, Ֆորշը եւ այլ երգիչներ ամբողջ հանրապետությունով երգարշավ կսկսեն՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցության: Շ. Պետրոսյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն նպաստում է հայ երգարվեստի զարգացմանը: «ՀՀԿ-ն մեր ընկերն է, մեր բարեկամն է, եւ միշտ մեր կողքին է: Շատերն են համերգներ անցկացրել նրանց աջակցությամբ»,- ասել է Շ. Պետրոսյանը: «Հանրապետականամետ» Սյուզան Մարգարյանի ընտանիքում, կարծես, քաղաքական պրոբլեմներ չկան: «Հավատում ենք, որ ՀՀԿ-ն հավատարիմ կլինի իր կարգախոսին՝ «Քեզ համար, Հայաստա՛ն»,- ասել է երգչուհին: Հետաքրքիր է` իսկ ո՞ւր են մյուս երգիչները` Հայկոն, Անդրեն, Էմմին եւ այլք: Դժվար է հավատալ, թե նրանք չեն մասնակցելու նախընտրական քարոզչական համերգներին: Հավանաբար, նրանք, ըստ նախնական պայմանավորվածության, հայտնվել են «Բարգավաճ Հայաստանի» թիմում: Նշենք, որ վերջինիս քարոզչական երգում հնչում են հայկական էստրադայի շատ հայտնի երգիչների ձայներ` մի քիչ փոփոխված ձեւով: Ուշադրության դեպքում ԲՀԿ-ի երգում կարելի է լսել մի քանի երգիչների, ովքեր երեկ արեցին «հանրապետականամետ» հայտարարությունը: