Հակառակ որոշ «բնական, ուղղահայաց, ցավալի եւ մանր-մունր խոչընդոտներին»՝ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է իր երթը հանրապետության ողջ տարածքով, եւ կուսակցության քարոզարշավը վերելքի մեջ է: Երեկ հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք այցելելու են նաեւ Երեւանի Ավան համայնք, որտեղ, ըստ նրա, մի քանի օր առաջ BMW մակնիշի մեքենայից դուրս եկած չորս տղաներ հրմշտել են «Ժառանգության» քարոզչանյութերը տարածող ուսանողուհիներին եւ նրանցից վերցրել դրանք:
Ր. Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ մեքենան պատկանում է Ավան համայնքում ապրող, Նարեկացի թաղամասի բնակիչ Ռոբերտ Պետրոսյանին: Կուսակցությունն արդեն դիմել է Ոստիկանություն: «Հույս ունենք, որ այդ քննությունն իր արդյունքը կտա: Բայց նվազագույնը մենք ակնկալում ենք հանրային, հրապարակային ներողության արտահայտություն, ինչպես նաեւ՝ վնասների հատուցում»,- նշեց Ր. Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ հեռախոսով խոսել է Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի հետ, ու թաղապետը խոստացել է աջակցել դեպքի բացահայտմանը: Վերադառնալով ընտրությունների թեմային՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, թե իրենք հավատացած են, որ մայիսի 12-ին ՀՀ-ն, իր ժողովուրդը, արդեն հայտնի դարձած «Տե՞ր ես» հարցին կպատասխանի՝ այո: «Արդեն հարցերի ժամանակահատվածն անցել է, արդեն պատասխանների պահը մոտենում է: Դրա արդյունքում մենք կունենանք ընտրական հաջողություն, հաղթանակ, կկազմենք մեծամասնություն՝ մեր քաղաքացիների եւ համակիր ուժերի հետ մեկտեղ, եւ կձեւավորենք ազգային համերաշխության կառավարություն, որը կհրավիրի նոր դարաշրջան մեր երկրի համար»,- հայտարարեց նա: Ր. Հովհաննիսյանը համոզված է, որ «Հայաստանն այս անգամ վրիպելու տեղ եւ հնարավորություն չունի»: Նա կարծում է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ դեպքերի, դիտորդական առաքելությունները, հատկապես՝ եվրոպացի դիտորդները, զերծ կմնան «աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդելու իրենց առաջնայնություններից» եւ իսկապես այս անգամ իրենց դիտորդական առաքելությունը կուղղեն ժողովրդավարական ընտրություններ ապահովելու, դիտարկելու եւ զեկուցելու ուղղությամբ: Բանախոսը նկատեց, որ ընտրություններին մասնակից ուժերի համար հավասար դաշտ ապահովված չէ: Դա, ըստ նրա, արտահայտված է թե՛ տեղեկատվական եւ թե՛ հանրային իրավասության՝ դահլիճների եւ վահանակների տարածքների վարձակալման եւ այլ դեպքերում: Նա տեղեկացրեց, որ դիմել են համապատասխան կառույցներին, եւ 4-5 ամիս առաջ ասվել է, որ 50 ազատ վահանակներ կան, սակայն «երբ տեսան, թե ում լուսանկարը, թե ինչ էր այնտեղ լինելու, անմիջապես վերացան այդ 50 ազատ տեղերը», եւ հիմա ասում են, թե ազատ տեղեր չկան, իսկ եթե փոփոխություններ լինեն՝ տեղյակ կպահեն: Ր. Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանը բեկման նախաշեմին է: Նա նշեց ընտրական շրջանում արձանագրված խախտումների ու խոչընտոտների որոշ դեպքեր, տեղեկացրեց, որ անճշտություններ են գտել ընտրացուցակներում ու դրանք պատրաստվում են ներկայացնել պատկան մարմիններին: Միաժամանակ, Ր. Հովհաննիսյանը գտնում է, որ նախորդ ընտրությունների համեմատ «խոչընդոտներն արդիականացվել են»: Երեկ «Ժառանգության» առաջնորդը նաեւ տեղեկացրեց, թե երբ այցելում են տարբեր քաղաքներ եւ գյուղեր, եւ այնպես է ստացվում, որ իրենց դիմաց հայտնվում է այլ կուսակցության գրասենյակ կամ շտաբ, եւ եթե «Ժառանգության» ժամանակացույցն էլ ներում է, մտնում են, ողջունում եւ «միասին հանձն առնում, որ այս անգամ հայաստանյան ընտրություններն, ի տարբերություն նախորդների, լինելու են ազատ, մարդավայել եւ հայավայել»: «Դա եղել է թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ընդդիմադիր մեր գործընկերների հետ կապված»,- նշեց նա: Նա քաղաքական որեւէ ուժի հետ համագործակցությունը չբացառեց, սակայն հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Ժառանգությունն» իշխանությունների հետ գործարքի է գնացել: Անդրադառնալով տեսակետին, թե այս ընտրության ամենամեծ անակնկալը լինելու է «Ժառանգությունը», որը հայտնվելու է ԱԺ-ում՝ Ր. Հովհաննիսյանը նշեց. «Կամաց-կամաց ինձ թվում է, որ մարդիկ ուշացած հասնում են մեր հետեւից եւ արդեն մայիսի 12-ին իրենք առիթ կունենան արտացոլել իրական իրավիճակը եւ «Ժառանգության» իրական վարկանիշը: Մենք չունենք անդամների այսպես ուղղահայաց կազմակերպված բանակ: Ունենք համակիրների լայն դաշտ: Մենք մեր քարոզապայքարը տանելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ»: Միաժամանակ, անդրադառնալով 2008թ. ՀՀ նախագահական ընտրությանը, նա նորից նշեց, թե իրենք գնում են խորհրդարանական ընտրությունների՝ մեծամասնություն կազմելու եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու համար, որից հետո «արդեն տեխնիկա է եւ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը»: «Մենք կուզենայինք, որ վերջապես ժողովուրդն ինքն ընտրի, թե ով է լինելու իր նախագահը: Դրանից հետո մենք կմեկնենք զորակցության, աջակցության եւ նաեւ հասարակական հսկողության մեր ձեռքն՝ այդ նոր նախագահին,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանն ու հավելեց,- Ինձ թվում է, որ իմ քաղաքացիության ոդիսականի վայրիվերումները նաեւ կապված էին որոշ շրջանակների մտավախությունների հետ, որ հավասար պայմաններ, իրավական հավասար դաշտ ստեղծելով, ընդհանրապես մրցակցություն չէր լինի նախագահական ընտրությունների ժամանակ: Ես այդ նույն հարթություն չեմ իջնելու: Ես ուզում եմ, որ Հայաստանի նախագահը լինի Հայաստանի նախագահը՝ ընտրված ժողովրդի կողմից, հանրային վստահություն վայելելով: Այսօր, ցավոք, այդպես չէ»: Երեկ Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում երկու օրով բացակայելու է հանրապետությունից, որովհետեւ մասնակցելու է բրյուսելյան միջազգային ֆորումին, որտեղ, ըստ նրա, հավաքված կլինեն եվրոպական, ամերիկյան, ռուսական եւ ընդհանրապես համաշխարհային ղեկավարներ ու քաղաքական դեմքեր: «Այս անգամ Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող նիստեր կլինեն, եւ առիթ կունենանք նաեւ հանդիպելու մեր գործընկերներին եվրոպական, ամերիկյան եւ այլ երկրամասերից: Հավանաբար, ամերիկյան նախագահական մի քանի թեկնածուներ կլինեն, եւ, ինչպես միշտ, ես կփորձեմ ներկայացնել հայկական մոտեցումներ այդտեղ հավաքված քաղաքագետներին»,- նշեց նա: