Դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանոս ջան

27/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ ընդդիմությունը սկսում է բողոքել եթերաժամի թանկությունից եւ ֆինանսական միջոցների սղությունից, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի միտքն է գալիս հայտնի հեքիաթից այս նախադասությունը։

Այս մասին պրն Իսագուլյանը երեկ հայտարարեց «Հայելի» ակումբում՝ Արշակ Սադոյանի հետ բանավեճի ժամանակ։ Իհարկե, նա նշեց, որ որեւէ մեկին վիրավորելու նպատակ չունի։

Իսկ բուն բանավեճը սկսվեց բավական հետաքրքիր ձեւով։ Լրագրողները նկատեցին, որ պրն Սադոյանը ժամանեց նոր մեքենայով, եւ շնորհավորեցին նրան։ Իսկ պրն Իսագուլյանն իր խոսքը սկսեց ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելով։ Ի դեպ, նախագահի խորհրդականը սկզբից եւեթ նշեց, որ ինքը կաշխատի ավելի կարճ խոսել՝ շատ խոսելու հնարավորություն տալով ընդդիմությանը։

Ա. Սադոյանն էլ ավելորդ համեստություն չարեց եւ միանգամից սկսեց դժգոհել եթերաժամի թանկությունից՝ նշելով, որ հեռուստատեսային քարոզարշավի մեկ րոպեն 2-3 անգամ ավելի թանկ է, քան առեւտրային գովազդը։ Հիշեցնենք, որ Ա. Սադոյանը զբաղեցնում է Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը։ Մանուկ Գասպարյանին, Արշակ Սադոյանին եւ նույն ցուցակում գտնվող Աղասի Արշակյանին գրեթե բոլորն էլ ճանաչում են, սակայն պրն Սադոյանը դժգոհում է, որ հանրությանը ներկայանալու խնդիր ունեն։ «Շատ ժամանակ հարցնում են՝ ես առաջադրվե՞լ եմ, թե՞ ոչ»,- դժգոհում էր Ա. Սադոյանը։

Եվ ընդհանրապես, ըստ ԱԺԴ ղեկավարի, քարոզարշավ իրականացնելն ընդդիմադիր ուժերի համար շատ դժվար է՝ ֆինանսական միջոցները չեն հերիքում։ Այն դիտարկմանը, որ նույն պայմանները նաեւ մյուս ուժերի, այդ թվում՝ նաեւ իշխանականների համար են, Ա. Սադոյանը պատասխանեց, որ վերջիններիս համար դժվար չէ. նրանք ծառայողական մեքենաներ են օգտագործում կամ, օրինակ, դահլիճներ վերցնելու հետ կապված խնդիրներ չունեն։ «Մեկ զանգով նրանց համար հավաքում են մարդիկ, գեղեցիկ ելույթներ են ունենում»,- ասաց Ա. Սադոյանը։ Ի պատասխան, Գ. Իսագուլյանը կրկնեց վերջին ժամանակների՝ իրեն ամենից շատ դուր եկած իր իսկ սեփական արտահայտությունը՝ այս ընտրությունները լինելու են կառույցների ընտրություններ. ով տեղերում շատ կառույցներ ունի, նա էլ հաղթելու է։ Իսկ ընդդիմությունն, ըստ Գ. Իսագուլյանի, հույսը դրել է միայն հեռուստաեթերի վրա։ Ա. Սադոյանը, բնականաբար, ուներ իր տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Նրա հաշվարկներով, տեղերում կառույցներ ունենալու համար հարկավոր է 0.5-1 միլիոն դոլար։ Այդպիսի գումարներ ընդդիմությունը չունի։ Պատճառն այն է, որ այն զանգվածը, որի վրա հիմնվում է ընդդիմությունը, գտնվում է սոցիալական ծանր վիճակում, եւ հանգանակություններ անել կուսակցության համար հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է գործարարներին, ապա նրանք պարզապես վախենում են օգնել ընդդիմությանը, որովհետեւ կարող են իրենց բիզնեսը կորցնել։ Արշակ Սադոյանի խոսքերով, ցանկացած գործարարի հետ հանդիպելիս իրենք առաջին հերթին հավաքում են բջջային հեռախոսներն ու դնում որեւէ հեռու տեղ, քանի որ իրենց կարող են գաղտնալսել։

Ա. Սադոյանի ընդդիմախոսը հակադարձեց, որ կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք լավ էլ ֆինանսներ ունեն։ Սակայն չմանրամասնեց՝ կոնկրետ ում նկատի ունի։ Մյուս կողմից, ըստ Գ. Իսագուլյանի, եթե ընդդիմությունը բողոքում է սուղ միջոցներից, ապա կարող էր միավորվել եւ միացնել այդ սուղ միջոցները։ Ինչո՞ւ չմիավորվեցին՝ հարցրեց պրն Իսագուլյանն ու ինքն էլ պատասխանեց՝ քանի որ ամբիցիաների խնդիր կար։

Հետաքրքիրն այն է, որ Գ. Իսագուլյանին չճանաչող ինչ-որ մեկը կարող էր մտածել, որ նա գիշերները չի քնում՝ մտահոգվելով հայրենի ընդդիմության մասին։ «Ինձ համար ցանկալի է, որ ընդդիմությունը գոնե 30-35% ձայն ունենա ԱԺ-ում»,- անկեղծացավ պրն Իսագուլյանը՝ հույս հայտնելով, որ ընդդիմադիրները հետագայում հաշվի կառնեն իր խորհուրդները, եւ իրենք իրենց նման ծանր վիճակի մեջ չեն դնի։

Հիշեցնենք, որ Գ. Իսագուլյանը ոչ թե ընդդիմության, այլ նախագահի խորհրդականն, է եւ անցնենք առաջ։ Պրն Իսագուլյանը համոզված է, որ ժողովուրդն ամենեւին էլ վախեցած չէ եւ անհավատություն չունի առաջիկա ընտրությունների նկատմամբ։ Դրանում ինքը համոզվել է Հայաստանի տարբեր մարզեր կատարած այցելությունների ժամանակ, եւ խորհուրդ տվեց Ա. Սադոյանին՝ միասին շրջել եւ համոզվել, ընդ որում՝ ծպտյալ, «ինչպես անում էր Շահ Աբբասը»։

Գ. Իսագուլյանը եւս մի հետաքրքիր միտք արտահայտեց. եթե կուսակցությունը հաջողություն է ունենում ընտրություններում, դա չի նշանակում, որ այն իշխանական կուսակցություն է։ Հետաքրքիրը ոչ թե այս պնդումն էր, այլ պրն Իսագուլյանի բերած օրինակը՝ Միավորված աշխատանքային կուսակցությունը։

Իսկ Ա. Սադոյանը բողոքեց նաեւ ընդդիմադիր կուսակցություններում տեղի ունեցող գործընթացներից, որոնց արդյունքում նրանք տրոհվում եւ մանրանում են։ Մասնավորապես, նա հիշատակեց ՍԻՄ-ի, ԱԺՄ-ի, ՀԺԿ-ի եւ Կոմունիստների հետ տեղի ունեցած պատմությունները։ Ըստ Ա. Սադոյանի, այս պայմաններում ընդդիմությանը մեղադրել ոչ արդյունավետ աշխատելու մեջ, այնքան էլ ճիշտ չէ։ Թեեւ այս պարագայում պետք է նշել, որ նույն այս կուսակցություններին առաջին հերթին պետք է մեղադրել այն բանի համար, որ չեն կարողանում կանխել նման պրոցեսները։ Եվ ուրիշից բողոքելու պատճառ այս դեպքում չկա։