– Պրն Բագրատյան, ինչո՞ւ «Ազատություն» կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։
– Սահմանափակ միջոցների պարագայում ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցելու միակ խոհեմ ձեւը միացյալ ընդդիմության ձեւավորումն էր։ Ցավոք, այս բանը չեղավ։ Ընդդիմությունը գնաց ընտրությունների՝ լինելով 4 անգամ ավելի մասնատված, քան իշխանությունը։ Այս պարագայում մասնակցել ընտրություններին՝ կնշանակեր էլ ավելի ցրել ընդդիմության ձայները։ Շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք դիմել են մեզ, ստացել են մեր համաձայնությունը։ Պատրաստ ենք եղել մասնակցելու ցանկացած ֆորմատով։ Ոչ ընտրացուցակի համար ենք հարցրել, ոչ հերթ, նույնիսկ ասել ենք, որ տեղ էլ չենք ուզում։ Ցավոք սրտի, ընդդիմության մեջ չափից ավելի շատ են նրանք, որոնք կարծում են, թե ժողովուրդը քնում եւ երազում իրենց է տեսնում։
– Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական մրցավազքը։
– Արդեն ասել եմ, որ այս ընտրություններն իշխանությունների համար ավելի հեշտ կանցնեն, քան 2003-ին։ Նախ, իշխանական թեւը ներկայացնող կուսակցությունները (Հանրապետական, «Բարգավաճ», ՀՅԴ, ՄԱԿ եւ այլն) ավելի քիչ են մասնատված, քան ընդդիմությունը (10-ից ավելի կուսակցություններ)։ Երկրորդ, այս ընտրությունների նորությունն այն է, որ դիմությունը դարձել է ամենախոշոր գործատուն։ Հիմա մենք պարբերական մոնիտորինգ ենք անցկացնում տնտեսության կենտրոնացվածության աստիճանն ուսումնասիրելու համար։ Ներկայումս Հայաստանում մեկ ընտանիք տնօրինում է ՀՆԱ արտադրության 8%-ը, երկու ընտանիք՝ 12%-ը, 10 ընտանիք՝ 16%-ը, 44 ընտանիք՝ 55%-ը։ Հարստության կենտրոնացվածությամբ Հայաստանն արդեն գերազանցում է Ուկրաինային՝ 3.3, Ռուսաստանին՝ 5.4, ԱՄՆ-ին՝ 16 անգամ։ Հասկանո՞ւմ եք, եթե վերը նշված 44 ընտանիքը կարողանում են պայմանավորվել քաղաքական իշխանությունը կիսելու շուրջ, ապա նրանց դեմ դժվար է պայքարել։ Տնտեսության մեջ «ազատ» է մնացել 45 տոկոսը, որից 26 տոկոսը գյուղացիներն են, առեւտուրն ու մանր ծառայությունները, 15-ը Ռուսաստանինն է եւ մնացած 4%-ը այլ՝ արեւմտյան կապիտալն է։ Այսինքն, այսօր արդեն իշխանություններն ընտրողների վրա ազդում են ոչ միայն դիմելով ադմինիստրատիվ ռեսուրսին (բանակ, պետական ապարատ, բյուջետային միջոցներ եւ այլն), այլեւ որպես գործատու։ Այլ խոսքերով ասած՝ այս ընտրություններում առկա է որակական նոր երեւույթ. գործավորներն ընտրում են գործատուներին։ Այս երեւույթն աստիճանաբար կուժեղանա եւ, ի վերջո, մի քանի տարի հետո կարող է նույնիսկ էականորեն կրճատել ընտրակաշառքների անհրաժեշտությունը։
– Բայց չէ՞ որ ցանկացած երկրում գործավորներն այս կամ այն չափով ընտրում են գործատուներին։
– Ճիշտ է։ Բայց մեր դեպքում կա երկու առանձնահատկություն։ Նախ՝ բոլոր գործատուներն ունեն նաեւ քաղաքական իշխանություն (նախագահական գումարած կառավարություն՝ գումարած Ազգային ժողով)։ Ամենուր սեփականությունը միաձուլվել է քաղաքականությանը։ Երկրորդ, ինչպես նշվեց, կենտրոնացվածության աստիճանը շատ մեծ է։ Մենք, դժբախտաբար, ունենք մի քանի տասնյակ գործատու, մի քանի հազարի փոխարեն։ Եթե այսպես շարունակվի եւս մի չորս տարի, ապա ընտրությունների փոխարեն ավելի լավ կլինի սահմանադրական փոփոխություններ կատարենք եւ սկսենք կիրարկել ժառանգական իշխանության համակարգը։
– Ինչո՞վ կարող եք բացատրել այն, որ Հանրապետականն ու «Բարգավաճը» առաջ են ընկել իշխանական թեւում։ Ի՞նչ է, նրանք ամենախոշոր գործատունե՞րն են։
– Մեծ հաշվով՝ այո։ Չնայած իշխանությունը ներկայացնող մյուս երկու կուսակցությունները եւս (ՄԱԿ, ՀՅԴ) լուրջ գործատուներ են։ Այստեղ, սակայն, կա մի նրբություն։ Հանրապետականի գործատուները այնքան կոնսոլիդացված չեն, որքան «Բարգավաճինը»։ Վերջինիս պարագայում առկա է, գոնե իրենց համար, խարիզմատիկ առաջնորդ։ Այս առումով, անշուշտ, «Բարգավաճի» ստեղծումն իշխանության հաջող պրոյեկտներից է։
– Որպես տնտեսագետ, ի՞նչ կարող եք ասել ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրերի մասին։
– Հասցրել եմ ծանոթանալ գրեթե բոլոր ծրագրերին, որոնք դրվել են շրջանառության մեջ։ Միանգամից նշեմ, որ նախկինի համեմատ բոլորի մոտ որակական աճ է նկատվում։ Անշուշտ, այստեղ ավելի շահեկան վիճակում են այն իշխանական կուսակցությունները, որոնք վերջին տարիներին մասնակցել են պետական կառավարմանը։ Ակնհայտ է, մասնավորապես, Հանրապետականի առավելությունն այս հարցում։ Սակայն ընդդիմությունը եւս բավականին լուրջ տնտեսական հարցադրումներ է անում։
– Չե՞ք կարծում, որ պոպուլիզմը մի տեսակ խեղդում է ամեն ինչ։
– Անշուշտ, առանց դրա լինել չի կարող։ Մենք ականատեսն ենք թոշակ, աշխատավարձ, բյուջետային եկամուտներ բարձրացնելու խոստումների որոշակի շաբաշի։ Որոշ կուսակցություններ երբեմն չափն անցնում են։ Օրինակ, նրանցից մեկը խոստանում է արդեն 2008-ին բյուջեի եկամուտներն ավելացնել 800 մլն դոլարով։ Եթե նման խոստումն արվում է առանց սղաճի, ապա պետք է նշեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է, տեսականորեն, բյուջեում հավաքագրել ՀՆԱ 24 տոկոսը։ Մեր գործող հարկային օրենսդրության պայմաններում, առկա դրույքների պարագայում հենց այս թիվն է տնտեսության առավելագույն հարկային ծանրաբեռնվածության շեմը։ Այսինքն, լավագույն դեպքում բյուջեի եկամուտները մեկ տարում կարելի է ավելացնել 480 մլն դոլարով (կուրսի փոփոխությունն ու սղաճը հաշվի չենք առնում)։ Կամ մեկ ուրիշ բան. մարդիկ խոսում են 30-40 հազ. դրամ կենսաթոշակից։ Ստում են։ Նախ՝ պետք է դրա համար հավաքել համարյա թե բյուջեին հավասար գումար կենսաթոշակային հիմնադրամում՝ շուրջ 300 մլրդ դրամ։ Անհնարին է։ Երկրորդ՝ ներկայումս կենսաթոշակային տարիք են մտնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածները։ Իսկ այն ժամանակ, պատերազմից հետո, ծնելիությունը մեծ էր։ Սա նշանակում է, որ էլ ավելի է բարձրանալու թոշակառուների տեսակարար կշիռը բնակչության կազմում։ Այս պարագայում, եթե թոշակների աճն առաջիկա տարիներին փոխհատուցի սղաճն ու հնարավոր արժեզրկումները, արդեն վատ չի լինի։ Նման կարգի դատարկաբանության փոխարեն՝ լավ կլիներ խոսեին մասնավոր թոշակների համակարգի մասին, ինչը թույլ կտար, որ մարդը կանխորոշեր իր ապագա թոշակը եւ ինքը որոշեր, թե ինչքան թոշակ է ուզում ստանալ։
– Այս պարագայում ինչպե՞ս եք վարվելու դուք եւ «Ազատություն» կուսակցությունը՝ որպես ընտրող։
– Չլինելով անմիջական պայքարի մեջ, ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն ուժերը, որոնց համակրում եմ, հաջողություն ունենան։ Իմ համակրանքը, նախեւառաջ, այնպիսի ուժերն են, որոնք հանդես են գալիս լուրջ քաղաքական փոփոխությունների ծրագրով։ Այս առումով պետք է նշեմ «Հանրապետություն», ՀՀՇ կուսակցությունները եւ «Իմպիչմենտ» դաշինքը։ Այս ուժերի ընդդիմադիր կեցվածքը Հայաստանում այլախոհության պահպանման երաշխիքն է։ Եվս 2-3 կուսակցություններ, հնարավոր է, ընտրապայքարի արդյունքում հայտնվեն նման այլախոհական դաշտում։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա նման որոշում, կարծում եմ, կկայացնենք ավելի ուշ։