Պատգամավոր է ձերբակալվել

27/04/2007

Ապրիլի 23-ին ժամը 22:00 սահմաններում ձերբակալվել են «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Նաիրի Իրիցյանը եւ նույն դաշինքի ակտիվիստ Արթուր Պողոսյանը: Մի քանի ժամ անց ձերբակալվածները տեղափոխվել են Սամցխե-Ջավախքի մարզկենտրոն՝ Ախալցխա: Ըստ նախնական տեղեկությունների, ձերբակալության պատճառ է հանդիսացել վերոնշյալ անձանց եւ Ախալքալաքի շրջանային դատախազի վարորդի հետ տեղի ունեցած ընդհարումը: Ըստ «Ջավախք-ինֆոյի» աղբյուրների, միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 19:00 սահմաններում: Ախալքալաքի Ազատության փողոցում դատախազի վարորդը վրաերթի է ենթարկել Ախալքալաքի շրջանի սակրեբուլոյի մեկ այլ պատգամավոր, «Միասնական Ջավախքի» անդամ Անդրանիկ Աբելյանին: Ականատեսների հաղորդմամբ, վրաերթից հետո վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող եւս մի քանի անձնավորություն ոչ միայն չեն օգնել տուժածին հիվանդանոց տեղափոխելու, այլեւ ձեռնամարտի են բռնվել օգնության հասած Նաիրի Իրիցյանի, Արթուր Պողոսյանի եւ այլ անձանց հետ: Նշենք, որ Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորները վերադառնում էին Սամսար գյուղից, ուր մասնակցում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողությանը: Հիշեցնենք, որ 2007թ. տարեսկզբին Վրաստանի օրենսդիր մարմինները հասցրել էին դատել Արթուր Պողոսյանին՝ որպես հոսանքի անջատումների հետ կապված բնակչության բողոքի ցույցի ակտիվ մասնակից, 2 տարի պայմանական ժամկետով եւ 2000լարի (մոտ 1200$) տուգանքով: Մյուս ձերբակալվածը՝ Նաիրի Իրիցյանը, 2003-2006թթ. զբաղեցրել է Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանում է «Միասնական Ջավախք» ԺԴ-ի հիմնադիրներից մեկը, եւ 2006թ. Վրաստանի ՏԻՄ ընտրություններին Ախալքալաքում հավաքելով ձայների 70%-ից ավելին՝ հաղթանակ է տարել իշխող կուսակցության ներկայացուցչի հանդեպ: