Այս անգամ «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների հարկերի եւ տուրքերի մեծությունների» ցանկը ՀՀ հարկային ծառայությունը հրապարակեց ապրիլի 24-ի նախօրյակին: Սա պատահական համընկնում էր, թե կանխամտածված քայլ, դժվար է ասել: Փոխարենը կարելի է ասել, որ դաժան էր: Մանավանդ, որ ցանկում նորությունները քիչ են: 1700-ամյա քրիստոնեական մշակույթ ունեցող երկրում այդպես էլ չտեսանք, թե այդ ինչպես են հարկային դաշտում «վերջիններն առաջին դառնում, իսկ առաջինները` վերջին»: 300 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տեղերում նույն ընկերություններն են: «ՀայՌուսգազարդ», «ԱրմենՏել», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ղ-Տելեկոմ», եւ այլն: Ցանկի միջնամասում էլ նորություններ չկան: Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանը 152-րդ հարկատուն է: Երեւանի պետական համալսարանը շարունակում է մնալ լուրջ հարկատու` 154-րդը: Ուսումնական այս կառույցներն առանձին-առանձին շարունակում են ավելի շատ հարկ վճարել, քան, ասենք, Երեւանի Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատը (158-րդ): Կամ, ասենք, «Ջերմուկ գրուպը», որը Կրեմլի առջեւ ստանձնած իր բարձր պարտավորությունով մեր հարկային դաշտում ընդամենը 167-րդն է: Բայց այս ընկերությունը կարող է հիմնավորումներ գտնել բացատրելու, թե ինչու է Երեւանի պետական համալսարանից 11 մլն դրամ պակաս հարկեր մուծել: Պարտավորաստանձ այս ընկերության դեմ միջազգային իմպերիալիզմն է պայքարում՝ փորձելով նրան դուրս մղել ամերիկա-կանադական շուկայից: Թե ինչ պատասխան-արդարացում կհորինեն Երեւանի գինու-կոնյակի-եւ այլն ընկերությունում, դժվար է կանխագուշակել: Հատկապես, որ այս հայտնի ընկերությունը մուծած հարկերի ծավալով զիջում է նմանատիպ արտադրություն ունեցող քիչ թե շատ հայտնի բազում ընկերությունների` «Վեդի ալկոյին», «Էրեբունի ալկոյին», Պռոշյանի կոնյակի գործարանին, ՄԱՊ-ին, «Արաբկիր ալկոյին», եւ այլն: Ցանկում միակ հետաքրքիր հատվածը վերջնամասն է: Վերջին, բայց խոշոր հարկատու հայտարարված ընկերությունների մեծ մասը հասարակությանն անհայտ է: Սրանցից հայտնի «Շեն կոնցեռնը» հաջողացրել է Երեւանի պետական համալսարանից 20 մլն դրամ պակաս հարկ մուծել: Շենցիներն, իհարկե, կարող են արդարանալ, որ իրենք համարյա 4 մլն դրամ ավելի են հարկ մուծել, քան Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Շատ դժվար է արդարացում գտնել ցանկում «պատվավոր» 295-րդ հորիզոնականը զբաղեցնող «Փեթակ» ընկերության համար: «Փեթակին» հաջողվել է 23,5 մլն դրամ պակաս հարկ մուծել, քան Երեւանի պետական մանկավարժական համալսարանը: Թե ինչպես է մեր գործարարներին հաջողվում այս ամենը՝ դժվար է ասել: (Հասկանալը դժվար չէ, ասելն է դժվար): ՀՀ հարկային ծառայությունների հրապարակած տվյալները հայելու պես բան է, որ ցույց է տալիս մեր տնտեսության կոռումպացվածության չափը, յուրաքանչյուր գործարարի` հարկային դաշտը շրջանցելու արտոնության չափը: Տեսեք, 154-րդ հարկատու Երեւանի պետական համալսարանը որպես ոչ մասնավոր հիմնարկություն չունի հարկային դաշտը շրջանցելու արտոնություն: Հետեւաբար, Սոցիալական ապահովության վճար մուծող ընկերությունների ցանկում 7-րդն է: Համալսարանը մոտ 22,5 անգամ ավելի մեծ գումար է մուծել Սոցիալական ապահովության հիմնադրամ, քան, ասենք, հանրահայտ «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը, կամ` մոտ 23 անգամ ավելի՝ քան «Երեւան» հյուրանոցը: Վերջին փաստն, իհարկե, կարելի է արդարացնել մեր իշխանությունների զբոսաշրջությունը խրախուսելու քաղաքականությամբ: (Որքան ինձ հայտնի է, իշխանությունները կրթությունը խրախուսելու առանձին ծրագիր-քաղաքականություն վարելու մասին հայտարարություն երբեք չեն արել): Հարկայինի հրապարակած ցանկերից հատկապես սոցվճարներինն ապացուցում է հանրահայտ այն պնդումը, որ պետությունը վատ տնտեսվարող է: Ապացուցում է, բայց տնտեսագիտության բոլոր դասագրքերին հակառակ տեսանկյունից: Սոցվճարներ մուծող ընկերությունների մեջ գերակշռողը հիմնականում պետական ընկերություններն են: Մասնավորը, որպես «լավ» տնտեսվարող, հայկական իրականության մեջ կարողանում է խուսափել բոլոր տեսակի վճարներից ու հարկերից, իսկ պետականը` ոչ: Այնպես որ՝ ապրիլի 24-ի նախօրյակին ու քարոզարշավի ճիշտ միջնամասում հրապարակված ցանկերը ճիշտ տեղին ու ժամանակին են: Քաղաքական ուժերը խորհրդարան ձգտող գործարարների մասին ահագին ու լուրջ տեղեկություններ ստացան: Մնում է միայն կարողանան օգտվել դրանից: Իսկ շատ գործարարների համար դժվար է լինելու որեւէ արդարացում գտնելը: Այ, օրինակ, անհնար է արդարացում գտնել հարկային ցանկի ետնապահ ընկերության համար: Խոստովանում եմ, որ աչքերիս չհավատալով՝ մի քանի անգամ կարդացել եմ վերջին հարկատուի անունը: Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից ամենապուճուրը, չեք հավատա, բայց` «Հայաստան առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ ընկերությունն» է: Նույն ընկերությունը, որի սեփականատերը (կամ` սեփականատերերից մեկը) օրեր առաջ «ԱԺ ընտրություններ 2007» քաղաքական անվճար գովազդի շրջանակներում ընտրողներին բարգավաճ երկիր կառուցելու իր պատկերացումներն էր ներկայացնում: Այնպես որ՝ հարկային ցանկն ավելի շուտ իրավապահ մարմինների ուսումնասիրության կարիք ունի, քան տնտեսական: Դասական իմաստով՝ տնտեսագիտությունը ոչ մի օրինաչափություն մեր խոշոր հարկատուների ցանկում չի հայտնաբերի: Տնտեսագիտությունը մենք` հայերս չենք հորինել: Հետեւաբար, այն հարիր չէ մեր ազգային մենթալիտետին: