«Վիրահատությունից անմիջապես հետո ես արթնացել ու զրուցել եմ անզգայացնող բժշկի հետ,- հիշում է Լաերտը: -Ես սկզբում լսում ու խոսում էի, բայց ոտքերս չէին շարժվում»:
Վիրահատությունից հետո Լաերտն այդպես էլ չկարողացավ ո՛չ քայլել, ո՛չ լսել: Նրա ծնողները մեղադրում են Երեւանի զինվորական հոսպիտալի բժիշկներին եւ ասում են, որ որդին հաշմանդամ է դարձել այն պատճառով, որ բժիշկներն անտեսել են ընտանիքի խնդրանքը: Տղայի հայրը` Լեւիկ Սաղաթելյանը, ասում է, որ տղային անզգայացրել են ողնաշարից` չնայած իրենք խնդրել էին ընդհանուր անզգայացում անել:
2003 թվականի մայիսին, երբ Լաերտը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի առաջին կուրսի սան էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել են հեղուկային վարիկոցելե հիվանդությունը եւ խորհուրդ են տվել վիրահատել զինվորական հոսպիտալում:
Հարգված վիրաբույժ Միշա Աղայանի կատարած վիրահատությունը բարդ չէր, բայց Լաերտը դժվարությամբ վերականգնվեց տեղային անզգայացումից հետո: Առաջին վիրահատությունից հինգ ամիս անց Լաերտը կրկին բողոքում է ցավերից:
Բժիշկ Աղայանը, ով կատարել էր առաջին վիրահատությունը, հանձն է առնում նաեւ երկրորդը: Հայրը խնդրում է այս անգամ վիրահատել ընդհանուր անզգայացման միջոցով:
«Առաջին անգամ ողնաշարի միջոցով անզգայացումից հետո տղաս դժվարությամբ վերականգնվեց, եւ մենք որոշեցինք խուսափել այդ միջոցից,- պատմում է Լաերտի հայրը,- Աղայանն ինձ ասաց. «Չհասկացա, ինձ բժշկությո՞ւն ես սովորեցնում, տղայիդ կես ժամում վիրահատեմ, տամ ձեռքդ»:
Սակայն վիրահատարանում պայմանավորվածությունները փոխվել են:
«Երբ տեսա, որ անզգայացնող բժիշկ Անահիտ Աթոյանն ուզում է մեջքիցս սրսկել, բռնեցի ձեռքը` խնդրելով` ընդհանուր նարկոզ տալ: Իմ այդ խնդրանքին բժշկուհին ասաց. «Քթից նարկոզը փողով է, հայրդ «պլատիտ» եղե՞լ է, որ քթիցդ նարկոզ տամ»: Ես խնդրանքս փոխեցի առաջարկով. «Հայրս դրսում սպասում է, ասեք, եւ ես կբերեմ ձեր ուզած գումարը»,- պատմում է Լաերտը: Նրա հավաստմամբ` բժշկուհին պատասխանել է` «Արդեն ուշ է»:
«Երբ ասեղը մոտեցրին ինձ` ամբողջ մարմնով դողում էի այնպես, որ վիրահատող բժիշկ Եղիշյանը ստիպված էր ամուր բռնել ոտքերիցս: Ինձ շուռ տվեցին ու սկսեցին իրենց գործը: Ես ցավ էի զգում…»,- վերհիշում է Լաերտը: Նա ասում է, որ տեղային անզգայացումը չի ազդել, եւ մի քանի րոպեից իրեն ընդհանուր անզգայացում են արել:
Լեւիկ Սաղաթելյանն ասում է, որ ինքը կարծում էր, թե վիրահատությունը կրկին Աղայանն է անում: «Վիրահատությունը տեւեց 25 րոպե: Մենք սպասում էինք, բայց երեխային վիրահատական սենյակից չէին տեղափոխում, մեզ չէին ասում տղայիս իրական վիճակի մասին: Ութ ժամ հետո միայն մեզ տեղյակ պահեցին, որ երեխայիս վիճակը շատ ծանր է»,- պատմում է Լաերտի հայրը:
Այդ ժամանակ էլ հայրն իմացել է, որ որդուն այլ բժիշկ է վիրահատել: «Եթե ես իմանայի, որ նարկոզն արժե 10.000 դրամ, անմիջապես կբերեի, ես չգիտեի,- ասում է հայրը,- 10.000 դրամի համար տղայիս հաշմանդամ դարձրին»:
Լեւիկ Սաղաթելյանն ասում է, որ նախքան վիրահատությունը լսել է Աղայանի եւ որդուն վիրահատող բժշկի միջեւ մի խոսակցություն, որի ընթացքում Աղայանը հանդիմանել է երիտասարդ բժշկին` իր մասնագիտական պարտականությունները վատ կատարելու մեջ:
Որդու անդամալույծ դառնալուց հետո Սաղաթելյանը խորհրդատվություն է ստացել հանրապետության տարբեր ուրոլոգ-մասնագետներից, եւ, նրա հավաստմամբ, բոլորն էլ ասել են, որ Լաերտի վիճակը բժշկական սխալի հետեւանք է: Աղայանը, սակայն, այլ կարծիք ունի. «Վիրաբուժական սխալ տեղի չի ունեցել,- ասում է նա: -Դա տղայի անհատական ռեակցիայի արդյունքն է: Ես այդ վիրահատության հետ այնքան կապ ունեմ, որքան դուք»: Նա հերքում է, թե անձամբ վիրահատելու պայմանավորվածություն է ունեցել Լաերտի ծնողների հետ:
ՀՀ Առողջապահության նախարարության Փորձագիտական կենտրոնի եզրակացության համաձայն` բժիշկների գործողությունները ճիշտ են եղել: Սակայն Սաղաթելյանները կասկածներ ունեն, որ կենտրոնի փորձագետներին կաշառել են: Սաղաթելյանն ասում է, որ, ըստ իր ունեցած տվյալների, դատաբժշկական փորձաքննության եզրակացության գինը 2-3000 դոլար է:
«Ես ուրիշ պատասխան չէի էլ սպասում: Առողջ երեխայիս դարձրել են հաշմանդամ եւ հիմա մտածում են իրենց կաշին փրկելու մասին»,- ասում է հայրը:
Սակայն ընտանիքի դժբախտությունները որդու հաշմանդամ դառնալով չեն ավարտվել:
Սաղաթելյանների ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում (Երեւանից 60 կմ հեռավորության վրա): Նրանք այժմ վարձով բնակվում են Երեւանի մոտ գտնվող Պռոշյան գյուղում, որպեսզի հեշտ լինի զբաղվել որդու բուժման հարցերով:
«Տանս եղած-չեղածը վաճառել եմ, որպեսզի հոգամ որդուս խնամքի ու բուժման ծախսերը: Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հետագա բուժման ծախսերը հոգալ եւ հաշմանդամության հաշվառման վերցնել»:
Ռազմաբժշկական հանձնաժողովի տված տեղեկանքում նշվում է, որ Լաերտը հիվանդացել է ռազմական վարժարանում սովորելու ընթացքում:
«Որպես հաշմանդամ հաշվառման վերցնել եւ համապատասխան տեղեկանք տալ հնարավոր չէ, քանի որ վերոհիշյալ վարժարանի սաները ՀՀ օրենսդրությամբ չեն հանդիսանում զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ»,- պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական ծառայության պետ Սեդրակ Սեդրակյանը:
«Այդ Սեդրակյանը մոռանում է, որ որդիս ցմահ հաշմանդամ է դարձել իր նախարարության աշխատակիցների հանցավոր գործողության հետեւանքով»,- ասում է Սաղաթելյանը:
Զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: