Շրջան են կազմելու

27/04/2007

Շուշիի ազատագրման 15-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է կազմակերպել «խաղաղության շրջան»: Ակցիայի անցկացման համար նախատեսվում է կազմել շրջան՝ Ազատության հրապարակ – Ծիծեռնակաբերդ – Եռաբլուր – Ազատության հրապարակ ուղղությամբ: Շրջանի երկարությունը կլինի մոտ 20 կիլոմետր: Շրջանի կազմմանը կմասնակցեն մոտ 20.000 երիտասարդներ: Լռության խորհրդանշական 2 րոպեի ավարտից հետո ռադիոկայաններով հնչելու է՝ «Ես սիրում եմ իմ երկիրը» երգը, որի ներքո փողփողալու են նախապես մասնակիցներին բաժանված ՀՀ եւ ԼՂՀ փոքրիկ դրոշները՝ 1000 հատ ՀՀ եւ 1000 հատ ԼՂՀ դրոշներ: Միջոցառման հանդիսավորությունն ընդգծելու, տոնական տրամադրություն հաղորդելու եւ շրջանում ընդգրկված համայնքների ազգաբնակչությանն ակցիային մասնակից դարձնելու նպատակով Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Արաբկիր համայնքներում տեղադրվելու են համերգային բեմահարթակներ՝ ազգային երգի-պարի տոնական համերգներ կազմակերպելու նպատակով: Ակցիայի մասին համապատասխան տեղեկատվություն տարածելու, երիտասարդությանը եւ բնակչության լայն շերտերին ոգեւորելու եւ իրազեկ դարձնելու նպատակով նախատեսվում է նկարահանել իրար փոխլրացնող 15-20 վայրկյան տեւողությամբ մի քանի տեսահոլովակներ: Հայկական եւ օտարերկրյա հեռուստաընկերություններին միջոցառումը տեսանկարահանելու հնարավորություն ընձեռելու նպատակով ակցիայի համակարգող շտաբին կտրամադրվի 2 ուղղաթիռ: