Շատերը դեռ չեն կողմնորոշվել

27/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղցիներն այսուհետ ընտրությունների գնալով քվեաթերթիկներում չեն տեսնելու «Բոլորին դեմ եմ» տողը: ԼՂՀ Ընտրական օրենսգրքում այս եւ մյուս փոփոխություններն են ընդունվել ԼՂՀ Ազգային ժողովի ապրիլի 25-ի նիստում: Օրենքի նախագծի առաջին ընդունումից հետո Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողով է մտել 10 առաջարկություն, որից 9-ն ընդունվել է նախագծի հեղինակների կողմից: Ղարաբաղցիների համար նոր քվեաթերթիկներով քվեարկումը հեռու չէ. հուլիսի 19-ին նրանք երկրի նախագահ կընտրեն: Իսկ առայժմ նախագահի թեկնածուները երեքն են` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը եւ ԼՂՀ Կոմկուսի նախագահ Հրանտ Մելքումյանը: Իսկ նախագահական ընտրությունների նախաշեմին փոփոխություններ են մտցվել «ԼՂՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում, ըստ որի` ԼՂՀ նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են Ստեփանակերտում նստավայր, ծառայողական առանձնատուն, պետական ամառանոց եւ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ: Իսկ պաշտոնաթող նախագահին կտրամադրվի առանձնատուն եւ, ցանկության դեպքում, նաեւ անվտանգության ապահովում: Նրան հնարավորություն կտրվի նաեւ տարեկան երկու անգամ արտասահմանյան ուղեւորության մեկնել: Առայժմ Ղարաբաղի կուսակցությունները նախագահի թեկնածուի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չեն արտահայտել, բացառությամբ Կոմկուսի, որն առաջադրել է սեփական թեկնածու, եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության, որը հայտարարել է, որ սատարելու է Բակո Սահակյանին: Թեկնածուի մասին չեն խոսում խորհրդարանում ընդգրկված մյուս երեք ուժերը` Արցախի ժողովրդավարական, «Շարժում-88» կուսակցությունները եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Իսկ ոչ խորհրդարանական ուժերը դեռ պասիվ վիճակում են: Միայն հայտնի է, որ «Սոցիալական արդարություն» կուսակցությունը չի սատարելու Կոմկուսի եւ ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուներին: Մնում է սպասել մինչեւ թեկնածուների առաջադրման ավարտը, այսինքն՝ մայիսի 5-ը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեզ տեղեկացրին, որ երկու նախաձեռնող խմբերը եւ մեկ կուսակցությունն արդեն գրանցվել են: Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 9-ը կկատարվի նախագահի թեկնածուների գրանցումը: