Տաքսու վարորդների հետ ունեցած այսօրվա մեր զրույցի թեման Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: Ապրիլի 24-ն ի՞նչ խորհուրդ ունի տաքսու վարորդների համար, կամ այցելո՞ւմ են արդյոք նրանք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին:
«Շնորհակալություն ջահելներին»
Վարորդ Կորյունն անկեղծորեն զարմացած է. «Ես ապշած եմ, թե ինչ կազմակերպվածությամբ ու ինչ համախմբված ապրիլի լույս 24-ի գիշերը երիտասարդությունը դուրս եկավ երթի: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես նման բան չէի տեսել, որ, մանավանդ ջահելությունը մեծ պատրաստակամությամբ ինչ-որ մի գաղափարի համար հավաքվի ու իր ձայնը բարձրացնի: Ես էդ ժամանակ պատվերի մեջ էի ու, որ էդ ամբոխը տեսա՝ մտածեցի՝ էն «Իմպիչմենտի» հավաքներն է, ասեցի՝ երեւի հրատապ բան է եղել, Քոչարյանենք հրաժարական են տվել, սրանք էլ նշում են: Հետո, որ էդ պաստառները, ջահերը տեսա՝ նոր գլխի ընկա»,- պատմում է Կորյունն ու խնդրում անպայման իր խոսքերը լուսաբանել: «Ես որպես ՀՀ քաղաքացի՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր էն մարդկանց, ովքեր կազմակերպել էին էդ երթն, ու էն երիտասարդներին, որ էդ ուշ ժամին եկել, հավաքվել էին ու պահանջում էին Հայոց ցեղասպանության ճանաչում: Ես սկսում եմ մտածել, որ վերջապես քնած հայ ժողովուրդն արթնանում է ու պահանջում է իր իրավունքները: Դաշնակցությունը մեծ գործ է անում, դաշնակները կարողացան ապրիլի 24-ին ցույց տալ իրենց հայրենասիրությունն ու համախմբվածությունը: Թող բոլոր կուսակցություններն ու պաշտոնյաներն օրինակ վերցնեն ու հայրենասեր մի գործ անեն: Եղեռնի օրը ես բոլոր ալիքները նայում էի ու ոչ մեկով չտեսա արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Նա պիտի մի հատ ցնցող տեքստով հայտարարություն աներ, որովհետեւ ցեղասպանության ճանաչման հարցը առաջինը պետք է Վ. Օսկանյանի բերանից դուրս գար: Բայց ոչինչ, եթե մեր ջահելությունը սկսել է դիսկոտեկների փոխարեն գնալ Ծիծեռնակաբերդ, ուրեմն՝ ես հավատում եմ, որ էս նոր սերունդը շատ խելացի ու համարձակ սերունդ է»,- ասում է նա:
«Stop, եղբայր, քո քաղաքացուն էս ի՞նչ օրն ես գցել»
Վարորդ Գեղամն, ինչպես միշտ, նախ՝ ուշադրություն է հրավիրում հայերի վրա, հետո նոր՝ խոսում օտարազգի ոճրագործների մասին: «Հայաստանում ներկա դրությամբ ցեղասպանություն է գնում: Թող Ծիծեռնակաբերդ գնալուց հետո մեր նախագահը դուրս գա իրա երկրի փողոցներով շրջի: Էս համատարած աղքատությունն ու արտագաղթը ցեղասպանություն չի՞: Փողոցների մայթերով քայլող մարդկանց մի հատ ուշադրություն դարձրեք, ոնց որ կենդանի դիակներ լինեն: Մեկը հոգեկան հիվանդ ա, մեկը պատերազմի հաշմանդամ ա, հազիվ ա իրան քարշ տալիս, մյուսի ձեռքը նորածին երեխա ա ու հացի փող ա մուրում: Դա էլ ա, չէ՞, ցեղասպանություն: Թող մի հատ հաշվարկ անեն ու տեսնեն, թե էսքան տարվա մեջ քանի հայ մարդ ա փախել Թուրքիա աշխատելու, ընտանիք պահելու,- զայրացած գրեթե բղավում է Գեղամն ու շարունակում,- Նայե՛ք, հային հասցնում են էն աղքատ ու անճար վիճակին, որ նա թողնում-փախնում ա Թուրքիա, որ սովից չմեռնի, ու հետո Թուրքիայից պահանջում են, որ պատասխան տա հային սպանելու համար: Լավ ա, որ Թուրքիայի կառավարությունը չի ասում՝ stop, եղբայր, բա դու քո քաղաքացուն էս ի՞նչ օրն ես գցել: Ուզում եմ ասել, որ մեր ղեկավարությունը պետք ա մի քիչ մտածի, խելքի գա: Մեր ղեկավարությունը պետք ա ամաչի ու գիշերները չքնի, որ էսօր հայ կնանիք թուրքերի համար մարմնավաճառություն են անում, թուրքերի ոտքերի տակն են լվանում, կեղտոտ լվացքն են անում, որ կարողանան ապրել: Հայաստանի կառավարությունը պիտի հասկանա, որ ինքը քիչ բարոյական իրավունք ունի Թուրքիայից ինչ-որ բան պահանջելու, քանի դեռ Հայաստանի քաղաքացին Թուրքիայի հաշվին ա ապրում: Երբ որ մերոնք ամբիոններից հայտարարում են, թե Թուրքիան իրավունք չունի Եվրամիության անդամ երկիր դառնալ, ես կատաղում եմ, որովհետեւ Հայաստանի նման գավառական երկրի գավառական պաշտոնյաները կանգնում խրատ են տալիս, թե ով ինչ պիտի անի: Եվրախորհրդի պահանջներն իրանք կատարո՞ւմ են, կոռուպցիան նվազեցնո՞ւմ են, աշխատատեղեր բացո՞ւմ են, ժողովրդի բարեկեցությունն ապահովո՞ւմ են… Հայաստանը ներսում իրա պրոբլեմները պիտի լուծի, որ պարզ երեսով Թուրքիայից պահանջի ճանաչել ցեղասպանությունը: Թուրքիան հային մորթելով ա ոչնչացրել, իսկ Հայաստանը մարդկանց դանդաղ ա սպանում: Ես մի քիչ ջղայնացա, բայց դա չի նշանակում, որ Թուրքիային չեմ մեղադրում ցեղասպանության համար, ուղղակի նաեւ հայերին եմ մեղադրում, որ հիմա էլ իրանք են դանդաղ ցեղասպանություն անում»,- ասում է տաքսու վարորդն ու խնդրում դադարեցնել զրույցը, այլապես բարկությունից կասի բաներ, որոնց համար հետագայում պատասխանատվության կենթարկվի:
«Շիրազին տնային կալանքի էին ենթարկում»
Վարորդ Հրայրը վստահեցնում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալուց հետո սկսել է յուրովի գնահատել հայ մարդու ազատությունը: «Ա՛յ, սենց առիթներով ես մենակ հասկանում անկախության արժեքը: Երեկ գնում էինք Ծիծեռնակաբերդ ու հիշում էի սովետի տարիները, երբ բռնապետություն էր: Էն ժամանակ ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ պահանջներ, ի՞նչ ցույցեր: Մանկավարժականի ուսանող էի: Մի օր դասի ժամանակ ամբոխի ձայներ լսեցինք, պատուհանից նայեցինք, տեսնենք միտինգ է: Իջանք, միացանք միտինգին, որը Եղեռնի առիթով էր: Հասանք Պրոսպեկտի կողմերը, մեկ էլ մոտոցիկլետներով միլիցեքը եկան, մտան ամբոխի մեջ: Վախից հարայ-հրոցով ամեն մեկս ուր պատահեց փախավ: Շատ վտանգավոր էր, որ բռնեին՝ կձերբակալեին: Ես հիշում եմ, որ կոմունիստների օրոք ապրիլի 24-ի նախօրեին Հովհաննես Շիրազի նման հայրենասեր մարդկանց ձերբակալում էին, որ հանկարծ միտինգներ չանեին ու գոռային՝ «Տվե՛ք մեր հողերը, միացե՛ք մեզ»: Էլի մի քանի հայտնի մարդիկ կային, որոնք էդ օրերին ոտքի էին կանգնում, նրանց տնային կալանքի էին ենթարկում, որ աղմուկ չբարձրացնեն»,- հիշում է մասնագիտությամբ մանկավարժ Հրայրը, ով նաեւ չի մոռանում անիծել Վլադիմիր Իլյիչ Լենինին: «Լենինը շատ քանդեց մեր երկիրը: Լենինը Հիտլերից վերան էր: Մենակ էդ հոկտեմբերիկի, պիոների ու կոմսոմոլի գաղափարները հերիք էր, որ մարդը կորցներ իր եսն ու դառնար Լենինի ռոբոտը: Ընդհանրապես Սովետը շատ նողկալի բան էր, եւ էսօր դուք պիտի գնահատեք անկախ Հայաստանը: Իսկ ռուսներն ուղղակի երեսպաշտներ են: Լենինն ավերեց Արեւմտյան Հայաստանը, իսկ Գորբաչովը՝ Լեռնային Ղարաբաղը»,- սովետական տարիները հիշելով՝ պատմում է Հրայրն ու մեզ՝ երիտասարդներիս, կոչ անում «ձեռքերի վրա» պահել անկախ Հայաստանը, որովհետեւ իրենց սերունդը շատ է երազել այդ անկախության մասին: «Ինչքան էլ Լեւոն-Տեր Պետրոսյանը հիմա հասարակությունից երես թեքած լինի, մեկ է՝ մեր նման մարդիկ իրեն նույնացնելու են այդ արժեքի հետ: Լեւոնը մեզ ազատություն տվեց, դա երբեք չմոռանաք: Դուք հիմա չեք գիտակցում, թե ինչ բան է էս ազատությունը, իսկ սովետի բռնատիրական կարգերում ապրած սերունդը շատ լավ հասկանում է»: Վարորդ Հրայրը վստահեցնում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ընտանիքով գնում է Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:
«Չե՞ք կըրնալ ձաղիկ մը դնել»
Վարորդ Սամվելը Եղեռնի օրն իր մեքենայով սփյուռքահայ ուղեւոր է տեղափոխել: «Սփյուռքահայերը մի ուրիշ ձեւի են գնահատում հայրենիքն ու ավանդույթները: Արմատներով մշեցի ամուսիններ էին ու Լոս Անջելեսից էին եկել, հուզված էին: Ասում էին, որ իրանց երեխեքին էլ դաստիարակում են, որ ամեն ապրիլի 24-ին կարողանան գալ Հայաստան՝ Ծիծեռնակաբերդ,- ասում է Սամվելն ու ավելացնում,- Դե՛, իրանց կյանքը հեշտ ա, հասկանո՞ւմ եք: Իրանք կենցաղային դժվարություններից չեն տառապում, դրա համար էլ սենց միջոցառումներին կազմ ու պատրաստ են: Դե, հիմա ինձ ասեք՝ գնա, ո՞նց գնամ, եթե առավոտից իրիկուն ավտո եմ քշում, որ ընտանիք պահեմ: Էդ ամերիկահայերն ինձ հարցրին՝ դուք ա՞լ եկել էիք հոս: Ասեցի, որ չեմ կարողացել գնալ, զարմացան, սկսեցին չար աչքով նայել, թե՝ ինչպե՞ս, ձեզի ասքան մոտ է, բայց չե՞ք կըրնալ ձաղիկ մը դնել անդեղ: Սիրտս նեղվեց, նենց արհամարհական խոսացին: Ասեցի՝ չէ, կներեք, ձաղիկ մը դնել չգարողացա: Իրանց դժվար ա հասկանալ, թե մենք ինչքան պրոբլեմներ ունենք: Չնայած ճիշտ էին, ես ամաչեցի իրանց ասածից: Բայց ես շշմել էի, թե էդ ձյանն ու անձրեւին ինչքան մարդիկ էին գնում, իրոք, որ դա գնահատելի ա: Իրոք որ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործով մեր պետությունը շատ ա առաջ գնում: Էդքան երկրներ որ ճանաչել են՝ էդ մեր պետական պաշտոնյաների շնորհքն ա: Հիմա շատ-շատ են խոսում ցեղասպանության մասին, իսկ առաջ նման բան չկար, առաջ չէինք էլ կարա երազել, թե մի օր ցեղասպանությունը կճանաչվի: Էդ առումով Գերմանիան շատ շնորհքով ազգ դուրս եկավ: Հրեաների ցեղասպանությունը ճանաչեցին ու մինչեւ օրս էլ հրեաներին տույժ ու տուգանք են մուծում: Բայց էս բնությունն էլ ա հետաքրքիր հա: Ամեն տարի սգո էս օրն անձրեւ ա գալիս, դա շատ զարմանալի բան ա»:
«Թող մյուս անգամ ինձ ուղարկեն Թուրքիա»
«Չգիտեմ՝ կգնա՞մ Ծիծեռնակաբերդ, թե՞ չէ, բայց ասեմ ձեզ, որ շատ մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչի են գնում: Էն օրը մի քանի տղա են նստել մեքենաս ու, որ խոսում էին՝ շշմում էի: Մեկն ասում ա՝ չգնա՞նք մի քիչ տժժանք, մյուսն էլ, թե՝ չէ, ընդեղ տխուր տեղ ա: Ասում ա՝ արա լիքը ծտեր կըլնեն, կկպցնենք, մի տեղ կգնանք,- զարմացած պատմում է Կարենն ու շարունակում է,- Ընդհանրապես լավ կլինի, որ մեր երկրի ղեկավարները 15 թվի ջարդերի վկաներին շատ ուշադրություն դարձնեն: Մեկ-մեկ նրանց հետ հարցազրույցներ են լինում, անցյալ տարի ծեր մարդկանց ցույց էին տալիս ու իրանց պատմածները, դրանք շատ ցավալի ու տպավորիչ էին: Հիմա նայեք, էդ սերունդն արդեն շատ ծեր ա, ցեղասպանության 92-ամյակն ա լրանում ու վաղը-մյուս օրն իրանք էլ չեն լինի, իսկ ցեղասպանության ճանաչման հարցում իրանք իսկական զենք են: Մի բան ա, երբ պատմության մասին են խոսում, ուրիշ բան ա, երբ ականատեսներն են վկայում: Անցած տարի նույն օրը բոլոր ալիքներն իրանց խոսացնում էին, ու, երբ լսում էի՝ մտածում էի՝ սրանից լավ ապացո՞ւյց: Թուրքիային էլ ի՞նչ ա պետք, որ հաստատի ցեղասպանությունը: Մեր երկիրը չպիտի ափսոսի իրա փողերը, պիտի ծախսի քարոզչության համար: Ամբողջ օրը լուրերով ասում են, թե Թուրքիան քարոզչություն ա անում, է՜ բա լավ ա անում, դուք էլ արեք, աշխարհով մեկ տարածեք: Չնայած հիմա սփյուռքը կարգին ակտիվացել ա,- ասում է Կարենն ու անդրադառնում Աղթամարի եկեղեցու վերաբացմանը,- Օրինակ՝ երբ նայում էի Աղթամարի եկեղեցու բացումը, քիչ էր մնում ջղայնությունից տրաքեի: Մեր պատվիրակությանն ամոթ եմ ասում, որովհետեւ իրանք իրանց ողորմելու պես պահեցին: Գնացել են իրանց հողերի մեջ նենց են խեղճացել, ոնց որ թուրքի գերի լինեին: Աթաթուրքի նկարը կպցրած եկեղեցու բացմանն են մասնակցում, ու մի հատ հայկական սիմվոլ էլ չկա: Մեր պատվիրակությունն ընդհանրապես չպետք ա ոտք դներ էնտեղ: Ես լինեի, կբարձրանայի բեմ ու կասեի՝ թուրքե՛ր, ամոթ ձեզ, որ էդքան կեղծավոր եք ու որ կանգնել եք իմ հողի վրա անամոթաբար ասում եք, որ սրբատեղին թանգարան ա դառնալու: Խի կարելի՞ ա գնալ բերանները ջուր առած որբի նման կանգնել, ու ինչ ասեն՝ էն էլ անեն»,- իր կարծիքն արտահայտում է Կարենն ու մեր իշխանություններին խորհուրդ է տալիս այսուհետ նման պաշտոնական արարողությունների ժամանակ իրեն ուղարկել. «Ես թքած ունեմ, թե Թուրքիան էդ պահին ինձ ինչ կանի: Գոնե հիմա համոզվեցի՞ն էդ պատվիրակները, որ էլի խաբեցին ու նույնիսկ խաչը չդրեցին: Թուրքիա գնացած փոխնախարարն ամեն ելույթում ասում էր, որ խաչը դնելու են, կդնեն, բա չե՞ն դնի: Մենք չպիտի վախկոտի կեցվածք ընդունենք, որովհետեւ Թուրքիան ամեն ինչ անում ա, որ մեզ վախացնի: Հրանտ Դինքի նման հերոսը պետք ա մեր բարձրաստիճան պաշտոնյաների համար կուռք դառնա, որովհետեւ ամեն մեկն էդքան հայրենասիրություն ու հերոսություն եթե ունենա՝ մեր տարածքները չորս կողմից վերցնող չի լինի: Էդ վախկոտի կերպարի պատճառով ա, որ ադրբեջանցին՝ մի կողմից, թուրքն ու վրացին՝ մյուս կողմից, աչք են տնկել մեր տարածքների վրա, իսկ ռուսներն էլ ուրիշ ձեւով են ջարդ անում: Մեր ազգին մի քիչ նամուս ու թասիբ ա պետք, պետք չի, որ տենց խեղճ ու կրակ լինեն: Էդ տառապած ազգի կերպարից պետք ա դուրս գալ ու բոլորին հաթաթա տալ: Մեզ ի՞նչ ա եղել ա՛յ մարդ, խելք էլ ունենք, ուժ էլ ունենք: Եկեղեցու բացման կադրերը նայում էի, ու սիրտս լցվում էր, թե Արեւմտյան Հայաստանի էդ եդեմական բնությունը ոնց ենք տվել էդ բոշա ազգին»: