Վանքը բաժանում է Վրաստանը եւ Ադրբեջանը

27/04/2007

Բազմաթիվ հարցերում ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Վրաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ իրենց ընդհանուր սահմանում գտնվող վանքի կարգավիճակի շուրջ:

Այդ զարմանալի քարանձավային վանքը, որը Վրաստանում հայտնի է Դավիթ Գարեջի, իսկ Ադրբեջանում` Քեշիշ Դաղ անվամբ, կարեւոր կրոնական կենտրոն եւ մշակութային հուշարձան է վրացիների համար: Ադրբեջանցիներն այն համարում են իրենց մշակութային ժառանգության մասը` նույնպես պնդելով, որ այն ռազմավարական կարեւոր նշանակություն ունի:

Ներկա սահմանն անցնում է վանքի հիմքով, իսկ եկեղեցիների մեծ մասը գտնվում է Վրաստանի տարածքում: Երկու կողմերում էլ սահմանապահներ կան:

Իրական սահմանագիծն այնքան էլ կարեւոր չէր խորհրդային տարիներին. այդ հարցը ծագեց միայն այն ժամանակ, երբ եւ՛ Վրաստանը, եւ՛ Ադրբեջանն անկախ դարձան: Երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ երկկողմ սահմանի սահմանագծման հանձնաժողովի` վերջերս կազմակերպված մի շարք հանդիպումների ընթացքում: Այս ամիս կայացած իր վերջին հանդիպումից հետո հանձնաժողովը հրապարակավ հայտարարությամբ հանդես չի եկել, թեեւ, ըստ պաշտոնական աղբյուրների` քննարկվում էր ներկա սահմանն անփոփոխ թողնելու ծրագիրը, երբ երկու կողմերն էլ կկարողանան ազատ կերպով վանքն օգտագործել զբոսաշրջության նպատակներով:

«Կրոնական բոլոր վայրերը պետք է մնան Դավիթ Գարեջիում, բայց այնտեղ են այցելում զբոսաշրջիկներ եւ՛ Վրաստանից, եւ՛ Ադրբեջանից, այնպես որ, լավ կլինի, եթե նրանց թիվն աճի»,- ասում է Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Գաբաշվիլին: «Բոլորն էլ պետք է հնարավորություն ունենան տեսնել վանքը, եւ ես չեմ հասկանում, ինչն է խնդիրը»:

Վանքը գտնվում է Վրաստանի հարավում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 565 եւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա: Այն հիմնադրվել է 6-րդ դարում եւ զբաղեցնում է 25 կմ չոր տարածք, նրա հարյուրավոր շինություններն ու եկեղեցիները կառուցված են ժայռերի ու լեռների մեջ, դրանցից շատերում դեռեւս վանականներ են բնակվում:

Ադրբեջանի կողմից Բոյուկ Քեսիք սահմանային պահակակետից մինչեւ վանքն ընկած 15 կմ տարածքն ամբողջովին ամայի է: Դատարկ տարածությունն օգտագործվում է որպես արոտավայր, իսկ ամբողջ ճանապարհի երկայնքով IWPR-ի լրագրողը հանդիպել էր հովիվների` շների եւ ոչխարների հոտերի հետ: «Ամռանը մենք գնում ենք Քեշիշ Դաղ հանգստանալու, իսկ վրացիները` աղոթելու համար»,- ասում է 61-ամյա Ահմեդ Սալիմովը Բոյուկ Քեսիք գյուղից: Բլրի ստորոտում, որտեղ գտնվում է վանքը, ինչպես նաեւ՝ բլրի կատարին, տեղակայված են ադրբեջանական սահմանապահ կետերը: IWPR-ի լրագրողին ասել են, որ նրան հատուկ թույլտվություն է պետք վանք այցելելու համար. դա նշանակում էր, որ վանք կարելի էր հասնել միայն Վրաստանի կողմից: «Դա ռազմավարական վայր է»,- IWPR-ի լրագրողին ասել է ադրբեջանցի մի սպա: «Ճիշտ է, մենք բարեկամական հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, բայց ոչ մի երկիր չպետք է նման ռազմավարական բարձունքներ զիջի այլ պետությանը»:

Վերջին տարիներին Ադրբեջանը եւ Վրաստանը սերտորեն համագործակցել են հեղինակավոր նախագծերի շուրջ, ինչպիսին էր, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ պատճառով վանքի շուրջ ծագած տարաձայնությունը երկու կողմերի համար էլ անհարմար դրություն է ստեղծում:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է լրագրողներին, որ ճիշտ չէ ասել, թե Դավիթ Գարեջիի շուրջ «վիճաբանություն» կա: «Դա վիճաբանություն չէ, մենք եղբայրական հարաբերություններ ունենք մեր ընկերների հետ եւ հուսով ենք, որ կարող ենք արագ լուծել այս խնդիրը»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, երկու երկրների պաշտոնյաներն էլ համառորեն իրենց դիրքերն են պաշտպանում` միեւնույն ժամանակ կրկնելով, որ երկկողմ հարաբերությունները բարեկամական են:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Հալաֆ Հալաֆովն ասել է. «Մենք չպետք է դա խնդրի վերածենք: Բոլորն էլ գիտեն, որ այս համալիրի մեծ մասն Ադրբեջանի տարածքում է գտնվում, եւ մենք վրացիների հետ այս հարցը խաղաղ ճանապարհով կհարթենք»: Վրաստանի Սահմանապահ ոստիկանության ղեկավար Բադրի Բիցաձեն ասել է, որ իր երկիրը վանքի տարածքից «սանտիմետր անգամ չի զիջի»:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Մանջգալաձեն, որը գլխավորում է սահմանի ապառազմականացման եւ սահմանագծման հանձնաժողովը, ասել է, որ քանի որ Վրաստանը մշակութային եւ կրոնական մեծ նշանակություն է տալիս Դավիթ Գարեջիին, Վրաստանի կառավարությունը պատրաստ է Ադրբեջանին խնդրո առարկա տարածքի դիմաց որեւէ այլ տարածք առաջարկել:

«Մեզ հետաքրքրում է տարածքների հնարավոր փոխանակումը»,- ասել է նա IWPR-ին: «Մենք այս դիրքորոշման մասին հայտնել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին»: Մանջգալաձեի խոսքով, վանքի հիմքի 95 տոկոսը գտնվում է Վրաստանի տարածքում:

Բաքուն այնքան էլ ոգեւորված չէ առաջարկվող տարածքի փոխանակմամբ: Ադրբեջանի սահմանապահներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասել է. «Սա ռազմավարական տեսանկյունից կարեւոր միակ բարձրադիր վայրն է շրջակայքում, եւ Ադրբեջանը շահագրգռված չէ զիջել այն` փոխանակելով այլ տարածքների հետ»:

Վրաստանում Դավիթ Գարեջիի` համատեղ զբոսաշրջության վայր դառնալու մասին պաշտոնական առաջարկներն առաջացրել են հասարակության, որի 85 տոկոսը քրիստոնյա է, ինչպես նաեւ՝ Ուղղափառ եկեղեցու վրդովմունքը:

Պատրիարք Իլյա 2-րդն ասել է, որ վանքը սրբություն է, որը պետք է ամբողջությամբ Վրաստանի տարածքում մնա:

«Քարթուլի Դասի» կուսակցության անդամները եւ Վրաստանի ուղղափառ ծնողների ոչ կառավարական միությունն այս ամիս բողոքի երկու երթ են կազմակերպել, մեկը՝ Ադրբեջանի դեսպանատան, մյուսը` Վրաստանի Արտգործնախարարության մոտ: «Թվում է, թե մեր ղեկավարները պատրաստ են Ադրբեջանին ցանկացած բան տալ, այդ թվում նաեւ՝ մեր սրբությունները` էներգիայի ռեսուրսների դիմաց»,- ասել է բողոքի ակցիայի մասնակից Լաշա Զեդգենիձեն:

Վրացիները նշում են, որ ժայռակերտ եկեղեցիների պատերին 8-րդ դարում ստեղծված որոշ որմնանկարներ պատկերում են Վրաստանի թագավորներին ու թագուհիներին:

Ինչեւէ, որոշ ադրբեջանցի պատմաբաններ պնդում են, թե վանքն իրականում պատկանում է կովկասյան ալբանական մշակույթին` ներկայիս Ադրբեջանի տարածքում ժամանակին գտնվող վաղ միջնադարյան քրիստոնեական քաղաքակրթությանը: «Վանքը Վրաստանի տարածքում է եղել միայն 12-րդ դարում»,- ասել է ադրբեջանցի լրագրող եւ պատմաբան Իսմայիլ Ումուդլուն, որն ուսումնասիրել է վանքը: «Այդ ժամանակաշրջանից առաջ եւ դրանից հետո այդ տարածքը հանդիսացել է այն պետության մասը, որի հետնորդն է Ադրբեջանը»:

Վրաստանի արվեստն ուսումնասիրող պատմաբան Դմիտրի Թումանիշվիլին հերքում է նման փաստարկը` ասելով, որ այդ եկեղեցիները լի էին վրացական մշակույթի ապացույցներով, մինչդեռ կովկասյան ալբանական ժառանգության ոչ մի հետք այնտեղ չկա:

«Դավիթ Գարեջին պատված է վրաց վարպետների գործերով: Այնտեղ ամենուր վրացերեն գրություններ են, որոնք թվագրված են 6-րդ դարով»,- ասում է նա: «Որեւէ այլ մշակույթի հետքեր այնտեղ չկան: Ի վերջո, չենք կարծում, որ ձեզ լրացուցիչ ապացույցներ են պետք»: Վանքի այցելուները նվազեցնում են վիճաբանության նշանակությունը` ասելով, որ երկու կողմերի սահմանապահներն իրենց թույլ են տալիս ազատ շրջել զարմանալի քարանձավային բնապատկերով:

«Ես այս եզակի վայրը շատ հաճախ եմ այցելում եւ միշտ ձգտում եմ ցույց տալ այն Վրաստան այցելող իմ ընկերներին»,- ասում է Թբիլիսիում բնակվող Խաթունա Ջանգիրաշվիլին: «Ադրբեջանի կողմն անցնելն ամենեւին էլ խնդիր չի: Պարզապես ադրբեջանցի սահմանապահներին դուր չի գալիս, երբ մենք լուսանկարում ենք նրանց սահմանային պահակետերը: Այլ խնդիրներ չկան»:

Իդրակ ԱԲԲԱՍՈՎ, Քեշիշ Դաղ (Բաքվի «Այնա/Զերկալո» թերթի լրագրող)
Դավիդ ԱԽՎԼԵԴԻԱՆԻ, Թբիլիսի (Ռեզոնանսի» թերթի լրագրող)

Հ.Գ. Համագործակցությունն իրագործվել է IWPR-ի նոր, «Համակովկասյան լրագրության ցանց» ծրագրի շրջանակներում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (www. iwpr. net), Կովկասյան լրատուից: