Քնարավանը համայնքի կարգավիճակ կստանա

27/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Շահումյանի շրջանում տարիներ առաջ հիմնադրված Քնարավան գյուղը համայնքի կարգավիճակ կստանա: Տեղեկացնենք, որ գյուղը հիմնադրվել է ամերիկահայ բարերար Կարապետ Հարությունյանի եւ նրա ընտանիքի հովանավորությամբ` Կ. Հարությունյանի կնոջ` Քնարի հիշատակին:

Կարապետ Հարությունյանի խոսքերով, Քնարավանում կատարված աշխատանքները դեռ կշարունակվեն, եւ նախատեսվում է 50-ից ավելի տներ կառուցել գյուղում եւ իրականացնել տարբեր ծրագրեր: Քնարավանը կարգավիճակ կստանա «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորները խոսել են նաեւ Քաշաթաղի շրջանի համայնքների մասին: Ըստ վերոնշյալ օրինագծի, Քաշաթաղի շրջանի 71 համայնքները կդարձնեն 53: ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով պատգամավոր Արպատ Ավանեսյանի հետ ուսումնասիրություններ էր կատարել Քաշաթաղի տարբեր բնակավայրերում, ընդգծեց, որ վերաբնակեցմանն առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի: Նա առաջարկեց այդ թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել: Ա.Սարգսյանը նաեւ փաստեց, որ միայն սոցիալական խնդիրը չէ այդ բնակավայրերից մարդկանց հեռանալու պատճառը: