«Virginia Tech»-ում տեղի ունեցած ջարդի մանրամասները գրեթե ամեն ժամ ավելի շատ հարցեր են առաջացնում: Ավելին, համալսարանական ջարդը, հենց մարդասպանի շնորհիվ, դարձել է մեդիա-իրադարձություն: Ամենագլխավոր հարցը` հնարավո՞ր էր կանխել ողբերգությունը: Հնարավոր էր մեկուսացնել հանցագործին:
Սխալ հասցեով ծրարը
Հայտնի է, որ 23-ամյա մարդասպանը սկզբում ուսանողական հանրակացարանում սպանել է իր ընկերուհուն եւ նրա հետ նույն սենյակում գտնվող տղային եւ միայն երկու ժամ անց ներխուժել է համալսարան եւ սկսել ջարդը: Այդ երկու ժամերի արանքում Չո Սյունգ-Հուին ծրար է ուղարկել NBS հեռուստաընկերությանը: Ծրարում եղել են մարդասպանի նկարները, 27 տեսահոլովակ եւ 1800 բառանոց ուղերձ:
Չո Սյունգ-Հուին տեսահոլովակներից մեկում ասել է, որ ողբերգությունից հնարավոր էր խուսափել, բայց «դուք ինձ մղել եք դրան»: «Դուք ունեք հարյուր միլիարդավոր շանս խուսափելու այս ամենից այսօր: Բայց դուք որոշել եք թափել իմ արյունը: Դուք ինձ միայն մեկ տարբերակ եք թողել: Որոշումը ձերն է: Այժմ` ձեր ձեռքերը արյունոտ են եւ դրանք երբեք չեն մաքրվելու»: Մեկ այլ տեսաուղերձում նա ասում է. «Երբ ժամանակը գա, ես ստիպված եմ դա անել»:
Չոն սպանությունների մասին խոսում է անցյալ ժամանակով: Եվ անհասկանալի է, թե հատկապես ե՞րբ են դրանք ձայնագրվել: Չոն մի մասը նկարահանել է ավտոմեքենայում, մեծ մասը՝ սպիտակ պատի առաջ կանգնած: Ըստ պատի ձեւի եւ ներկի, կա կարծիք, որ Չոն ձայնագրել է ինքն իրեն հենց իր սենյակում:
Իր ուղերձներից մեկում Չոն հիշատակում է «տառապյալների, ինչպիսին են Էրիկը եւ Դիլանը»` ակնհայտորեն նկատի ունենալով մարդասպաններ Էրիկ Հարիսին եւ Դիլան Կլոբոլդին, որոնք ութ տարի առաջ` 1999 թվականի ապրիլի 20-ին, Կոլումբին դպրոցում սպանել էին 13 աշակերտի:
Իր սպառնալիքներից մեկը Չոն ուղղել է ընդդեմ հարուստների եւ մյուս թշնամիների. «Դուք ամեն ինչ ունեք: Ձեր Մերսեդեսները Ձեզ հերիք չեն, փալասներ: Ձեր ապարանջանները ձեզ հերիք են, քաղքենիներ… Ձեր օղին եւ կոնյակը քիչ էր: Ձեր պոռնկությունը հերիք չէր: Սրանք հերիք չէին բավարարելու ձեր հեդոնական պահանջները: Դուք ունեք ամեն ինչ»:
Չոն նաեւ բազմաթիվ կրոնական հիշատակումներ ունի՝ ասելով, թե իրեն մատաղ է անում, ինչպես Քրիստոսը: Նկարներում Չոն զենքը ձեռքին նայում է տեսախցիկին: Մեկ անգամ` զենքն ուղղված է իր գլխին: Չոյի՝ երկուշաբթի ուղարկված ծրարը հեռուստաընկերությունը ստացել է չորեքշաբթի առավոտյան: Փաթեթը մեկ օրով ուշացել է, որովհետեւ Չոն սխալ էր գրել NBC հեռուստաընկերության հասցեն եւ փոստային ինդեքսը: Ծրարը ստանալուն պես հեռուստաընկերությունն անմիջապես տեղյակ է պահել ոստիկանությանը եւ փաթեթի պարունակության բոլոր բնօրինակները հանձնել քննիչներին: Ոստիկանությունը պարունակությունն ուսումնասիրելուց հետո հայտարարել է, որ «սա կարող է լինել հետաքննության համար կարեւոր եւ նոր բաղկացուցիչ»:
Ուսանողները բողոքում էին վաղուց
Դեռ երկու տարի առաջ Վիրջինիայի դատավորներից մեկը Չոյին որակել է «հոգեկան հիվանդ», ով առաջին հերթին վտանգավոր է հենց իր համար: Հատուկ կցված դատական գրության մեջ Չոն բնութագրվում է այսպես. «հոգեկան հիվանդության պատճառով ինքն իրեն անխուսափելի վտանգ է ներկայացնում»: Դեկտեմբերի 14-ով թվագրված դատավորի մեկ այլ գրության մեջ ասվում է. «Չոն, հոգեկան հիվանդության պատճառով անխուսափելի վտանգ է ներկայացնում մյուսների համար եւ կարիք ունի հոսպիտալացման: Չոն անունակ է կամ չի ցանկանում անցնել բուժում»: Բայց միաժամանակ նույն գրության մեջ ասվում է, որ՝ «Չոն թեեւ ունի դեպրեսիա, բայց հերքում է, թե ցանկանում է ինքնասպան լինել: Նա ասում է, որ չունի հոգեբանական դժվարություններ: Նրա մտածողությունն ու դատողությունը նորմալ է»:
Ոստիկանության ուշադրության կենտրոնում Չոն հայտնվել է երկու տարի առաջ` 2005-ի նոյեմբերին: Այն ժամանակ համալսարանի ուսանողուհիներից մեկը դիմել էր բուհի ոստիկանական բաժանմունք` բողոքելով Չոյի ինտենսիվ եւ համառ նամակներից: Ոստիկանությունը զրուցել է ապագա մասնագետի հետ: Զրույցը կրկնվել է նաեւ հաջորդ ամսին, երբ մեկ այլ ուսանողուհի է նույն խնդրով դիմել ոստիկանությանը: Հենց այդ ժամանակ ուսանողներից մեկը ոստիկանությանը հայտնում է, որ Չոն կարող է ինքնասպանություն գործել: Ոստիկանության պայմանավորվածության համաձայն, Չոն այցելում է Բլակսբուրգի հոգեբանական կենտրոն, որտեղ երկու օր անցկացնելուց հետո վերադառնում է համալսարան: Դրանից հետո` ոստիկանությունը Չոյով չի հետաքրքրվում: Մինչդեռ Չոն դառնում է գլխացավանք նաեւ իր համակուրսեցիների եւ դասախոսների համար:
Դասախոսը նրան անվանել է «ստոր»
Հենց այդ ժամանակ Չո Սյունգ-Հուին խնդիրներ է ունեցել համալսարանում: Ավելին` դասախոսներից մեկը` Նիկկի Ջովաննին, նրան անվանել է «ստոր»:
«Նա ամեն անգամ դասի էր ներկայանում սեւ ակնոցներով, գլխարկով: Մի քանի անգամ խնդրել եմ գլխարկն ու ակնոցները հանել: Չարեց»,- ասում է Նիկկի Ջովաննին: Նրա խոսքով, երբ լսել է սպանությունների մասին, ասել է` ես գիտեմ, ով կարող է սա անել: Նիկկիի խոսքով, ինքը կզարմանար, եթե մեկ ուրիշը լիներ: Նիկկին դասավանդել է պոեզիա: Նրա պատմելով, Չոյի բանաստեղծություններն ուղղակի սարսափելի, դեպրեսիոն, տհաճ եւ ագրեսիվ էին: Հենց այդպիսին էլ եղել է նաեւ ուսանողի պահվածքը, որը դասի ժամանակ սկսել է գաղտնի լուսանկարել իր համադասարանցիներին. «Ես հասկանում եմ, որ մենք խոսում ենք խենթ երիտասարդների մասին, որոնք ինչ ապուշություն ասես՝ չեն անում. խմում են, շենքերից թռնում, հարբում եւ մեքենա վարում: Ես դասավանդել եմ այդպիսիներին: Բայց Չոյի դեպքում, նա իսկապես ստոր էր»:
«Ես անընդհատ վերլուծում էի, թե ինչ կարող եմ անել, որ չեմ անում: Ինչն եմ սխալ անում»,- ասում է Նիկկին: Սակայն ավելի ուշ՝ վերլուծելով Չոյի վարքը, լսելով նաեւ ուսանողների բողոքները, դասախոսը պայման է դնում ֆակուլտետի առաջ` կամ ինքը հրաժարական է տալիս, կամ ուսանողը պետք է հեռացվի դասերից: Չոն հեռացվում է պոեզիայի դասարանից:
Ոստիկանության եւ համալսարանի պատասխանը
Եվ այսպես. այսքանից հետո ինչո՞ւ այս երիտասարդը չի ստացել համապատասխան բուժում եւ ինչո՞ւ առաջին սպանությունից երկու ժամ անց նա դեռ շրջում էր համալսարանում` սպանելով եւս 31 հոգու:
Ոստիկանությունն ասում է, որ Չոյի բանաստեղծությունները եւ վարքը գուցե կասկածելի էին, բայց միաժամանակ ագրեսիվ չէին: Բացի այդ, պետք է նկատել. Միացյալ Նահանգներում գործում է անձնական կյանք ունենալու ամենակարեւոր Սահմանադրական իրավունքը, որը հենց սահմանափակել է ոստիկանության գործունեությունը: Ինչ վերաբերում է ուսանող-մարդասպանի դեպրեսիոն եւ ագրեսիվ բանաստեղծություններին, ապա պոեզիայի դասի հանձնարարականը եղել է ստեղծագործական աշխատանքը, որտեղ անգամ ագրեսիվությունը ներելի է: Այդ առումով, Չոն շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացրել: Արձագանքելով երկրորդ հարցադրմանը, համալսարանի ղեկավարությունն ասում է, որ առաջին կրակոցներից հետո սկսվել է հետաքննություն: Այդ ժամանակ ոստիկանները կասկածել են, որ սա խանդի հողի վրա հանցագործություն է, եւ զբաղված են եղել վկաների հարցաքննությամբ:
Իսմայիլ Էքս. սեմեստրն ավարտված է
Համալսարանում դեռ դասերը չեն սկսվել: Ուսանողները եւ դասախոսները դեռ շոկի մեջ են: Այս ոճրագործությունն առիթ տվեց խոսել ամերիկյան համալսարաններում տիրող մթնոլորտի եւ ուսանողական հոգեբանական վիճակի մասին: Ըստ վերջին հարցումների, ամերիկյան ուսանողների կեսից ավելին գերհոգնած է. նրանց մեծ մասը տառապում է անքնությամբ, նրանց մեկ երրորդը` դեպրեսիայով:
Այդ ոճրագործությունը տեղի է ունեցել դասերի գրեթե ավարտին: Մայիսի առաջին կեսին գարնանային սեմեստրն ավարտվում է: «Ի՞նչ պետք է անել՝ կանխելու համար այս հանցագործությունները» հարցին այսօր մասնագետները դժվարանում են պատասխանել` փոխել օրենսդրությունը, արգելել զենքի վաճառքը, խստացնել անվտանգության կանոնները: Եվ ամենակարեւորը` ուշադրություն դարձնել եւ անտարբեր չլինել շրջապատող մարդկանց նկատմամբ: Նրանք միայնակ մելանխոլիկից կարող են վերածվել մոլագար մարդասպանի:
Չո Սյունգ-Հուին հարավ-կորեացի միջին խավի ընտանիքից էր, ով անհաջողակ էր անձնական կյանքում, լռակյաց, երբեք չէր շփվում իր հասակակիցների հետ, գրում էր ագրեսիվ պատմվածքներ, օրինակ, խորթ հորը սպանելու մասին: Նա մինչեւ հանցագործությունը մազերը շատ կարճ կտրել էր եւ գնել էր երկու ատրճանակ: Նա փաստորեն հոգեբանորեն տրանսֆորմացվել էր, որի մասին է վկայում փաստը, որ NBC-ին ուղարկած ծրարում «ում կողմից» բաժնում գրել է «Իսմայիլ Էքս»: Նույն անունը, որպես տատու, դաջված է եղել նրա ձեռքին: Իսմայիլ Էքսը Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» հայտնի վեպի հանելուկ-հերոսներից էր, որն իր թանկագին ժամանակը ծախսել է Հարվարդում կամ Յելի համալսարանում սովորելու վրա…
Չոն որոշեց այլեւս չսովորել: Ու չապրել: Սպանեց 32 հոգու ու որոշեց դառնալ իր 33-րդ զոհն ու ինքնասպան եղավ: