Իրանահայերի կյանքը Հայաստանում

27/04/2007 Աննա ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ

Վերջին տարիներին իրանահայերի եւ ընդհանրապես սփյուռքահայերի ներգաղթը Հայաստան շոշափելի աճել է: Դա կարելի է դրական գնահատել, բայց որքանո՞վ է այդ փաստն ուրախալի հայաստանաբնակ հայերի եւ հատկապես` երեւանցիների համար: Պարզելու համար այս հարցի պատասխանը՝ զրուցեցինք երկու կողմերի ներկայացուցիչների հետ:

Երիտասարդ իրանահայերի Հայաստան գալու հիմնական նպատակներն են` կամ Հայաստանի բուհերում սովորելը, կամ էլ՝ փոքր բիզնեսով զբաղվելը:

«Ես ընդհանուր առմամբ գոհ եմ Երեւանից, եւ իմ բիզնեսն այստեղ վատ արդյունքներ չի տալիս: Այստեղ անհամեմատ ավելի հեշտ է սկսել անձնական բիզնեսը: Սակայն կցանկանայի, որ երեւանցիների մտածելակերպի որոշ գծերը փոխվեն»,- ասում է 25-ամյա Քեւինը: Երկու տարի առաջ նա Թեհրանից տեղափոխվել է Հայաստան` ձեռնարկատիրությամբ զբաղվելու նպատակով: Մեկ տարի է, ինչ բիստրո է բացել այստեղ (այսպես կոչված՝ «fast food»): Նրա բիստրոն աչքի է ընկնում բարձր երաժշտությամբ ու հետաքրքիր կոկտեյլներով:

Ըստ Քեւինի, հայերը չափից դուրս մեծամիտ են: Ի դեպ, մեր զրույցից առաջ նկատեցի, որ Քեւինը մի տղամարդու հետ կարծես վիճում է: Նրանց վեճից կցկտուր հատվածներ լսելով, համոզվեցի, որ որոշ երեւանցիներ իսկապես, այսպես ասած, «չեն սիրում» պարսկահայերին: Պարզվեց, այդ տղամարդը եկել էր «խրատելու» Քեւինին. թե ինչո՞ւ նա մի քանի օր առաջ իր տղային չի տվել ինչ-որ ձայնասկավառակ: «Իսկ ինչո՞ւ պիտի տայի,- տարակուսում է Քեւինը: -Ես ոչ այդ տղամարդուն եմ ճանաչում, ոչ էլ իր տղային: Իսկ նա ինձ կոպտում է, «դասեր է տալիս»:

Քեւինն ասաց նաեւ, որ հայերն անընդհատ քմծիծաղ են տալիս իր հագուստի, իր ոճի վրա, չնայած նորմալ հագուկապ է նախընտրում (առանց «ծիծակ» կոշիկների ու այլ նմանատիպ զարդարանքների): Ըստ Քեւինի, հայերը կարծում են, որ եթե մեկը տարբերվում է իրենցից, ուրեմն՝ վատն է: Իսկ ընդհանուր առմամբ Քեւինին կյանքը Երեւանում դուր է գալիս: Այստեղ նա բազմաթիվ ընկերներ ունի, այդ թվում` նաեւ երեւանցիներ, ունի աշխատանք: Կան բազմազան ռեստորաններ, սրճարաններ ու այլ տիպի ժամանցի վայրեր, որտեղ հնարավոր է ճաշակել պարսկական խոհանոցի ուտեստներն ու լսել պարսկական երաժշտություն: Այսինքն` ստացվում է, որ Երեւանը հոգեհարազատ վայրեր է ստեղծել Իրանից ժամանող պարսիկների եւ մեր հայրենակիցների համար: Մոտավորապես շաբաթը մեկ անգամ Երեւանի տարբեր դիսկո-ակումբներում կազմակերպվում են պարսկական երեկոներ: Քեւինի խոսքերով, իր պարսկահայ ընկերներն այցելում են այդ երեկոներին եւ շատ գոհ են մնում:

Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար ես զրուցեցի եւս մի քանի իրանահայերի հետ: Գրեթե բոլորն էլ նույն կարծիքն էին արտահայտում: Օրինակ՝ Արաբո Մարգարյանը: Այս 26-ամյա երիտասարդն, արդեն վեց տարի է, ինչ եկել է Սպահանից եւ ապրում է Երեւանում: Նա աշխատում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը կից գործող Կրթական տեխնոլոգիաների Ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) եւ սովորում է Երեւանի ճարտարագիտական համալսարանում:

«Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում,- ասում է Արաբոն,- ունեմ բազմաթիվ հայ ընկերներ: Ճիշտ է, կան որոշ մանրուքներ, որ ինձ այդքան էլ դուր չեն գալիս, սակայն դրանք ամեն երկրում էլ կգտնվեն: Մի խոսքով, չեմ դժգոհում: Միգուցե դա նրանից է, որ ես բնավորությամբ հարմարվող մարդ եմ»:

Արաբոն պատմում էր, որ երբ առաջին անգամ գնում էր համալսարան դասի, իրեն թվում էր, թե խմբի ուսանողներն այդքան էլ լավ չեն ընդունի իրեն: Սակայն պատկերը բոլորովին այլ է եղել. բոլորը նրան լավ են ընդունել եւ չեն տարանջատել իրենցից:

Իսկ հայերի կարծիքն իրանահայերի մասին տարբեր է լինում: Ոմանք շատ լավ են ընդունում նրանց, անգամ ուրախ են, որ նրանք վերադառնում են, սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր լավ չեն վերաբերվում Իրանից եկող հայրենակիցներին:

«Կարծում եմ, աղջիկների վերաբերմունքն իրանահայերի հանդեպ շատ ավելի լավ է, քան տղաներինը,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Տաթեւիկ Հարությունյանը,- Ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ ծաղրել նրանց: Ցավոք, մեր տղաներից շատերը հենց այդպես են վարվում»:

Վատ վերաբերմունքի օրինակ կարող են ծառայել հայերի եւ իրանահայերի միջեւ ծագող ընդհարումները, որոնք հաճախ ավարտվում են ծեծկռտուքով: Մեկ այդպիսի դեպք տեղի ունեցավ մոտավորապես մեկ ամիս առաջ Երեւանի դիսկո-ակումբներից մեկում: