Ապրիլի 25-ին Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակազմը՝ Մատենադարանի ձեռագրերի թվայնացման հետ կապված տարբեր խավերի անհանգստությունները հաշվի առնելով, մեկ անգամ եւս հստակ ձեւակերպումներ տվեց «Հիլլ» թանգարանի հետ կնքած հուշագրի դրույթների մասին եւ արեց հետեւյալ պարզաբանումները։ «Հիլլ» թանգարանի հետ կնքած մտադրությունների հուշագիրը հնարավորություն է տալիս ձեռագրերի աստիճանական «ծերացման» պայմաններում գրանցել եւ պահպանել ձեռագրի այսօրվա վիճակի թվային տեսապատկերը: Երկրորդ՝ դյուրացնում է հայագետների աշխատանքը, քանի որ ձեռագրերի շարունակական օգտագործումը վնասում է բնօրինակը, իսկ մանրաժապավենի տրամադրումը դժվարացնում է հետազոտողի աշխատանքը, այնինչ ձեռագրի էլեկտրոնային տարբերակը կամ նրա լուսապատճենը թե՛ ձեռագրերն են փրկում շարունակական թերթատումից, թե՛ հեշտացնում գիտնականի աշխատանքը:
Երրորդ` արտասահմանում գտնվող հայերեն ձեռագրեր ունեցող հաստատությունների համաձայնությամբ, Մատենադարանում կհավաքվեն աշխարհում եղած հայերեն բոլոր ձեռագրերի թվային պատկերների կրկնօրինակները։
Ձեռագրերը նկարահանվելու են բացառապես Մատենադարանում եւ Մատենադարանի աշխատակիցների կողմից։
Ի դեպ, Մատենադարանի ձեռագրերի թվայնացմանը հայաստանյան գիտնականները դեմ չեն, նրանց մտահոգում է Մատենադարանի հեղինակային իրավունքների պաշտպանությունը։ Մատենադարանի տնօրինությունն անհրաժեշտ համարեց նշել, որ պայմանագրով ամրագրված են Մատենադարանի հեղինակային բոլոր իրավունքները։ Ձեռագրի ամբողջական լուսապատկերը կարող է տալ միայն Մատենադարանը, իսկ Ինտերնետում տեղադրվելու են միայն ձեռագրի թվային պատկերների մի քանի նմուշ։ ԱՄՆ-ում հայկական որեւէ կառույցի (աշխարհիկ կամ կրոնական) կլիազորվի վերահսկել Մատենադարանի հեղինակային իրավունքները։
Գիտաշխատողները վստահեցրին, որ Մատենադարանում չկա մի ձեռագիր, որ նախնական նկարագրում ստացած եւ ընթերցված չէ։ Այսինքն, բոլոր ձեռագրերի բովանդակությունը հայտնի է, եւ անհիմն են այն պնդումները, թե Մատենադարանը չգիտի, թե ինչ հարստություն է պահպանում։ Մատենադարանի տնօրինությունը մեկ անգամ եւս հավաստիացնում է, որ «Հիլլ» թանգարանին տրվելու է միայն այն ձեռագրերի թվային պատկերների կրկնօրինակը, որոնցում առկա բնագրերը հրատարակված են։
Միաժամանակ Մատենադարանի աշխատակիցներն անթույլատրելի համարեցին հայ ժողովրդի ազգային հարստության մաս կազմող հայ ձեռագրային ժառանգության պահպանության եւ գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով իրականացվելիք այս ծրագիրն անձնական շահերին ծառայեցնելը, որի պատճառով հասարակության մեջ մեր ձեռագրային արժեքների ապագայի հանդեպ հուսահատ ու կասկածամիտ տրամադրություններ են առաջանում։
Ծրագիրը դեռեւս աշխատանքային փուլում է, առայժմ ստորագրվել է միայն մտադրությունների հուշագիր, քննարկվում են ձեռագրերի թվայնացված տարբերակների օգտագործման իրավունքների հետ կապված հարցերը։ Բուն աշխատանքները կսկսվեն միայն տեխնիկական եւ իրավաբանական բնույթի պայմանագրերի կնքումից հետո, որոնք կհաստատվեն կառավարության համապատասխան օղակների կողմից փորձաքննություն անցնելուց հետո:
Մատենադարանի տնօրինությունը կոչ արեց այս խնդրով մտահոգ բոլոր հայագետներին, ինչպես նաեւ՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներին սերտորեն համագործակցել Մատենադարանի հետ, որպեսզի հաշվի առնվեն մտահոգ եւ շահագրգիռ կողմերի բոլոր կառուցողական առաջարկները, մինչեւ վերջնական պայմանագրի կնքումը, որը տեղի կունենա հինգ ամիս անց: