Գողացված եւ մաքսազերծված է

10/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Մաքսային պետական կոմիտեի տվյալներով` 2002թ. հանրապետություն է ներմուծվել 8.314 ավտոմեքենա, 2003թ. ներմուծումը զգալի աճել է՝ կազմելով 15.232 մեքենա: 2004թ. ընթացքում տեմպերը պահպանվել են՝ 13.415 մեքենա: Այս մեքենաների գրեթե կեսը ներմուծվել է Ռուսաստանից եւ կեսից ավելին՝ կազմակերպությունների կողմից:

Մեքենաների ներկրման աճի հետ միասին ավելացել է նաեւ առեւանգված մեքենաների «շրջանառությունը»: Հավանաբար սա էր պատճառը, որ 2004թ. ՀՀ ոստիկանության պետի եւ ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանի համաձայն` ստեղծվեց ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված կետ, որն էլ մինչեւ մաքսազերծվելը ավտոմեքենան ենթարկում է փորձաքրեագիտական համապատասխան ստուգումների: ՀՀ Ինտերպոլ ԱԿԲ-ի տվյալներով` հայտնաբերվել են օտարերկրյա 27 պետություններում առեւանգված 352 ավտոտրանսպորտային միջոցներ, որից 69-ը՝ 2004թ. ընթացքում: Առեւանգված մեքենաների պատկերն ըստ երկրների հետեւյալն է՝ Գերմանիա, ՌԴ, Բուլղարիա, Բելգիա, Չեխիա, Լեհաստան եւ այլն: Ըստ ՀՀ ոստիկանության Լրատվության վարչության, առեւանգված մեքենաները Հայաստան են ներմուծվում բացառապես անհատների կողմից: Մաքսային կոմիտեի տվյալների համաձայն` հայտնաբերված մեքենաներից 14-ի առանձին ագրեգատների նույնացման համարները եղել են վերադաջված: Մենք փորձեցինք պարզել, թե Հայաստանում ինչպե՞ս են պայքարում առեւանգված մեքենաների ներկրման դեմ:

Մովսիսյան Արմենակ, մասնագիտացված մաքսակետի պետ.- Երբ տրանսպորտային միջոցը հատում է ՀՀ սահմանը, տվյալ սահմանային մաքսակետում անմիջապես լրացվում է փոխադրման ամփոփագիր, ուր ներառվում են տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր ռեկվիզիտները՝ գույնը, տարեթիվը, շարժիչը, իդենտիֆիկացիոն համարը եւ այլն։ Դրանից հետո տրանսպորտային միջոցի մուտքը Հայաստան համարվում է ոչ մաքսանենգ: Մեքենայի օրիգինալ փաստաթղթերի փաթեթը սահմանային մաքսակետի պաշտոնատար անձի կողմից վերցվում, կնքվում եւ ուղարկվում է այստեղ հետագա ձեւակերպումներ ստանալու համար: Տրանսպորտային միջոցը Հայաստանի սահմանային ցանկացած մաքսակետից մոտ երեք ժամվա ընթացքում հասնում է Երեւան: Այդ ընթացքում մեր հարցման համաձայն Ինտերպոլը նախնական տեղեկատվություն է տալիս տվյալ մեքենայի՝ հետախուզման մեջ լինել-չլինելու մասին: Մինչեւ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետի եւ մեր մաքսավորի կողմից պրոֆեսիոնալ զննում անցնելը, մինչեւ նրանց կողմից համապատասխան տեղեկատվության տրամադրումը մաքսազերծում չի կատարվում: Փաստաթղթային տվյալները համեմատվում են մեքենայի տվյալների հետ. մի բան է` ստանալ տեղեկատվություն, մեկ այլ բան է` ստացած տեղեկատվությունը համեմատել: Մաքսազերծումից հետո անմիջապես հայտարարագիր չենք տալիս, քաղաքացին Պետավտոտեսչության մարմիններում դեռ գրանցված չի լինում: Մեր կողմից ընդամենը տեղեկանք է տրվում, որը փոխարինում է մեքենայի փաստաթղթերին: Պետավտոտեսչության մարմիններում գրանցվելու ժամանակ Ինտերպոլին կատարվում է կրկնակի հարցում, նորից մեկ ամիս տեւում է այդ գործընթացը եւ դրանից հետո միայն մեքենան կանգնում է հաշվառման:

Էդուարդ Հովհաննիսյան, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ.- Խորհրդային Միության ժամանակ գողացված մեքենաները չէին վաճառում, քշում էին կամ էլ հիմնականում մաս-մաս վաճառում: Իսկ հիմա, քանի որ այդ մեքենաների մեծ մասը գալիս է արտասահմանից ու մեծ քանակությամբ են գողացվում, նաեւ վաճառում են: Ինտերպոլը կա, բայց համապատասխան օրենքը չկա, որ կարգավորի այս երեւութները: Գողացած մեքենայի գնորդն ո՞ւր գնա, ո՞ւմ դիմի: Հենց որ պարզում են, թե գողացված է, մեքենան տանում են հատուկ հրապարակ, մեքենան ի՞նչ պետք է արվի, գնորդի գումարն ո՞վ պետք է տա: Ա՛յ, էս հարցերը կարգավորող համապատասխան օրենքն ու դրանից բխող օրենսդրական ակտերը չկան: Հայաստանը չունի ճանապարհային երթեւեկության մասին օրենք:

Ներկայանալ չցանկացող.- Բացատրեմ մեխանիզմը. մեքենաների առեւանգման ոլորտում ոնց որ մի ամբողջ հանցավոր ցանց է գործում: Արտասահմանում, գիտեք, ապահովագրության համակարգը լավ է աշխատում: Մեկի հետ պայմանավորվում են, իբր թե նրա մեքենան գողանում են, բայց մեքենայի տերը գողության մասին հայտարարություն պետք է տա այն ժամանակ, երբ «գողը թույլ տա»: Գողն այդ մեքենան իր հանցավոր կապերի միջոցով տվյալ երկրից դուրս է հանում, մեկ ուրիշ տեղ վաճառում: Բոլոր ձեւակերպումները ավարտելուց հետո նոր մեքենայի տերը հայտարարություն տալու «իրավունք է ստանում»: Քանի որ մեքենան ապահովագրված է լինում, տերը ստանում է ամբողջ արժեքը, նույն պայմանավորվածության համաձայն` գողից էլ ստանում է վաճառված մեքենայի գումարի մի մասը: Նա ինչ-որ տեղ նաեւ շահում է: Ենթադրենք, մեքենան իր բոլոր համապատասխան փաստաթղթերով բերում են Հայաստան, մաքսային համապատասխան ձեւակերպումները հաջողացնում են ու վաճառում: Կարճ ժամանակ հետո այդ մեքենայի հետախուզման մասին Ինտերպոլում հայտարարություն է հայտնվում: Ներքին գործերի աշխատողը գալիս է եւ մեքենան տանում: Եթե գնորդը բարեխիղճ է ու չի իմացել, որ դա գողացված է եղել, ո՞վ պետք է փոխհատուցի նրա վնասը:

Վլադիմիր Աղանիկյան, Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության բաժնի պետ.- Զննում ենք էն նպատակով, որ տեսնենք, թե ագրեգատների վրա թվանշանները փոխվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե թվանշանները փոխված են, ու Ինտերպոլը ստուգում է, չի կարողանում պարզի, մենք պարզում ենք, համապատասխան տեղեկանք ենք տալիս, թույլ ենք տալիս, որ մեքենան մաքսազերծեն: Շատ է լինում, որ կեղծված է լինում: Ընդհանրապես կեղծվում են թանկ մեքենաները, ամենաշատը Վրաստանից ներկրած:

Էդուարդ Հովհաննիսյան.- Մի երկու տարի առաջ մի տուժած վարորդ նման հարցով դիմել էր մեզ: Գնելուց հետո պարզվել է, որ մեքենան Ինտերպոլով փնտրվում է: հետո Պետավտոտեսչությունից եկել, մեքենան տարել են հատուկ հրապարակ: Էդ վարորդը երկար ժամանակ գնում-գալիս էր մեզ մոտ: Քանի որ չկար հարցը կարգավորող ենթաօրենսդրական ակտը, մենք չկարողացանք նրան օգնել: Բայց Պետավտոտեսչության պարտականությունն է մանրամասն ստուգել մեքենայի փաստաթղթերն ու համապատասխան մասերը, նոր գրանցել: Առաջին հերթին տեսուչին պետք է հարցնել՝ իսկ դուք ինչպե՞ս եք գրանցել մեքենան: Բնականաբար մեզ մոտ տեսուչը ոչ մի պատասխանատվություն չի կրի:

Ներկայանալ չցանկացող.- Իմ ընկերը Գերմանիայից 30.000 դոլար արժողությամբ մեքենա էր բերել: Մաքսազերծումը, գրանցումը ժամանակին նորմալ ձեւակերպել էր: Մի օր Պետավտոտեսչության մի աշխատող հայտնվում է եւ ասում, թե այդ մեքենան պետք է տանեն, որովհետեւ Ինտերպոլի հետախուզման մեջ է: Ընկերս Գերմանիայում գնելուց առաջ դիմել էր Ինտերպոլի տեղական ծառայությանը եւ տեղեկանք էր ստացել այն մասին, որ այդ մեքենան հետախուզման մեջ չէ: Մեր միլիցիայությունում գլխի չէին ընկել, որ այսպիսի բան էլ է հնարավոր: Փաստորեն, «մերոնք» ուզում էին այդ խեղճ մարդու գլխին սարքել ու փող պոկել: Դե՛, եթե 30.000 դոլար ունեցել է, մի քանի հազար էլ կունենա, որ թանկ մեքենան չկորցնելու համար տա տեսուչներին: Բայց նրանք չէին մտածել, որ թանկ մեքենա գնողը կարող է նախօրոք Ինտերպոլով ստուգած լինի: Բայց էլի վերջում մի 500 դոլարի չափ իբր թե մաղարիչ էր տվել: Գիտե՞ք ինչ, այս ամեն ինչի մեջ օրինապահ մարմինների մատը խառն է, դրա համար էլ մեքենաների գողությունը միշտ էլ կլինի:

Ինչպես տեսնում եք, հնչեցված հարցերը շատ են: Մենք փորձեցինք Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից որեւէ տեղեկատվություն ստանալ, կամ թույլտվություն՝ համապատասխան որեւէ պաշտոնյայի հետ պարզաբանելու, թե Հայաստանում նման դեպքերում ինչպե՞ս են վարվում, ո՞ր օրենքն է գործում կամ ի՞նչ դեպքեր են եղել: Վարչության պետ Սայադ Շիրինյանը հեռախոսազրույցի ժամանակ ընդամենը պատասխանեց. «Եթե գնորդը նախօրոք է իմացել, որ մեքենան գողացված է եղել, անպայման հետ է վերցվում: Եթե բարեխիղճ է եղել, գործը քննվում է»: Ընդամենը: