Հայաստանն ուրան է արդյունահանելու

25/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Հայաստանը կարող է ոչ միայն շահագործել ատոմային կայանը, այլեւ ուրան արդյունահանել»: «Հայաստանը կարող է ոչ միայն ուրանն օգտագործել սեփական նպատակներով, այլեւ արտահանել»:

«Հայաստանն ամբողջապես փոխում է իր քաղաքական կշիռը, որպես սեփական ռադիոակտիվ հումք ունեցող, նաեւ ատոմային էներգետիկայի բնագավառում էներգիա արտադրող երկիր»: Համատեղ ասուլիսի ժամանակ երեկ այսպիսի հայտարարություններ արեցին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ Ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: Խորհրդային տարիների երկրաբանական հետազոտությունների արդյունքով Հայաստանն ունի մոտ 30.000 տոննա ուրանի հանքային պաշարներ: Սերգեյ Կիրիենկոյի կարծիքով՝ նոր հետազոտություն իրականացնելուց հետո ուրանի պաշարների գնահատականը կարող է ավելանալ մինչեւ 2 անգամ: Ս Կիրիենկոն Հայաստանում ուրանի ուսումնասիրման համար ձեռնարկություն ստեղծելու, ատոմային էներգիայի հետ կապված մի քանի համաձայնագիր ստորագրելու նպատակով Երեւան էր այցելել ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրավերով: «Ռոսատոմի» տնօրենը երեկ հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նախագահ Քոչարյանի հետ: Վարչապետն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել ռուս մասնագետներին եւ անել հնարավորը՝ նախատեսված ծրագրերը ժամանակին եւ որակով իրականացնելու համար: Հայաստան-Ռուսաստան այս նոր գործարքը սկիզբնավորվել է դեռեւս 2007թ. հունվարին, այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սոչիում հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: Դա այն հայտնի հանդիպումն էր, որի ժամանակ ՌԴ նախագահը մեծահոգաբար նեղսրտեց, թե ներդրումների մասով Ռուսաստանը Հայաստանում զբաղեցնում է ամոթալի երկրորդ տեղը: Ռ. Քոչարյանը հույս հայտնեց, որ իրենք շուտով կշտկեն այդ բացթողումը եւ կհայտնվեն պատվավոր առաջին տեղում: Բացի այդ, Վ. Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը հետաքրքրություններ ունի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ եւ պատրաստ է համագործակցել ու ներդրումներ կատարել նաեւ այս դաշտում: Այդ հայտարարությունից հետո Հայաստանում քննարկումներ սկսվեցին: Նեղ շրջանակներում քննարկվում էր, թե Պուտինը հատկապես ո՞ր հանքերի վրա աչք ունի: Մանավանդ, որ քիչ թե շատ խոշոր բոլոր հանքերն արդեն ունեն սեփականատերեր եւ շահագործողներ: Մինչ մերոնք ենթադրություններ էին անում, թե միգուցե մեր ռուս մեծ ախպերը աչք է դրել ոսկու կամ մոլիբդենի հանքերի վրա, հանկարծ պարզվեց, որ Հայաստանն ուրան էլ ունի եւ՝ բավականին մեծ պաշարներով: Ռուսաստանը Հայաստանի էներգետիկայի մոտ 80 տոկոսը, կապի ոլորտը եւ մի քանի այլ խոշոր գործարաններ սեփականացնելուց հետո փորփրել է խորհրդային տարիների իր արխիվները՝ գտնելու համար, թե Հայաստանն է՞լ ինչ հարստություն ունի, որ կարելի է վերցնել: Եվ ահա հայտնաբերել է բավականին յուղոտ պատառ՝ ուրանի հանքերը: Ու քանի որ Ռուսաստանի ցանկությունները Հայաստանում անմիջապես իրականություն են դառնում, ակնհայտ է, որ ուրանի հանքերն էլ պետք է շուտով դառնան այդ երկրի սեփականությունը: Ռուսաստանն առայժմ հետաքրքրություններ ունի Սյունիքի մարզի հանքերի նկատմամբ: Տարեսկզբին արդեն ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալությունը հայկական կողմին էր ներկայացրել ուրանի հանքավայրերի երկրաբանական որոնման, հետախուզման եւ շահագործման 2007թ. համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը: Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում համատեղ ձեռնարկություն ստեղծել, որը կիրականացնի հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրություն եւ նախնական արդյունահանման գնահատումը: Համատեղ ձեռնարկության մեջ հայկական կողմը կներկայացնի «Գեոէկոնոմիկա» ՊՓԲԸ-ն, ռուսական կողմը՝ «Քիմիական տեխնոլոգիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտը»:

Ինչպես նշեցինք՝ նախնական տվյալներով՝ Սյունիքի հանքերն ունեն մոտ 30.000 տոննա ուրանի պաշարներ: Բայց չի բացառվում, որ իրական պաշարները կրկնակի չափով ավելի լինեն: Հասկանալու համար, թե 30.000 տոննան ի՞նչ թիվ է եւ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, տեղեկացնենք, որ միայն Հայաստանի ատոմակայանը աշխատեցնելու եւ արտադրվող էներգիայի 40 տոկոսն ապահովելու համար անհրաժեշտ է տարեկան մոտ 150 տոննա միջուկային վառելիք: Միջուկային վառելիքը ստացվում է ուրանի հարստացումից: Հիմա միջազգային շուկայում 1 կգ ուրանն արժե մոտ 140 դոլար: Այսինքն՝ Հայաստանն այսօրվա գներով եւ նախնական տվյալներով՝ ունի մոտ 4 մլրդ 200 մլն դոլարի ուրանի պաշարներ, որը ՀՀ պետական բյուջեից 4 անգամ ավելին է: Շատ հավանական է, որ այս թիվն իրականում երկու անգամ ավելին լինի: Իզուր չէ, որ այդ մասին Կիրիենկոն է հայտարարում: Այսինքն՝ Հայաստանն ունի մոտ 9 մլրդ դոլարի ուրանի պաշարներ: Եվ ահա Ռուսաստանն ուզում է տիրանալ այս հարստությանը: Այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ այդ նույն ռազմավարական գործընկերը Հայաստանին չներեց ունեցած 100 մլն դոլար պարտքը եւ դրա փոխարեն վերցրեց մի քանի խոշոր գործարաններ: Այդ պարտքը գոյացել էր Հայաստանի ատոմակայանի համար միջուկային վառելիք տրամադրելու դիմաց: Եվ ահա մեր խելոք իշխանությունները Հայաստանի ուրանի հանքերը տալիս են Ռուսաստանին, որ դրանից հարստացված միջուկային վառելիքը գնեն եւ ատոմակայան աշխատեցնեն: Սա՝ այն դեպքում, երբ ուրանն իր տնտեսական ու քաղաքական նշանակությամբ չի զիջում ո՛չ նավթին, ո՛չ գազին: Այս մասին երեկ հայտարարեցին պարոնայք Ս. Կիրիենկոն եւ Վ. Այվազյանը: