Նախագահի եւս մեկ թեկնածու

25/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Ի՞նչ է, Ղուկասյանին պետք է փոխե՞նք»,- Մարտունու շրջանի Ճարտար գյուղում այսպիսի հարց ինձ ուղղեց տարեց մի կին, որն այնուհետեւ մոռանալով իր հանրապետությունում կայանալիք ընտրությունները՝՝ միանգամից սկսեց խոսել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից եւ այդ թեմայով իր ունեցած ողջ ինֆորմացիան փորձեց ինձ «տրամադրել»:

Այցելելով շրջանի մի քանի գյուղեր եւ շփվելով գյուղաբնակների հետ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք ընդհանրապես տեղյակ չեն Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների մասին, կամ էլ պարզապես նրանց մի մասին չի հետաքրքրում դա: Մինչ գյուղացիները երկարատեւ անձրեւներից հետո արեւոտ օրը փորձում են զբաղվել իրենց բանջարանոցների, հողատարածքների հարցերով, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվում են հուլիսի 19-ին Ղարաբաղում նախատեսվող նախագահական ընտրություններում թեկնածուներ առաջադրող նախաձեռնող խմբերը:

Արդեն ԼՂՀ ԿԸՀ են դիմել 3 խմբեր: Քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել են ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը եւ Արցախի պետհամալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը, իսկ կուսակցության կողմից առաջադրվել է ԼՂՀ Կոմկուսի նախագահ Հրանտ Մելքումյանը:

Նախագահական ընտրությունների թեմայով վերջերս հասարակական հարցում է անցկացրել «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւը: Զարմանալին այն է, որ թեեւ հարցմանը մասնակցել են 2000 քաղաքացիներ, բայց հարցման թվերի հանրագումարը կազմում է 2224: Ինչեւէ, սա թողնենք ընթերցողի մեկնաբանությանը եւ անցնենք բուն տվյալներին: Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին ընդամենը մեկ հարցի` «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում»: 512 քաղաքացիներ նշել են Բակո Սահակյանի անունը (ի դեպ, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հենց այդ թեկնածուին է աջակցելու ընտրություններում), 338-ը նշել են ԼՂՀ ԱԺ նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի անունը, 331-ը` ԼՂՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, 284-ը` ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի, 236-ը` ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի անդամ, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանի, 233-ը`«ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի, 152-ը` ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ 138-ը` ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի անունը:

Իսկ Ղարաբաղի սահմաններից դուրս ԼՂՀ նախագահական ընտրությունները շարունակում են մնալ քննարկումների եւ մեկնաբանությունների առարկա: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Սան Մարինոյի ԱԳՆ ղեկավար Ֆիորենցո Ստոլֆին հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում առաջիկա ընտրությունները չեն կարող բարենպաստ պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման համար, քանի որ կանխորոշում են տարածաշրջանի կարգավիճակը»: Ստոլֆիի հայտարարությունն այսպես է մեկնաբանել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը. «Հայտարարությունը հերթական անգամ ցուցադրում է եվրոպացի պաշտոնյաների թույլ իմացությունը ղարաբաղյան հակամարտության էության եւ պատմության վերաբերյալ: Տվյալ բացը եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչները փորձում են լրացնել կարծրատիպային պատասխաններով, ինչին, մասնավորապես, դիմել է նաեւ Սան Մարինոյի արտաքին գործերի նախարար Ֆիորենցո Ստոլֆին: Սակայն վերջին ժամանակներս, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հիմնախնդրի եւ, մասնավորապես, ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման նկատմամբ միջազգային կառույցներում արմատավորված նման կաղապարային դիրքորոշումն անարդյունավետ է եւ վտանգավոր: Եվրոպացի չինովնիկների հարմարվողականությունը ադրբեջանական կողմի քմահաճույքներին կարելի է ընկալել որպես Լեռնային Ղարաբաղն անցյալին վերադարձնելու փորձ: Այդ առթիվ կցանկանայի պրն Ֆիորենցո Ստոլֆիին հիշեցնել, որ ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման իրավունքից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»:

Նախարարի կարծիքով, ժողովրդավարության պայմաններում ընտրությունները առանցքային ինստիտուտի դեր են կատարում ժողովրդի քաղաքական կամքի արտահայտման համար: Եվ 2007թ. ամռանը նախատեսված ԼՂՀ նախագահի ընտրություններն այդ առումով բացառություն չեն: «Դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա եւ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, քանի որ ընտրությունների հիմնական գործառույթը ժողովրդավարական ուղիով իշխանության ձեւավորումն է: ԼՂՀ կարգավիճակը որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով` միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը համապատասխան:

Հարկ է նաեւ նշել, որ մենք բազմիցս եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներին հրավիրել ենք ԼՂ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ ԼՂ նկատմամբ ձեւավորված կարծրատիպերը հնարավորինս հաղթահարելու համար»,- ասել է նախարարը: