«Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից դժգոհ են երկու կողմերն էլ: Հայաստանը հուսալքված է. չկան ֆինանսական հոսքեր, չկան աշխատատեղեր, չկա արտադրական ակտիվություն: Ռուսաստանն էլ ոգեւորված չէ եւ դժգոհում է, որ մատակարարված գազի դիմաց չստացած մաքուր փողի փոխարեն՝ ավելի էժան ապրանք է ստացել: Այստեղ բացառություն են կազմում էներգետիկ միավորները, որոնք այդ պահին աշխատող էին եւ աշխատում էին եկամուտով:
Սա՝ արդեն տարիներ հետո, սակայն գործարքի պահին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին այսպիսով իր յուրահատուկ քաղաքական սիրո ու նվիրվածության խոստովանությունն էր անում: Բոլոր դեպքերում՝ եղածն արդեն եղած է, եւ այս տարի Հայաստանում ռուսական կապիտալը, ներդրումների առումով, առաջին հորիզոնականում է: Գուցե եւ շատ ավելի լավ լիներ, որ այն, ինչ ասում են, իրականություն լիներ, քանի որ, ինչպես ասում են` փողը հոտ չունի, եւ էական չէ, թե ով է ներդրողը, էականը փողի առկայությունն է: ՀՀ-ում Եվրամիության Առեւտրային պալատի տնօրեն Հովհաննես Իգիթյանի դիտարկումներով՝ Հայաստանում ուղղակի ներդրումների առումով առաջին տեղում է Գերմանիան` 47.8 մլն դոլար, որն այստեղ զբաղվում է մոլիբդենի արդյունահանմամբ: Ուղղակի ներդրումների առումով՝ ռուսական կապիտալը կազմում է 28.7մլն դոլար` հայտարարված 87.5-ի փոխարեն: Այս գումարը ուռճացվել է «Գույք՝ պարտքի դիմաց», «ԱրմենՏել»-«ՎիմպելԿոմ» գործարքների հաշվին, որոնք շատ հեռու են ուղղակի ներդրումներ կոչվելուց: Հունական եւ ռուսական ընկերությունների միջեւ կատարված այս առուծախից շատ դժվար է հաշվարկել, թե որքան է եղել այստեղից Հայաստանի մասնաբաժինը: Հայ-ռուսական հաջողված գործարք կարելի է համարել «Արմենալի» նախադեպը, երբ գույքի սեփականատեր պետությունն իր ունեցվածքը սեփականաշնորհել է միջազգային շուկաներում ընդունված գործընթացներին համապատասխան: Այն է՝ վաճառել է ռուսական մասնավոր մի ընկերության: «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Ռուսաստանն իր պետական բյուջեից Հայաստանում ներդրումներ չի անելու: Եթե Հայաստանը պետականորեն չի կարողանում կառավարել իր գույքը եւ այն հանձնում է մեկ այլ պետության, որն աշխարհում տեխնոլոգիաների առումով առաջատարներից չէ, ապա նա էլ իր հերթին հայկական գործարաններն աշխատեցնելու համար պետք է գտնի մասնավոր շահագործողներ: Հ. Իգիթյանը նշում է, որ կուտակած պարտքի դիմաց Հայաստանի կառավարության համար դժվար չէր նշյալ գույքը վաճառել միջազգային աճուրդով եւ ստացված գումարով մարել Ռուսաստանին ունեցած իր արտաքին պարտքը:
ԵՄ Առեւտրային պալատը հայրենի կառավարության հետ մի շարք գրագրության դեպքեր ունի, երբ ներդրողները խճճվում են տեղական օրենք-խոչընդոտների ոստայնում: Ռուսական կապիտալն էլ այստեղ բացառություն չի կազմում, խնդիրը միահավասար է բոլորի համար: ԵՄ երկրներից վերցրած հարկային քաղաքականությունը տեղայնացվել է Հայաստանում եւ սրբագրվում է հայկական ձեւով: Օրումեջ փոփոխվող օրենքներն ազդում են օտարազգի ներդրողների նուրբ ջղերի վրա եւ, առողջությունը վերջնականապես չկորցնելու համար, վերջիններս սկսել են «հարմարվել» երկրի պայմաններին: Մեր զրուցակցի գնահատականով, շատ սխալ ավանդույթ է ձեւավորվել, որն էլ գնալով մեծացնում է տնտեսական հատվածում ստվերի ծավալները: «ԵՄ-ի մասին խոսելիս պետք է հիշել, որ նրանց հարկային համակարգի շնորհիվ են ՀՆԱ-ում զգալի տոկոս կազմում բյուջեի մուտքերը: Բացի այդ, բյուջեի մուտքերում ուղղակի հարկերի մասնաբաժինը գերակշռում է անուղղակի հարկերին: Եվրոպական օրենքները մեր իրականության մեջ ճիշտ հակառակ ձեւով են աշխատում: Պետական բյուջեի հարկերի մասնաբաժնում 47 տոկոսը բաժին է ընկնում ԱԱՀ-ին: Սա այն հարկն է, որը տալիս է անգամ ամենաաղքատ խավը: Սրանով է պայմանավորված, որ մեծ հարկատուները հիմնականում ցույց են տալիս այս հարկատեսակը: Սարսափելին այն է, որ Հայաստանում բիզնեսը մտել է ԱԺ եւ կառավարություն: Սա նշանակում է, որ հարկային մուտքերը կախված են տվյալ պաշտոնյայի հարկ վճարելու պատրաստակամությունից»,- ասում է Հ. Իգիթյանը: Լիբերալ հարկային դաշտի համբավ ունեցող Հայաստանի շուկան ներդրումների համար գրավիչ չէ անգամ սփյուռքահայերի համար: Չի կարելի ասել, թե սփյուռքը հայրենիքում ներդրումներ չի անում: Կան ներդրումներ, սակայն չեն ստանում այն արդյունքը, ինչ կարող էին ստանալ, ասենք, Չինաստանում: Այստեղ խախտվել է ներդրում-եկամուտ պարզ բանաձեւը: Հայաստանի կառավարությունը ներմուծումների համար կիրառում է նաեւ ադմինիստրատիվ խոչընդոտներ: Տրանսպորտային այլընտրանքային ճանապարհներ չունեցող Հայաստան ներմուծումների դեպքում ճանապարհածախսը, որը զգալի տոկոս է կազմում ապրանքի ինքնարժեքի մեջ, հավելվում է ապրանքի արժեքին եւ հարկվում: ԵՄ Առեւտրային պալատն առաջարկել է վերանայել հարկային նման քաղաքականությունը, սակայն դեռեւս արձագանքներ չկան: Կառավարությունը կարգավորել է սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ի վերադարձի խնդիրը, սակայն ոչ օրենքով: Հիշեցնենք, որ ԵՄ Առեւտրային պալատը ժամանակին հետամուտ էր այս խնդրի կարգավորմանը: Իգիթյանը նշում է, որ այստեղ քաշքշուկներից խուսափելու համար գործարարներն իրենց բիզնեսներից փայաբաժին են հանում պետական պաշտոնյաների համար եւ խնդիրներ ունենալու դեպքում էլ հարցը լուծում են ընկերական մեկ հեռախոսազանգով: