«Ես վերջին հայը կլինեմ, որ կլքեմ Լիբանանը»,- ասում է Հայաստանում ապրող Շահան Ունջյանը

22/04/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լիբանանահայ 48-ամյա Շահան Ունջյանը 2006թ. ամառվանից իր ընտանիքի հետ մշտապես բնակություն է հաստատել Հայաստանում: Բեյրութից հեռանալու գաղափարը նա ավելի վաղ է կայացրել, քան 2006թ. արաբաիսրայելական 33 օրվա պատերազմը, որի հետեւանքով մոտ 700 լիբանանահայեր ստիպված եղան ժամանակավոր ապաստան գտնել Հայաստանում: «Երբ ռազմական դրությունը հանդարտվեց, լիբանանահայերի մեծամասնությունը վերադարձան իրենց հաստատություններուն եւ գործերուն»,- ասում է Շահանը: Սակայն մի քանի տասնյակ ընտանիքներ այդպես էլ չլքեցին Հայաստանը: Շահանն այն սակավաթիվ լիբանանահայերից է, ով հայրենադարձվել է ու փորձում է իր սկզբունքայնությամբ եւ հանդուրժողականությամբ ադապտացվել նոր միջավայրին: Նա ասում է, որ Լիբանանում լուրեր են եղել այն մասին, թե Հայաստանի իշխանությունները վերադարձող հայերի համար որոշակի արտոնություններ են սահմանել, որը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանել: Շ. Ունջյանի դպրոցահասակ երեխաները, որոնք Բեյրութում հաճախել են հայ ավետարանական քոլեջ, որը շատ բարձր մակարդակի ուսումնական հաստատություն է, հիմա ուսումը շարունակում են Երեւանի լավագույն անգլիական թեքումով դպրոցներից մեկում: Հայաստանի բարեփոխված կրթական համակարգի մասին Շահանի երեխաներն այդքան էլ լավ կարծիքի չեն: «Աղջիկս ասում է, որ անգլերենի պարագայում այն շատ ավելի նման է նախակրթարանի: Այնտեղ՝ Բեյրութում, նրանք նաեւ մաթեմատիկա, պատմություն առարկաներն են սովորել անգլերենով: Այս փոփոխությունները երեխաներին անհանգստացրեցին, բայց հետո հարմարվեցին»,- նկատում է լիբանանահայը: Շահանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, կրթություն ստացել է Գերմանիայում, սակայն Բեյրութում «արեւմտյան ատամնաբույժը» զբաղվել է գործարարությամբ` հիմնելով ու շահագործելով թանկարժեք նվերների խանութ-սրահ, որի դռներն արդեն փակված են 7-8 ամիս: Խանութի կարողությունը եւ իր բնակարանի գույքը մինչ օրս բարձր մաքսատուրքերի պատճառով լիբանանահայ գործարարին չի հաջողվել տեղափոխել Հայաստան: Հայաստանում նույնիսկ սեփական բիզնես հիմնելու համար խոչընդոտներն ու դժվարությունները շատ են ու հիասթափեցնող: Շահանի կարծիքով՝ այդ դժվարությունները պետական մարմիններում առկա բյուրոկրատիզմի հետեւանք են: «Հայաստանում ամեն ինչ շատ դանդաղ ձեւով է առաջ գնում, այսօր ամբողջ աշխարհը կոմպյուտերիզացված է, իսկ այստեղ թղթաբանությունը երկարաձգվում է. մեկը հաց ուտելու գացած է, մյուսը, թե` երկուշաբթի է, գործի եկած չէ»,- ասում է Շահանը: Բյուրոկրատական քաշքշուկներն առավել հիասթափեցնող են Եվրոպայից եկած հայերի համար, որոնք վարժված են ճշտապահությանը եւ օրենքներով աշխատելուն: Արդյունքում, մարդիկ հրաժարվում են Հայաստանում լուրջ ներդրումներ անել: «Եթե դրամս այստեղ պիտի դնեմ ու խայտառակ լինեմ, ուրեմն չհելնե՞մ երթամ ուրիշ տեղ, մի ուրիշ տեղ դրամս աշխատացնեմ»,- նկատում է զրուցակիցս, ով կարծում է, որ սփյուռքահայ գործարարների ու ներդրողների համար պետք է հրապուրիչ պայմաններ ստեղծել ու արտոնություններ ընձեռել, որովհետեւ տարիներ շարունակ խնայողությունների հաշվին որոշակի դրամ կուտակած գործարարի համար որեւէ սխալ քայլը կարող է ճակատագրական լինել:

Լիբանանում մնացել է 40 հազար հայ

Արտասահմանում բնակվող ցանկացած ազգային փոքրամասնություն ձգտում է իր ինքնությունը պահպանել ու հավատարիմ մնալ իր ազգային ակունքներին: Այս սկզբունքով է առաջնորդվել նաեւ Շահան Ունջյանը: Նա կարծում է, որ օտար հողում ապրած մարդն ընդգծված հայրենասեր է: Փոխարենը նկատել է, որ տեղի հայերի հավակնություններն օտարամոլ են: Նրան նաեւ շատ քննադատել են, թե ինչո՞ւ է մեկնում Հայաստան, որովհետեւ 800 հազար հայեր արդեն լքել են Հայաստանը: Շահանն ասում է, որ երիտասարդ տարիքում ինքը հայտարարել է, թե` «ես վերջին հայը կլինեմ, որ Լիբանանից դուրս կգամ»: Ընտանիք կազմելուց եւ զավակներ ունենալուց հետո է միայն նա վճռական տրամադրվել` բռնել Հայաստանի ճամփան: «Միջին Արեւելքը միշտ հրաբուխային վիճակում է, յուրաքանչյուր 15 տարին մեկ այնտեղ պատերազմ է վերսկսվում»: Շահանի նախնիները Ադանայի ջարդից հետո Արեւմտյան Հայաստանից Սիրիայով գաղթել են Բեքքայի շրջանի Զահլե գյուղաքաղաք, հետո` տեղափոխվել մայրաքաղաք:

Լիբանանի հայ համայնքը սփյուռքի ամենահզոր համայնքներից է եղել` իր 170-180 հազար հայերով, իսկ այսօր այնտեղ մոտավոր հաշվարկներով ապրում է 40 հազար հայ: Լիբանանահայերը գաղթել են ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա: Իսկ Հայաստան գաղթածները քիչ են. նրանք այստեղ բախվում են տարբեր մտածելակերպի, կենցաղավարության տեր իրենց հայրենակիցների հետ: Օրինակ, լիբանանահայերը, որոնք Միջին Արեւելքի մշակույթի կրողներն են, իրենց հայրենիքում «առճակատվում» են 70 տարի խորհրդային հասարակարգի ազդեցությամդ դաստիարակված մարդու հետ: Ինչպես Շահանն է ասում, «պետք է ակռա սեղմել, տոկալ, ու ինչ-որ բանի հասնել»: «Թաղուն մեջ խաղացող պզտիկներին մի քանի անգամ ասել են՝ գնացեք ձեր Լիբանան, կարծես թե իրենց ուսին ենք նստած կամ իրենց հաշվին ենք ապրում»,- հանգիստ տոնով պատմում է լիբանանահայ գործարարը, ով կարծում է, որ եկվորների նկատմամբ խտրական վերաբերմունքի արժանանալը տվյալ ազգի լեզվի տիրապետելու պատճառով է: «Մեր խոսակցականում գերիշխում են արաբական ու թուրքական բառերը, այստեղի հայերուն մոտ` ռուսական բառերը»: