ՀՀԿ-ՕԵԿ միջեւ ընթացող հրապարակային դատափետումներին նորմալ է վերաբերվում թե՛ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թե՛ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ավելին, նրանք երկուսն էլ դա համարում են աշխատանքային «նորմալ» գործընթաց: «Իմ կարծիքով, նորմալ աշխատանքային հարաբերություններ են, եւ եթե ինչ-որ հարցեր են առաջանում, ապա մենք մեր մեջ կփորձենք այդ հարցերը լուծել, ոչ թե հասարակական լայն քննարկումների առարկա դարձնել այն,- երեկ ԱԺ-ում հայտարարեց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով։ -Գործադիրն իմը չի՛, Հանրապետականինը չի՛. կոալիցիայինն է: Ըստ իս, գործադիր ասվածը հավասարաչափ վերաբերում է բոլորին: Եվ եթե ինքնաքննադատաբար են մոտեցել այդ հարցին, ինքս ողջունում եմ այդ մոտեցումները»: Իսկ Արթուր Բաղդասարյանը մեր թղթակցին ասել էր, թե դրանք շատ հաճախ աշխատանքային լարված մթնոլորտից առաջացող տարակարծություններ են, որը նույնպես, իր բնորոշմամբ, «նորմալ» երեւույթ է: «Ես կողմնակից եմ, որ դրանք չլինեն, բայց պետք չէ շատ չափազանցեցնել: Տարբեր կուսակցություններ են, կարող են տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ ունենալ»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` ի պատասխան նախորդ օրն ԱԺ ամբիոնից՝ ՕԵԿ պատգամավոր Արտակ Առաքելյանի երգի հնչեցման, լրագրողներից մեկին ասել էր, թե իրենք «երգով կամ պարով» չեն արձագանքելու դրան, քանի որ իրենք միայն «երգացնող ու պարացնող են»: Արթուր Բաղդասարյանն այս մասին ասաց. «Լավ կլինի, որ նման դրսեւորումներ չլինեն, բայց մենք ունենք այն, ինչ ունենք»: