Ղարաբաղում շարունակվում են ամռանը նախատեսվող նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու նպատակով քաղաքական ուժերի միջեւ հիմնական սկզբունքների համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցությունները հիմնականում ընթանում են խորհրդարանում ընդգրկված 4՝ «Արցախի ժողովրդավարական», «Ազատ Հայրենիք», ՀՅԴ եւ «Շարժում 88» կուսակցությունների միջեւ:
Առայժմ ոչ մի քաղաքական ուժ իր վերջնական դիրքորոշումը չի արտահայտել, բացի «Ազատ Հայրենիք» կուսակցությունից, որը խորհրդարանում թվով երկրորդ մեծաքանակ խմբակցությունն ունի: Կուսակցության անդամները հայտարարել են, թե իրենք սատարելու են ԼՂՀ Ազգային անվտանգության ղեկավար Բակո Սահակյանին: Մյուս ուժերը հավաստիացնում են, որ բանակցությունները դեռ շարունակվում են, եւ «ավարտվում է միայն սկզբունքների համաձայնեցման փուլը, իսկ թեկնածուների հարցը կքննարկվի երկրորդ փուլում»: Իսկ թե երկրորդ փուլում հնարավոր ո՞ր թեկնածուների հարցը կքննարկվի` այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնում:
Առայժմ իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտնել են միայն Բակո Սահակյանը եւ Մասիս Մայիլյանը: Բակո Սահակյանի թեկնածության առաջադրման նախաձեռնող խումբն արդեն իսկ ստեղծվում է, եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվում, սակայն, ինչպես մեզ հայտնել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, ԿԸՀ-ն նախաձեռնող խումբ գրանցելու համար դեռ ոչ մի դիմում չի ստացել:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուների առաջադրումը նախատեսված է ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 5-ը: Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը նախատեսված է մայիսի 30-ից մինչեւ հունիսի 9-ը, իսկ հունիսի 10-ից կմեկնարկի նախընտրական քարոզչությունը, որը կտեւի մինչեւ հուլիսի 17-ը:
Իսկ մինչ այդ՝ ապրիլի վերջին, Ս.Նասիբյանի կարծիքով, ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ, թերեւս, կընդունվեն նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 4-ի նիստում, որից հետո հեղինակը ստացել է ընդամենը մեկ գրավոր առաջարկություն: Տեղեկացնենք, որ փոփոխությունների մեջ է մտնում նաեւ քվեաթերթիկից «բոլորին դեմ եմ» տողի հանումը:
ԿԸՀ-ում սկսված է նաեւ լրագրողների եւ դիտորդների հավատարմագրման գործընթացը: