Իրար հակասող ուղերձներ

20/04/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Միջազգային դիտորդներն առայժմ գոհ են նախընտրական իրավիճակից։ Նրանք հայտարարում են, որ իրենց ոչ թե ընտրությունների արդյունքներն են հետաքրքրում, այլ ընթացքը, եւ իրենց գոհունակությունն են հայտնում, որ ընդդիմությունը լավ է ներկայացված հեռուստաեթերում։ Իսկապես, միջազգային դիտորդները գոհ ու երջանիկ լինելու բոլոր հիմքերն ունեն։ Եթե չհաշվենք կուսակցական գրասենյակների մի քանի պայթյուններն ու մանր-մունր ծեծկռտուքները, հանրապետությունում շատ բարի մթնոլորտ է։ 24 կուսակցություններ օրը երկուական րոպե պատմում են, թե ինչպես են երջանկացնելու հայ ժողովրդին, եւ շարքային քաղաքացին հնարավորություն ունի ինքը որոշելու, թե որի ստին է հավատում։

Բայց այսօրվա մեր թեման քարոզչությունը չէ։ Մեկն առաջարկում է վերացնել հարկերն ու մաքսատուրքերը, մյուսը խոստանում է վերականգնել Խորհրդային Միությունը, երրորդը խոստանում է նոր քաղաքներ կառուցելգ Աստված իրենց հետ։ Խնդիրն այն է, որ այս անգամ իշխանությունները կարծես թե գտել են «օրենքի շրջանակներում» վերարտադրվելու ձեւը։ Դրա համար ի՞նչ էր պետք։ Առաջին՝ որ ընդդիմությունը չմիավորվի։ Ընդդիմությունը չմիավորվեց, եւ իշխանափոխության վտանգը, որպես այդպիսին, վերացված է։ Երկրորդ՝ այնպես անել, որ կուսակցությունների քարոզչությունը ձեւականորեն ընթանա օրենքի շրջանակներում, բայց լինի բացառապես ոչ էֆեկտիվ։ Դա նույնպես հաջողվեց։ «Մեռնեմ օրենքին», 24 ուժերին հավասար հնարավորություններ են տրված, իսկ որ երկու րոպեում կապակցված միտք արտահայտելը դժվար է՝ դա արդեն իշխանությունների պրոբլեմը չէ։ Այնպես որ, իշխանություններին շատ բան չի մնում անել։ Պետք է պարզապես այնպես անել, որ ընտրությունների օրը տեղամասերում իրար շատ չծեծեն, եւ վերջ։ Այդ դեպքում միջազգային դիտորդները ստիպված կլինեն հայտարարել, որ ընտրությունները, չնայած բազմաթիվ թերություններին, այնուամենայնիվ, նախորդների համեմատ մի քայլ առաջ են։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ իշխանություններին հաջողվեց խաբել միջազգային կազմակերպություններին։ Իհարկե ոչ։ Նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Բայց առանձնապես մեծ աղմուկ չեն բարձրացնի, եթե ընտրությունների հաջորդ օրը պարզվի, որ 80 տոկոսով իշխանություններից դժգոհ ժողովուրդն «իր ձայնը տվել է» այդ նույն իշխանություններին։ Աղմուկ չեն բարձրացնի ոչ թե այն պատճառով, որ զուտ ձեւականորեն ամեն ինչ նորմալ է ընթացել, այլ՝ որովհետեւ Վարդան Օսկանյանն արդեն արտասանել է առանցքային նախադասությունը։ Հայտարարել է, թե կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ Ընդ որում, նաեւ պարզաբանել է, որ ներկայացված առաջարկները կողմերից յուրաքանչյուրին ինչ-որ բան տալիս են եւ մերժում են մաքսիմալիստական պահանջները։ Նկատենք, որ «կողմերը երբեք այսքան մոտ չեն եղելգ» ֆրազն ինքնին հեռու է ճշմարտությունից, որովհետեւ ով՝ ով, բայց պրն Օսկանյանը լավ գիտի, որ 1997-ին միջնորդները պաշտոնական առաջարկ են ներկայացրել, որն ընդունել են եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի իշխանությունները։ Բայց սա արդեն էական չէ։ Հայտը ներկայացված է, եւ կարելի է չկասկածել, որ «մեսիջը» տեղ կհասնի։

Միայն մի հարց. այսօր քննարկվող տարբերակը կոնկրետ ո՞ւմ «մաքսիմալիստական պահանջներն» է մերժում։ Խոսքը հայկական քաղաքական կոնկրետ ո՞ր ուժի «մաքսիմալիստական պահանջների» մասին է։ Բանն այն է, որ ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ՀՀԿ-ն առանձնապես որեւէ բան զիջելու մտադրություն չունեն եւ գտնում են, որ մեր նպատակը հզոր պետություն կառուցելն է՝ այսօրվա ստատուս-քվոյի «շրջանակներում» (եթե սխալվում եմ, այդ կուսակցությունների ներկայացուցիչները թող ուղղեն)։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի կարգավիճակում մի անգամ ակնարկել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, բայց ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, առանձնապես մեծ խանդավառություն չի ցուցաբերել այդ հարցում։ Իսկ առաջիկա ընտրությունները, եթե չեմ սխալվում, ոչ թե անձանց, այլ կուսակցությունների միջեւ են լինելու։

Հայտնի ճշմարտություն է՝ մարդիկ երբեք այնքան շատ չեն ստում, որքան որսից հետո եւ ընտրություններից առաջ։ Նախընտրական քարոզչությունն, ինքնին հասկանալի է, իր հիմնական մասով հենց գայթակղիչ ստերի շարան է։ Բայց ակնհայտ է նաեւ, որ Վարդան Օսկանյանի վերոհիշյալ հայտարարությունն ըստ էության նույնպես նախընտրական քարոզչության մաս է։ Հասկանալի է՝ ուղղված միջազգային կառույցներին։ Արդյունքում ստացվում է, որ երկու տարբեր նախընտրական «մեսիջներ» են ուղարկվում. մեկը՝ միջազգային հանրությանը, մյուսը՝ մեր ժողովրդին։ Ըստ առաջինի՝ «մենք շատ մոտ ենք ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորմանը, երբեք այսքան մոտ չենք եղել, բայց դրա համար իշխանության ժառանգականությունը պիտի ապահովվի»։ Ըստ երկրորդի՝ «մենք շարունակելու ենք զարգանալ այս պայմաններում, ոչ մի զիջո՛ւմ»։ Հիմա հարց է ծագում՝ այս երկու ուղերձներից ո՞րն է ճիշտ։

Մեր կարծիքով, երկուսն էլ ճիշտ չեն։ Մի կողմից՝ մենք մոտ չենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, եւ իշխանություններն, իհարկե, ոչ մի համաձայնագիր էլ չեն ստորագրելու, մյուս կողմից՝ հնարավոր չէ զարգանալ այս պայմաններում, եւ իշխանություններն իրենք դա շատ լավ հասկանում են։

Այնպես որ, երկու դեպքում էլ այս ամենն ընդամենը քարոզչություն է։