Հողը՝ հայկական, տրակտորը՝ չինական

10/05/2005 Մուշեղ ՀԱՍՐԱԹՅԱՆ

1990-ից առ այսօր գյուղացիական տնտեսությունները հողը մշակում են խորհրդային արտադրության՝ «Բելառուս», «ՅաՄԶ», «ՉՏԶ», «Կիրովեց» մակնիշի տրակտորներով, որոնց ֆիզիկական մաշվածությունը հասել է իր վերջնակետին:

Գյուղնախարարությունը մի քանի տարի առաջ որոշեց զբաղվել այս խնդրով՝ պետության միջոցներով ներկրել գյուղատնտեսական տեխնիկա, հատկացնել մարզպետարաններին, որոնք էլ պետք է կազմակերպեին տեխնիկայի վաճառքը գյուղացիական տնտեսություններին: Հարցը փորձեցին լուծել ամենաբարձր մակարդակով: Նախագահ Ռ. Քոչարյանը Բելառուս կատարած պաշտոնական այցի շրջանակներում նույնիսկ այցելեց տրակտորաշինական գործարան: Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում մեր կառավարությունը պետք է օժանդակեր որեւէ մասնավոր ընկերության, որը ցանկություն կհայտներ Հայաստան ներկրել այդ տեխնիկան: Սակայն հարցի լուծումը մնաց օդում կախված, որեւէ ընկերության պետությունն այդպես էլ չօժանդակեց: Պարզվեց նաեւ, որ հայ գյուղացին իրականում առանց օժանդակության ի վիճակի չէ ձեռք բերել այդ տեխնիկան՝ այն բավական թանկ էր. մոտ 6000 ԱՄՆ դոլար: Այդ ծրագիրը փաստորեն ձախողվեց եւ կրկին գյուղացիական տնտեսությունները մնացին հին, մաշված տեխնիկայի հույսին: Երկրորդ անգամ գյուղնախարարությունը փորձեց հարցը լուծել Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհի միջոցներով՝ Հայաստան ներկրվեցին «Բիզոն» մակնիշի հատիկահավաք կոմբայններ եւ փոքրալիտրաժ «Նյուհոլանդ» անվավոր տրակտորներ, սակայն դրանց քանակ քիչ էր, եւ հնարավոր չէր բավարարել շուկայի պահանջարկը: Կոմբայնները հատկացվեցին խոշոր տնտեսություններին՝ արժեքը 5 տարում մարելու պայմանով: Նշենք, որ մեկ կոմբայնն արժեր 80.000, իսկ անվավոր տրակտորը՝ 3800 ԱՄՆ դոլար: Հավելենք նաեւ, որ ճապոնական դրամաշնորհով գնված գյուղտեխնիկայից գյուղացիները գոհ մնացին՝ այն հուսալի է եւ որակյալ:

Դրանից հետո պաշտոնյաները հայացքները հառեցին դեպի Չինաստան, որտեղ արտադրվող գյուղտեխնիկան համեմատաբար ավելի էժան է: Ձեռք բերված միջկառավարական պայմանավորվածության շրջանակներում Վանաձորում հիմնվեց հայ-չինական համատեղ ձեռնարկություն, որի նպատակը տրակտորների արտադրությունն է: Չինական տրակտորների վաճառքն իրականացվում է Հայգյուղփոխբանկի լիզինգային ծրագրով: Այս ծրագրի էությունն այն է, որ գյուղացին նախապես վճարելով 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կարող է ձեռք բերել նշված տեխնիկան, իսկ արժեքի մնացած մասը մարել 3 տարվա ընթացքում՝ ամսական վճարելով 62 ԱՄՆ դոլար: Էժա՞ն է արդյոք այս տրակտորը, թե՞ ոչ: Հարցին պատասխանելու համար այս տեխնիկան հարկ է համեմատել «Բելառուսի» կամ խորհրդային արտադրության որեւէ այլ տրակտորի հետ: Որքան էլ փորձեցինք չինական տեխնիկայի որեւէ առավելություն գտնել, չկարողացանք: Նախ, չինական տրակտորը ծածկ չունի, այն վարող տրակտորիստի համար նախատեսված է ընդամենը նստատեղ: Մեր երկրի կլիմայական պայմաններում շատ դժվար է առանց ծածկի տրակտոր վարել` ինչպես Արարատյան դաշտավայրի բարկ արեւի տակ, այնպես էլ նախալեռնային եւ լեռնային գոտիներում, որտեղ գյուղացին սեզոնի մեծ մասը հարկադրված է աշխատել քամու, անձրեւի կամ էլ լեռնային այրող արեւի տակ: Երկրորդ, չինական տրակտորն իր հզորությամբ մի քանի անգամ զիջում է խորհրդային արտադրության համարժեք տեխնիկային, բնականաբար մի քանի անգամ էլ ցածր է նրա արտադրողականությունը: Բացի այդ, այս տեխնիկան վտանգավոր է շահագործել թեքլանջային վարելահողերում, իսկ մեր ունեցած հողահանդակների 60%-ից ավելին ունեն 10% եւ ավելի թեքություն, որտեղ տեխնիկայի շրջվելու հավանականությունը շատ մեծ է: Նման դժբախտ պատահարի մեկ անգամ արդեն ականատես ենք եղել Սյունիքի մարզի Շաղաթ գյուղում, որտեղ այդ տրակտորը շրջվել էր, եւ անպաշտպան տրակտորիստին մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Ավելացնենք նաեւ, որ ցանկացած տրակտոր պիտանի չէ շահագործման առանց համապատասխան կցորդի՝ գութանի, շարքացանի, մամլիչի եւ այլն: «ՉինՎան» համատեղ ձեռնարկության արտադրած գութանները պիտանի են փոքր հողատարածությունները վարելու համար, բայց, ըստ մասնագետների, ի վիճակի չեն ապահովել վարի նորմատիվային խորությունը: Մամլիչներ այս ձեռնարկությունը չի արտադրում, իսկ չինական տրակտորի հզորությունը բավարար չէ խորհրդային արտադրության խոտի մամլիչը նորմալ շահագործելու համար: Փաստորեն, ստացվում է, որ իր տնտեսության գործունեությունը լիարժեք կազմակերպելու համար չինական տրակտոր ունենալը շատ քիչ է, որովհետեւ այն կարող է միայն օգնել գործին, սակայն ոչ մի դեպքում չի կարող փոխարինել խորհրդային տրակտորներին:

Սեփական հզոր գյուղտեխնիկա գնելու համար գյուղացուն մնում է ապավինել վարկերին: Այսօր գյուղացիական տնտեսություններին հատկացվող վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը 16% է, առավելագույն ժամկետը՝ 1 տարի: Տեղյակ լինելով գյուղում տիրող իրավիճակին, կարող ենք ասել, որ նման պայմաններով վարկով տեխնիկա կարող են ձեռք բերել միայն խոշոր տնտեսությունները, որոնց մասնաբաժինն ընդհանուրի 10%-ն էլ չի կազմում: Իսկ անհատական տնտեսություններն ուղղակի ի վիճակի չեն 1 տարվա ընթացքում հետ վճարել, ասենք, 6000 ԱՄՆ դոլարի կարգի գումար: Որպեսզի գյուղացին կարողանա մարել թեկուզ 1000 ԱՄՆ դոլարի չափով վարկը, այն պետք է տրամադրվի նվազագույնը 3 տարով: Հայաստանի բանկային համակարգը նման ժամկետով վարկեր գյուղացիական տնտեսություններին չի տրամադրում: